Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական ենթամշակույթի կրողները արմատացած են եղել թե՛ բիզնեսում, թե՛ պետական իշխանության մեջ, նրանց արմատախիլ անելը կարող է շատ բարդ լինել. «Ժամանակ»

Օգոստոս 30,2019 11:33

Կառավարության վերջին նիստում հավանության արժանացան «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանց ընդունմամբ, ըստ արդարադատության նախարարի, հնարավորություն է ստեղծվելու առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը: «Վստահեցնում եմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի սահմանափակվելու միայն օրենսդրական փոփոխություններով, ձեռնարկվելու են գործնական այլ քայլեր, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի դեմ մղել համալիր պայքար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ավելի վաղ ասել էր, որ այս օրինագիծն ունի դրական և բացասական կողմեր։ Դրականն այն է, որ անձինք, ովքեր հասարակությունում և ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի, քրեական վարքի ջատագով են, նրանց նկատմամբ պետք է լինի կոնկրետ քրեաիրավական վերաբերմունք։ Մի դեպքում ազատազրկման ձևով, մյուս դեպքում, եթե անձը ՔԿՀ-ում է, հետաձգել նրա՝ պատժից պայմանական ազատ արձակման հարցը։

«Սա լավ է այն տեսանկյունից, որ եթե քրեական ենթամշակույթի կրողները փորձեն այն տարածել հասարակության մեջ կամ բանտերում, ապա նրանց նկատմամբ կլինի քրեաիրավական վերաբերմունք»,- ասաց Գասպարյանը։

Նախագծի խնդրահարույց մասը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ, օրինակ, շատ դժվար է լինելու բացահայտել քրեական հեղինակություն ասվածին։ Ցուցիչները, չափորոշիչները, որով դատարանը պետք է որոշում կայացնի՝ տվյալ անձը քրեական հեղինակությո՞ւն է, թե՞ ոչ, որոշակի դժվարություններ է առաջ բերելու։

Ամեն դեպքում, Գասպարյանի խոսքերով, հանցավորության նվազեցմանը միտված նախագծի անհրաժեշտությունը կա։ «Հանցավորությունը տասնյակ տարիներ մեզանում եղել է հինգերորդ իշխանություն։ Այդ մարդիկ արմատացած են եղել թե՛ բիզնեսում, թե՛ պետական իշխանության տարբեր ճյուղերում, և այսօր դրանց արմատախիլ անելը կարող է շատ բարդ լինել։ Իրենք այնքան շատ են, որ եթե հիմա ինչ-որ մեկին անվանենք քրեական հեղինակություն և պատժենք նրան, չենք կարող մտավախություն չունենալ, որ մոտեցումը կարող է խիստ սուբյեկտիվ գնահատականների արժանանալ։ Բացի դրանից՝ ուզում եմ ընդգծել, որ միայն պատժելով հնարավոր չէ հանցավորության դեմ պայքարել և արդյունք ունենալ։ Պետք է կարողանալ ընդհանուր կանխարգելում իրականացնել, բայց կառավարության ծրագրում որևէ բառ չկար հանցավորության նվազեցման մասին։ Իսկ եթե դու չես կանխարգելում հանցավորությունը, զուտ նվազեցումը, պատիժը դառնալու է մահակային գործողություն»,- ընդգծել էր Գասպարյանը՝ ավելացնելով, որ այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, ամեն դեպքում, մեր բանտերում կլինեն օրենքով գողեր, քրեական ու թաղային հեղինակություններ, նախկին զոն նայողներ։

Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031