Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով 54 ուսանող աշխարհի 8 լավագույն կրթական կենտրոններում է սովորելու՝ պայմանով, որ հետ պիտի գան Հայաստան

Օգոստոս 30,2019 13:26

Այսօր վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մասնակցությամբ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունն էր: Կրթաթոշակը հատկացվել է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից:

90 դիմումներից ընտրվել է 54-ը: «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ուրախությամբ նշեց, որ ուսանողների սեռերի միջեւ բացարձակ հավասարություն է՝ 27 տղա, նույնքան աղջիկ: Նրանք հնարավորություն են ունենում 8 երկրների լավագույն համալսարաններում կրթություն ստանալ՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ, Սինգապուր, Շվեյցարիա, Ավստրալիա եւ այլն: 23 հոգի բակալավրում են ուսուցանելու, 30-ը ՝ մագիստրատուրայում եւ կա մեկ ասպիրանտ:

Պայմաններից մեկը Հայաստան վերադառնալը եւ առնվազն 3 տարի մեր երկրում աշխատելն է: Եթե խախտեն պայմանը, նրանք պարտավորվել են վերադարձնել իրենց կրթության համար ներդրված ֆինանսները՝ տոկոսներով:

Կրթաթոշակների քանակը կրկնապատկվել է, 27 ունեին անցյալ տարի, այս տարի՝ 54 է: Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ «Անցած տարի 517 հազար դոլարի կրթաթոշակ ենք տրամադրել, այս տարի այդ թիվը կանցնի 1 մլն-ը, ամենայն հավանականությամբ»:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետությունը որոշակի միջոցներ հատկացնում է արտասահմանում սովորելու համար, բայց նախորդ տարիներին դա բավարար չի եղել. «Տնտեսական զարգացման այս փուլում մենք կարող ենք քննարկել նման միջոցներն ավելացնելու հնարավորությունը»:

Նախարարն ասաց, որ այն բուհերը, որտեղ պիտի ուսանեն մեր երիտասարդները, լավ բուհեր են, կան կրթական լուրջ ավանդույթներ այդ երկրներում. «Շատ կուզեմ, որ դուք դառնաք նոր գիտելիքի, նորարարության ներկրողը Հայաստանում: Իհարկե, մենք հիմա ցանկանում ենք, որ տնտեսության մեջ արտահանումն ավելի շատ լինի, քան ներկրումը, բայց գիտելիք անհրաժեշտ է անընդհատ ներկրել ու ներկրել, առաջիկա տասնամյակներին մենք դրա կարիքը շատ ենք ունենալու: Իհարկե, հիմա, որոշ կրթական բրենդներ արդեն սկսել ենք արտահանել ու միայն գիտելիք ներմուծող երկրից դառնում ենք գիտելիքն արտահանող երկիր, կարծում եմ, ձեր կարողությունները կօգնեն մեզ հետագա տարիներին գիտելիքի արտահանման ճանապարհին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031