Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը մոտ մեկ տարի առաջ նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին, եւ այդ նամակի հետքերով է Ամուլսարի հետ կապված քրեական գործ հարուցվել. «Հրապարակ»

Օգոստոս 30,2019 11:47

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը մոտ մեկ տարի առաջ նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին, եւ այդ նամակի հետքերով է Ամուլսարի հետ կապված քրեական գործ հարուցվել, որի քննության արդյունքում պարզվեց՝ քրեական մեղադրանքի հիմք չկա։ Ավելին՝ այս ընթացքում կասեցվեց հանքի շահագործումը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեծ վնասներ կրեց, ակտիվիստները մոտ մեկ տարի փակեցին հանքի ճանապարհը, «Լիդիանը» սպառնում է մտնել արբիտրաժ, եւ մեր պետությունն էլ 400 հազար դոլար ծախսեց նոր փորձաքննության վրա։ Հիմա որոշ մարդիկ Գագիկ Համբարձումյանին մեղադրում են իշխանություններին սխալ ուղղորդելու, պետությանը վնաս հասցնելու, անգամ նախկին իշխանությունների հրահանգով գործելու մեջ։

– Դուք եք վարչապետին գրված նամակի հեղինակը, որի արդյունքում նշանակվեց 400 հազար դոլար արժողությամբ փորձաքննությունը։ Հիմա Ձեզ մեղադրում են, որ Դուք պետությանը 400 հազարի վնաս եք տվել, «Լիդիանը» չի աշխատել…

–  Դրանից բացի, «սադրել եմ» վարչապետին՝ օգտվելով նոր-նոր իշխանության ղեկին եկած վարչապետի անփորձությունից, առօրյա խոսքով ասած՝ «կուտ եմ տվել», որ իրեն գցեմ այդ փոսը։ Եվ այն էլ՝ «քիչ հավանական է, որ սեփական ուժերովս՝ ինքնուրույն մտածեի այդ գլոբալ սադրանքը», եւ ես, ամենայն հավանականությամբ, նախկինների գործիքն եմ դարձել… չէ՞։

…Ինչ վերաբերում է նամակին, նախ՝ այն մասին, թե ինչու որոշեցի այդ նամակը գրել։ Ամուլսարի հարցով բնապահպանների պայքարի մասին եւ իրենց՝ արդեն ահագնացող ելույթներն ականջիս էին հասնում հեռուստատեսությամբ, կայքերով ու մամուլով։ Վարչապետին ուղղված նամակում այդպես էլ նշել եմ, որ պրոբլեմին ծանոթ եմ մամուլի հրապարակումներից։ Եվ այդ ժամանակ նորանշանակ վարչապետն առաջին անգամ գնաց Ջերմուկ՝ հանդիպելու բնապահպանների, բնակիչների եւ «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարների հետ։ Ճիշտն ասած՝ այդ հանդիպումն ինձ վրա ծանր տպավորություն թողեց, թանի որ «Լիդիանի» ղեկավարներից մեկը վարչապետի հետ խոսելիս իրեն շատ հանդուգն էր պահում, իմ տպավորությամբ՝ անգամ լկտի։ Եվ դա ինձ հունից հանեց։ Գիտեք՝ ես իմ դաստիարակությամբ եւ աշխատանքով վարժված եմ նրան, որ պետք է ակնածանք ու հարգանք ունենալ պետական սիմվոլների նկատմամբ. դրոշ, օրհներգ, եւ սիմվոլների մեջ է մտնում նաեւ պետության ղեկավարը, տվյալ դեպքում՝ վարչապետը, ում նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքն ինձ համար անընդունելի է։ Հենց սա եղավ ազդակ, որ ես արդեն թոշակի անցնելուց հետո ցանկացա, այսպես ասեմ՝ օգտակար լինել, խորհուրդ տալ, թե ինչպես վարվել, եւ նամակում էլ գրել եմ, թե ինչպես կարելի է նման լկտի պահվածքով անձնավորությանը ներկայացնող ընկերությանը, որը ենթադրվում էր, որ գործում է խախտումներով, նախ պետք է այդ հարցը պարզել, ապա պարզելուց հետո պատժել։ Նամակն այսպես է ծնվել։

– Իսկ Ձեզ համար դա շա՞տ սկզբունքային հարց էր, մտածում էիք՝ սուտ մատնության մեղադրանք կարող է Ձեզ ուղղվել․․

– Չէ, չէ, ուղղակի դա իմ մոտ ժպիտ առաջացրեց իրավական անգրագիտության տեսանկյունից։ Ինչեւէ, էլ զանգ չեղավ, մի քանի օր անց ստանում եմ պատվիրված նամակ ՔԿ-ից, որ «Ձեր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ», եւ կցել էին քրգործի հարուցման մասին որոշման պատճենը, որը սկսվում էր հենց այդպես՝ «Համբարձումյանի հաղորդման հիման վրա»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031