Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Ռուսաստանը դարձյալ հիշել Ռոբերտ Քոչարյանին. «Ժամանակ»

Օգոստոս 30,2019 10:46

Ռուսական պետական և մերձպետական մեդիայով դարձյալ անցնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձերի ալիք: ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերությունն էր անդրադարձել գործին, իսկ հետո Ռոսիա 24 ալիքն էր լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի թեման, անդրադառնալով հարցի քննարկումը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3 տեղափոխելու ՍԴ որոշմանը: Երկրորդ նախագահի թեմային անդրադարձերի պարբերական ակտիվության ալիքները ռուսական մեդիայում նոր երևույթ չեն: Դրա վերաբերյալ գնահատականները տարբեր են: Հանրության մի մասը համարում է, որ այդպիսով ռուսական լրատվամիջոցները պարզապես փող են աշխատում, մի մասը համարում է, որ անդրադարձերը պաշտոնական մեսիջներ են Երևանին Կրեմլի դժգոհության վերաբերյալ:

Այն, որ Կրեմլը կարող է այսպես ասած՝ արգելել անդրադարձերը, բայց չի անում, թերևս, աներկբա է: Թե ինչո՞ւ, սա այլ հարց է: Բայց արդյո՞ք հենց Կրեմլի հանձնարարությամբ կամ պատվերով են լինում անդրադարձերը, սա էլ իր հերթին է հարց և միարժեք չէ՝ դժգո՞հ են Երևանից Ռոբերտ Քոչարյանի կալանքի և իրավական հետապնդման համար, թե՞ պարզապես օգտագործում են հանգամանքը պաշտոնական Երևանի դեմ: Այս հարցերն ինքնին ունեն մանրամասն դիտարկման կարիք թե՛ ներհայաստանյան, թե՛ նաև ներռուսաստանյան իրողությունների ամենատարբեր անկյունների ներառմամբ: Տվյալ պարագայում հատկանշական է, որ Ռոսիա 24 պետական հեռուստաալիքը անդրադառնում է ՍԴ որոշմանը, որով մի քանի օր հետաձգվել է երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքին առնչվող հարցի քննարկումը: Օգոստոսի 29-ի փոխարեն այն նախատեսվում է սեպտեմբերի 3-ին: Արդյոք ՍԴ որոշումը անհանգստացրե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, կամ Ռուսաստանում որևէ մեկին, ինչի համար փորձ է արվել առնվազն տեղեկատվական մակարդակում որոշակի ճնշում գործադրել կամ թեկուզ իմիտացնել Ռուսաստանից, թե՞ անդրադարձերն ու ՍԴ որոշումը նույն փաթեթում են, իսկ ընդհանուր այդ փաթեթն էլ կազմվում է հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովին ընդառաջ՝ Պուտինի Երևան այցի համատեքստում:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ՝  «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031