ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` ծննդյան օրվա առթիվ:
Ծննդյան օրվա առթիվ Սերժ Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել նախագահ Բակո Սահակյանի հետ` շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել Արցախի նախագահին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Կարդացեք նաև
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ:
Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի:
Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին և հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի և գնահատանքի:
Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաև կանոնավոր բանակի ձևավորման, Արցախի Հանրապետության կայացման և արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում:
Այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում եք Ձեր առաքելությունը` կարևորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ և արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան, որում ես Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:
Հարգելի՛ պարոն Սահակյան,
Մենք երդվել ենք հերոսամարտում զոհված մեր ամեն ընկերոջ շիրիմի առջև` պաշտպանել հայոց հողը և շենացնել այն, չընկրկել փորձությունների ու դժվարությունների առջև: Հարատև խաղաղության հասնելու և զարգացած ու հզոր Արցախ ունենալու ճանապարհը անխոչընդոտ և դյուրին չէ, սակայն ինչպես մինչ այսօր, այսուհետ ևս վստա՛հ եմ Ձեր նվիրվածությանը հայրենի հողին և ժողովրդին:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում Ձեզ քաջառողջություն, Ձեր ամուր ու հայկական ավանդապաշտ գեղեցիկ ընտանիքին` երջանկություն, նոր հաջողություններ՝ ի շահ Արցախի և նրա արժանապատիվ քաղաքացիների»:
Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան