Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ զարմացել էին, ասում էին՝ ի՞նչ, ուրեմն դու վարչապետի համար նվե՞ր ես առնում». Օքսֆորդում սովորած հայ ուսանողը պատմում է, թե ինչպես է հասել իր երազանքին

Օգոստոս 30,2019 13:52

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մասնակցությամբ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունն էր: Կրթաթոշակը հատկացվել է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից:

Անդրանիկ Իսրայելյանն արդեն օգտվել է այդ հնարավորությունից եւ ուսանել է Օքսֆորդում: Նա պատմեց, որ 8 երկար ու ձիգ տարիներ է պայքարել իր երազանքին հասնելու՝ Օքսֆորդ գնալու համար. «Հետադարձ հայացքով որ նայում եմ, զարմանում եմ՝ ո՞նց կարելի էր այդքան համառ լինել մի նպատակի հասնելու համար: Ես 2018-ին հնարավորություն ունեցա Օքսֆորդում սովորել՝ նաեւ «Իմ քայլը» հիմնադրամի շնորհիվ, իմ ամբողջ մնալու վարձը, կարելի է ասել, տրամադրեց հիմնադրամը:  Իմ հետ սովորող շատ ու շատ ուսանողներ տարբեր երկրներից զարմանքով էին դրան նայում, որովհետեւ շատ քչերը կային, ում կրթաթոշակը իշխանություններն էին տալիս: Շատերը սովորում էին իրենց ընտանիքի բյուջեի հաշվին, շատերը՝ կրթական հիմնադրամների: Շատերն ինձ հարցնում էին՝ դու իսկապե՞ս անձամբ ծանոթ ես երկրի վարչապետի կնոջը, որովհետեւ դա իրենց համար շատ անհասանելի է: Այդտեղ ես գիտակցեցի շատ կարեւոր մի բան՝ Հայաստանը դրական առումով մի փոքր ընտանիք է»:

Անդրանիկը մի միջադեպ էլ պատմեց՝ վարչապետի հետ կապված. «Գրախանութներով ման գալիս, մի հետաքրքիր գիրք հանդիպեցի՝ «How to build a more equal and just society» ու ես մտածեցի, որ դա վարչապետի համար շատ լավ նվեր կլինի: Ու նորից մարդիկ զարմացել էին, ասում էին՝ ի՞նչ, ուրեմն դու վարչապետի համար նվե՞ր ես առնում: Ու ես ասում էի, որ ի վերջո՝ դա բոլորիս խնդիրն է, կա՛մ բոլորս կկառուցենք ավելի լավ հասարակություն, կա՛մ բոլորս կդառնանք ավելի վատ հասարակության ավելի վատ անդամներ»:

Անդրանիկ Իսրայելյանն ասաց, որ դրսում սովորելիս հասկանում ես, որ Հայաստանը շատ առումներով ավելի լավն է, շատ անտուն մարդիկ քո երկրում չկան, այլ երկրներում զանգվածային հարբեցողության, թմրամոլության երեւույթներ կան, մեր երկրում չկա:

Իսրայելյանը նաեւ ասաց, որ ինչ եկել է Հայաստան, իրեն գնահատված է զգում, որովհետեւ շատ տեղերից աշխատանքի առաջարկներ է ստացել՝ լավ պայմաններով. «Գնալուց առաջ դու նույնիսկ չէիր մտածի այդ մասին»: Նա ասաց, որ պետությանն է ծառայելու ու աշխատելու է այդ համակարգում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031