Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին արտագաղթ

Օգոստոս 30,2019 16:00

Կարդացի «Առավոտում» հրապարակված Գոհար Հակոբյանի «Որ դպրոցներն են «ռեկորդակիր»՝ քիչ եւ շատ թվով առաջին դասարանցիներով» հոդվածը։ Մտահոգիչ է, իհարկե, որ շատ դպրոցներում առաջին դասարանցիների համար նախատեսված տեղերը չեն լրացվում։ Բայց ինձ առավել զայրացրեց, որ Երեւանի 6 դպրոցներում ռուսական առաջին դասարան են ընդունվել 206 աշակերտներ, եւ ռուսական կրթությամբ նախատեսված տեղերը հիմնականում լրացված են։

Համոզված եմ, որ այս մի քանի օրերի ընթացքում մնացած մի քանի թափուր տեղերը նույնպես կհամալրվեն։ Եթե չեմ սխալվում, Հայաստանում օտարալեզու դպրոցներն ու դասարանները նախատեսված են միայն օտարազգիների համար։ Հարց է առաջանում, արդյոք այդ 206 –ը օտարազգիների ընտանիքների երեխանե՞ր են։ Չեմ հավատում։ Չեմ հավատում նաեւ, որ նրանցից շատերը խառնամուսնություններից են (ի դեպ, խառնամուսնությունների դեպքերում էլ, երեխան, որպես կանոն, հաճախում է օտարալեզու դպրոց. «…Դե, նրա մայրը, կամ հայրը… »)։

Ավելին, համոզված եմ, որ եթե նորից վերականգնվեին ՀԽՍՀ ժամանակի ռուսական «էլիտար» դպրոցները, էլի նրանք լեփլեցուն կլինեին, եւ էլի հայկական դպրոցները կկանգնեին փակման վտանգի առաջ: Եվ ինչո՞ւ միայն ռուսական։ Բացեք անգլիական, ֆրանսիական, գերմանական, չինական, թուրքական (վա՛յ, ներեցեք) դպրոցներ եւ էլի աշակերտների պակաս չեք զգա։ Թվում էր, թե շուրջ 30 տարիների անկախությունը փոխած կլիներ մեր օտարամոլ մտածողությունը, կվերականգներ սերն ու հոգածությունը մեր ինքնության հիմնական, գուցե եւ միակ գրավականի նկատմամբ։ Բայց՝ ոչ։ Այո, միֆ էր, թե խորհրդային կայսրությունն է ստիպում մեզ ռուսական կրթությունը: Դեռեւս նախախորհրդային, ռուսական կայսրության ժամանակ է Վահան Տերյանը գրել «Հոգեւոր Հայաստանը». «Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում, հայության շուրթերը հայերեն բառեր չեն կարող արտասանել:

Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. հնարավո՞ր է, որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա, մանավանդ լեհ ազգի ներկայացուցիչը լինելու հավակնություն ունեցող մի բուրժուա, ինտելիգենտ, իշխան՝ լեհերեն չիմանա: Ինչպե՞ս, մի Վիլեզոլսկի կամ մի Զամոյսկի չիմանա լեհերե՞ն, մի Դմովսկի կամ Պատոցկի չիմանա Լեհաստանի հեռավոր եւ մերձակա պատմությու՞նը, նրա գրականությու՞նը, չսիրի նրա նկարչությու՞նը, երաժշտությու՞նը, թատրո՞նը, այն հոգեւոր երկերը, որ կենդանություն են տալիս մարմնավոր, նյութական Լեհաստանին: Ո՛չ, այդպիսի բան չի կարող պատահել երբեք, դա անհնար է որեւէ լեհի համար: Լեհի համար չեն կարող գոյություն ունենալ արգելքներ ու խոչընդոտներ՝ իր լեզուն, իր հայրենիքը, իր հոգեւոր հայրենիքը ճանաչելու ցանկության հանդեպ: Ասում եմ այդ նրա համար, որ մեզանում շարունակ այդ երգն են երգում… Պայմաննե՜ր… Ներեցե՛ք, նույն պայմանները չեն խանգարում ահա լեհերին ու մալոռուսներին իրենց լեզուն, իրենց գրականությունը, իրենց պատմությունն ու իրենց արվեստը սիրելու եւ ճանաչելու:

Սրանից մի քանի տարի առաջ իմ ընկերներից մեկը պատմում էր, որ մի լեհ ուսանող մաթեմատիկոս քննություններին պատրաստվում էր լեհական դասագրքերով: Դա Մոսկվայում էր, Մոսկվայի համալսարանի ուսանող էր լեհը: Կասեք՝ ուրեմն կան լեհերեն դասագրքեր եւ, ըստ երեւույթին, ավելի լավ դասագրքեր (այդպես էր վկայում եւ այն լեհ ուսանողը), որ գերադասվում են ռուսականներին: Այո, բայց այդ դասագրքերն էլ ստեղծել է նույն լեհը… չնայած «պայմաններին», որոնց վրա միշտ մատնանիշ են անում մեր ազգային բուրժուաներն ու բուրժուական ինտելիգենտները»:

Ահա եւ քեզ անկախություն, նշում ենք «Անկախության հռչակագրի» օրը, դեմքի լուրջ արտահայտությամբ կրկնում. «…անկախությունը բացարձակ արժեք է…», «…Մենք ենք տերը մեր երկրի» եւ այլ դատարկախոսություններ։ Ի՞նչ անկախություն, եթե մենք մեր հոգով եւ մտածողությամբ բարդույթավորված, արժանապատվություն չունեցող ժողովուրդ ենք։ Հիշում եմ դեռ 90-ականներին, երբ նոր էր ընդունվել «Լեզվի մասին» օրենքը, եւ թվում էր, թե անցան ուծացման տարիները, հանդիպեցի իմ վաղեմի ծանոթին։ Պարզվեց երեխային առաջին դասարան է տարել եւ ռուսական։ Զարմացա. «Բա ինչպե՞ս»։ Լսեցի ինքնագոհ պատասխան. «Ուրեմն, էդ է՞լ չկարողանայի անել, փողին մուննաթ»։ Էլ չեմ ասում, որ անկախության 28-րդ տարում Երեւանի փողոցներում ամեն օր հանդիպում ես երիտասարդ մայրերի, որոնք իրենց փոքրիկների հետ խոսում, նրանց նախատում են ռուսերենով։ Մինչեւ հիմա շատերը միմյանց դիմում են էսինչ էսինչովնա, կամ էսինչ էսինչովիչ, հատկապես բուժհիմնարկներում։ Այս մտածողությունը, նույն ներքին արտագաղթն է՝ անվստահություն քո երկրի, պետության ապագայի նկատմամբ։ Անկախությունն առաջին հերթին հոգեբանություն է, սեր սեփական լեզվի, երկրի, բնության նկատմամբ, ոչ թե օտարալեզու կրթություն, անտառահատում, երկիրը աղբանոցի վերածում, հպարտորեն հատ կենտ վայրի կենդանիների որս, բանակից փախուստ եւ այլն։ Օտարերկրյա բազան մեր ուղեղներում է։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ.Գ. 2009թ. Երեւանի ԵԱՀԿ գրասենյակը ինձ եւ Արման Թաթոյանին գործուղել էր Սլովենիա, ծանոթանալու այդ երկրի խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի հաջողված փորձին։ Սլովենիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում մեզ ջերմ ընդունեցին եւ որպես սկիզբ, մեզ ծանոթացրին Սլովենիային, էկրանին ցուցադրելով հիմնական պարամետրերը. տարածքը՝ 22 հազ. ք/կմ, տարածքի 87%-ն անտառապատ, բնակչությունը 2 մլն եւ այլն։ Ամենահետաքրքիրը հետոն էր։ Հենց նույն 2009թ. Հայաստանի իշխանությունը նախաձեռնել էր ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնել եւ թույլ տալ բացելու օտարալեզու դպրոցներ։ Եվ այսպես, Պաշտպանի աշխատակիցը շարունակեց մեզ ծանոթացնել Սլովենիային. «Սլովենիայի արեւելքում բնակվում են հունգարացիներ, արեւմուտքում՝ իտալացիներ։ Երկու ազգային փոքրամասնությունների համար գործում են նրանց լեզուներով դպրոցներ»։ Ընդհատեցի եւ հարցրի. «Իսկ օտարալեզու, օրինակ անգլիական, ֆրանսիական դպրոցներ այլ քաղաքներում չե՞ն գործում»։ Աշխատակիցը մտածեց եւ պատասխանեց. «Ինչպես ասացի հունգարացիների եւ իտալացիների համար գործում են իրենց լեզուներով դասավանդվող դպրոցներ»։ Նորից կրկնեցի հարցս. «Այո, հասկացա, բայց օրինակ Լյուբլյանայում չկա՞ն արդյոք, օրինակ անգլիական դպրոցներ, ուր հաճախում են սլովեն երեխաները»։Երկար դադարից հետո, լսվեց պատասխանը. «Այսպես, Սլովենիայի արեւելքում բնակվող հունգարացիներն ունեն իրենց, արեւմուտքում բնակվող իտալացիներն իրենց լեզուներով դպրոցներ»։

«Առավոտ» օրաթերթ
30.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031