Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրե Սիմոնյան. «Բայց ի՞նչ փաստարկներ կան, որ հանքն այդ աստիճան վնասելու է բնությանը». «Ժողովուրդ»

Օգոստոս 30,2019 13:12

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռոք երգիչ եւ երաժիշտ Անդրե Սիմոնյանի հետ։

–Անդրե, տեղյակ ենք, որ, առհասարակ, դեմ եք Հայաստանում որեւէ հանքի շահագործմանը։ Ամուլսարի դեպքում, սակայն, Ձեր տեսակետը միանշանակ չէ։ Ինչո՞ւ։

–Այո, դա իմ դիրքորոշումն է. չէի ուզի, որ Հայաստանում հանքեր լինեին։ Կարծում եմ՝ տնտեսական աճ գրանցելու համար կարելի էր զարկ տալ, օրինակ, ՏՏ, զբոսաշրջության ոլորտների զարգացմանը, բայց Ամուլսարի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։

Նախ՝ եկեք հիշենք, որ հանքի շահագործումը եղել է նախորդ իշխանության նախաձեռնությունը եւ այդ խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարզապես ժառանգել է նախորդներից։

Երկրորդ՝ես վստահ եմ, որ վարչապետը մտահոգ է մեր հայրենի բնության պահպանությամբ եւ թույլ չի տա, որ առանց բնության պահպանության համոզիչ երաշխիքների հանքը շահագործվի։

Երրորդ՝ ներկայիս իշխանությունը չի ուզում վնասել Հայաստանի համբավն արտերկրում, չորրորդ՝ նպատակահարմար չի գտնում 400 միլիոն դոլարի չափ վնաս հասցնել պետբյուջեին։ Ուստի ես կողմ եմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, բայց եթե պահպանվեն բնապահպանական բոլոր նորմերը, եւ սա լինի Հայաստանի վերջին հանքը։ Իհարկե, շատ կափսոսամ, երբ Ամուլսարը դառնա հանք, բայց պետք է հաշվի նստենք այն իրավիճակի հետ, որն ունենք։

Հաշվի առնելով իմ նշած հանգամանքները՝ ժողովուրդը չպետք է քննադատի Փաշինյանին։ Եթե նա իսկապես պոպուլիզմի հետեւից ընկներ, ինչպես շատերն են կարծում, ապա հանքի շահագործումը թույլ չէր տա, կդառնար բոլորի աչքի լույսը եւ պետբյուջեից 400 միլիոն կվճարեր։ Բայց նա չի ուզում վատնել այդ գումարը եւ Հայաստանի համբավին վնաս հասցնել։

–Դուք համարում էք դա վատնո՞ւմ։ Բնապահպանները պնդում են՝ հանքի շահագործումը մեծապես վնասելու է շրջակա միջավայրը, եւ, նրանց համոզմամբ, այդ դեպքում արդեն միլիոններն էլ չեն փրկի…

–Բայց ի՞նչ փաստարկներ կան, որ հանքն այդ աստիճան վնասելու է բնությանը։ Իհարկե, չկա այնպիսի հանք, որ վնաս չհասցնի բնությանը, բայց պետք է հասկանանք՝ ինչ ենք  դնում կշեռքի նժարներին։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031