Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2020թ.-ից դպրոցներում որոշ առարկաներ կփոփոխվեն. աշակերտի ծանրաբեռնվածությունը կկրճատվի

Օգոստոս 30,2019 12:50

ԿԳՄՍ Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման արդյունքում առաջիկայում կփոփոխվեն առարկաների ծրագրերն ու դասագրքերը: Խոսքը վերաբերում է հայոց լեզվի, գրականություն, հասարակական գիտությունների (հասարակագիտություն, հայոց պատմություն, եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, նորագույն պատմություն), օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն), արվեստի (երաժշտություն, կերպարվեստ), ֆիզիկական կրթության եւ անվտանգ կենսագործունեության (ֆիզկուլտուրա, առողջ ապրելակերպ, շախմատ, ՆԶՊ) ոլորտներին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, հանրակրթության գործող պետական չափորոշչի փաստաթուղթը, որը սահմանում է, այդ թվում դասավանդման մեթոդները, փոփոխվելու է:

«Այս պահին մշակել ենք, թե երեխան դպրոցն ավարտելուց հետո ինչ կարողություններ կունենա, թե տարրական, հիմնական եւ ավագ դպրոցներն ավարտելուց հետո մենք ուսումնառության ինչպիսի վերջնարդյունք կունենանք: Մշակվել է նաեւ առարկայացանկ, թե որ առարկաներով ենք պատրաստվում աշակերտի կարողունակությունը ձեւավորել: Հենքային ուսումնական պլանում եւս փոփոխություններ կլինեն»,-նշեց Արեւիկ Անափիոսյանը:

Հենքային ուսումնական պլանի առնչությամբ ծրագրի փորձագետ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց՝ կրճատվելու է սովորողների ծանրաբեռնվածությունը. «Միջին դպրոցներում 37 ժամն արդեն կրճատվել է եւ հարմարեցվել աշակերտի տարիքին: Ուսումնական պլանն ավելի ճկուն է դարձել: Աշակերտը, անկախ նրանից, թե որ հոսքում է գտնվում, կարող է ընտրել իրեն անհրաժեշտ առարկաները»:

https://www.facebook.com/aravot.am/videos/397241917648386/

Հավելենք, որ ԵՄ ֆինանսավորմամբ վերանայվում են այլ առարկաների չափորոշիչները եւս: Արդյունքում պետական հանրակրթական դպրոցներում (1-12-րդ դասարաններում) կփոփոխվեն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների եւ մաթեմատիկայի առարկայական ծրագրերը, 5-12-րդ դասարանների դասավանդման եւ ուսումնառության նյութերը, կներդրվեն առարկաների դասավանդման նոր եւ ժամանակակից մոտեցումներ:

«Նախատեսում ենք նաեւ մշակել ուսուցիչների վերապատրաստման մոդուլներ, որոնք կառնչվեն առարկաների բովանդակությանը եւ դասավանդման բովանդակությանը»,-հավելեց Արեւիկ Անափիոսյանը:

Նշյալ երկու ծրագրի համար արդեն գործում են միջազգային փորձագիտական խմբեր: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ արդեն եկող ուսումնական տարվանից՝ 2020թ.-ի սեպտեմբերից, որոշ առարկաների վերանայված չափորոշիչներ փորձնական կկիրառվեն:

Անափիոսյանը նաեւ նշեց՝ այս պահին չենք կարող պնդել, որ ուսուցիչների հաստիքները կրճատվելու են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031