Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխությանը հաջորդած մեկ-մեկուկես տարին պատմության էջերում արձանագրվելու է որպես շղթայական բողոքների, բողոքարկումների եւ բողոքականության ժամանակաշրջան. «Ազգ»

Օգոստոս 30,2019 13:08

Իշխանափոխությանը հաջորդած մեկ-մեկուկես տարին մեր ժողովրդի պատմության էջերում արձանագրվելու է որպես շարունակական, ավելի շուտՙ շղթայական բողոքների, բողոքարկումների եւ բողոքականության ժամանակաշրջան: Դժվար չէ վերհիշելը, թե անցնող ժամանակաշրջանում, հատկապես ընթացիկ տարվա սկզբից ի վեր, ինչպիսի ցույցեր, հանրահավաքներ, քայլերթեր, ճանապարհի փակումներ, կառավարական շենքերի, հատկապես վարչապետարանի, դատախազության, դատարանների, անգամ դեսպանատների առջեւ պիկետներ, բողոքի նամակների հանձնումներ հաջորդել եւ հաջորդում են միմյանց, մեծամասամբ առանց հանգուցալուծման:

Կասկածամիտ մեր իշխանությունները եւ առաջին հերթինՙ երկրի վարչապետը կարծում է, որ այդ բոլորը ուղղորդված են նախկինների եւ առավել նախկինների կողմից: Նման կասկածները չեմ կարծում, թե հիմնավորված են կոնկրետ փաստերով: (Այլապես մեր շա՜տ աչալուրջ ԱԱԾ-ն մի բան կասեր): Փոխարենը մենք տեսնում ենք, վկաՙ մի շարք լրատվամիջոցներ, որ նախկինները ցցում-շահարկում են առկա խժդժությունները ամենայն հաճույքով: Եվ ներկա իշխանությանը, որեւէ իշխանությանը, պիտի՛ որ ծանոթ լիներ, որ ընդդիմությունը սովորաբար այդպես էլ վարվում է ամենուր: Դա չպիտի զարմացներ հատկապես ներկա իշխանությանը, որը պետական լծակներին տիրացել է նախկինների նկատմամբ դժգոհությունների խորացման, ընդվզումների բորբոքման ու շահարկման ճանապարհով:

Սա՛ է քաղաքական տրամաբանությունը, որից խուսափելն անկարելի, բայց այն մեղմացնելը, նույնիսկ վնասազերծելն ու պարփակելը, այնուամենայնիվ, հնարավոր է: Պարզապեսՙ պետք է արդյունավետ աշխատել, հանրօգուտ գործունեությամբ զբաղվել, կյանքի պայմանները բարելավել, գործազրկության ծավալները կրճատել, ներդրումներ գրավել: Նաեւ աշխատելՙ դժվարություններն ու սեփական ձախողումները չթաքցնելով, այդ մասին հանրությանը իրազեկ պահելով: Եվ ոչ թե, ինչպես ներկա իշխանություններն են սովոր անելՙ շոգենավի ամբողջ շոգին «սիգնալիզացիային», այսինքն` քարոզչությանը միացնելով, ինչպես սովետական հայտնի անեկդոտում է նկարագրվում բաց ծովում անշարժացած սովետական նավի մասին: Լոզունգներով երկիր չի ղեկավարվում, ոչ էլ վիճակագրական բարձր ցուցանիշներ շեփորելով: Պետք է քիչ խոսել եւ շատ գործել: Հաջորդական մեր բոլոր իշխանությունները, ներառյալ այս մեկը, այդպես էլ չըմբռնեցին քարոզչության եւ PR-ի միջեւ գոյություն ունեցող էական տարբերությունը, որ քարոզչությունը միայն դրականն է շեշտում, PR-ըՙ սեփական բացթողումները նաեւ, դրանք ուղղելու, շտկելու պատրաստակամությամբ: Դա՛ է մարդկանց վստահությունը շահելու, լարվածությունները մեղմացնելու լավագույն մեթոդներից մեկը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031