Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան աջակցության արցախյան ու արցախամերձ արձագանքներ

Օգոստոս 30,2019 15:30

Որպես նախաբան
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն օգոստոսի 22-ին որոշում է ընդունել վարչապետի աշխատակազմին պահուստային ֆոնդից հատկացնել 33 մլն 680 հազար դրամ, որն էլ դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվելու է երկու ՀԿ-ների. 16 մլն 200 հազար դրամ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

Գումարները տրամադրվելու են սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա աննախադեպ որոշում է համարել, ընդգծելով, որ ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանն աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը։ Իսկ մինչ այդ՝ օգոստոսի 5-ին, նա ստեփանակերտյան իր հայտնի ծրագրային ելույթում էր շեշտել, որ ՀՀ-ն պետք է հանդես գա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր։ Ասաց ու արեց առաջին լուրջ քայլը։
Իսկ ինչպե՞ս այս քայլն արձագանքվեց արցախյան ու արցախամերձ շրջանակներում։

Հայացք Երեւանից
Արցախյան իշխանամերձ շրջանակներից անմիջապես հնչել էր կարծիք, որ արցախյան ընտրությունները միշտ էլ եղել են ազատ, արդար ու թափանցիկ, եւ որ այս առումով ոչինչ չի փոխվել՝ այս անգամ էլ կանցկացնեն նման ընտրություններ։ Հենց այս հանգամանքին էլ սկզբունքային անդրադարձ է եղել երեւանյան արձագանքներում։

Խոսելով իրավիճակի փոխվել-չփոխվելու մասին՝ հարկ է նկատի ունենալ, որ մի կողմից՝ բուն Արցախում քիչ բան է փոխվել, մյուս կողմից էլ՝ թավշյա հեղափոխության փոխած իրավիճակը չէր կարող չանդրադառնալ արցախյան իրողությունների վրա։

Այսպես, քաղաքագետ Մանվել Սարգսյանը գտնում է, որ «Ի տարբերություն Հայաստանի, որտեղ պետական կառավարման համակարգից դուրս մղված օլիգարխները (այսպես կոչենք մինչեւ վերջերս պաշտոնների տիրապետող խոշոր սեփականատերերին) մնացել էին առանց ընտրությունների վրա ազդեցության` իրենց համար սովորական լծակների, Արցախում պաշտոններից ազատված նրանց «բախտակից ընկերները» չեն կորցնում սեփական իշխանությունը վերականգնելու հույսերը: Դա արդեն կարելի է տեսնել իշխանության տեղական մարմինների անցկացվող ընտրություններում»: Միեւնույն ժամանակ, Մ.Սարգսյանը այդպիսի խնդրի լուծման համար պայմանները չափազանց սուղ է համարում, քանի որ վարչական ռեսուրսի կիրառման կենտրոնացված մեխանիզմ արդեն գոյություն չունի. «Ոչ մի երաշխիք չկա, որ առանց պաշտոն ունենալու հնարավոր է արդյունավետ կերպով ազդել պետծառայողների` մասնավորապես ուժային կառույցների վրա: Ավելին` այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները պարտավորվել են ազատ ընտրությունների երաշխավորներ լինել, ընտրողներին կաշառելու փորձը նույնպես անհույս է: Ցանկության դեպքում Հայաստանի իշխանությունների հորդորով իրավապահ մարմինները կարող են բացահայտել կաշառք բաժանելու փաստերը եւ պահանջել նախընտրական մրցավազքից հանել այն գործիչների թեկնածությունները, որոնք ընտրողներին կաշառելու միջոցի կդիմեն»:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ «Արցախում բոլոր նրանք, ովքեր սովոր են եղել ընտրությունների ժամանակ ընտրողների վրա տարատեսակ ճնշումներ գործադրելու եւ աճպարարությունների միջոցով իրենց ցանկալի արդյունքը ստանալ, այդ թվում նաեւ գրպանային դիտորդների «աշխատանքն» օգտագործելու շնորհիվ, թերեւս դժգոհ կլինեն ՀՀ կառավարության այս քայլից: Բայց այդ մարդիկ բացարձակ փոքրամասնություն են կազմում Արցախում, եւ նրանց դժգոհությունն ընդամենը անուղղակի վկայությունը կլինի այն բանի, որ ընտրողն իսկապես ազատ ընտրելու լիարժեք հնարավորություն է ստացել»:

Մելիքյանը, մեր իրականությունում ՀԿ-ների ֆինանսավորումը երկու հիմնական աղբյուրի բաժանելով՝ արտաքին ու ներքին, պարզաբանել է, որ արտաքին ֆինանսավորումը եկել է օտար աղբյուրներից՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, տարատեսակ արեւմտյան հիմնադրամներից, այդ թվում նաեւ՝ Սորոսի հիմնադրամից, եւ միտված է եղել որեւէ կերպ կենդանի պահել ՀՀ պետական կառույցներից, իշխանությունը զավթած խմբավորումից անկախ եւ վերջինիս ընդդիմադիրն ու քննադատը հանդիսացող քաղաքացիական հասարակության ակտիվությունն ու գործունակությունը: «Իշխանությունը զավթած խմբավորումն էլ,- շարունակում է Մելիքյանը,- ֆինանսավորում էր իր իսկ կողմից ստեղծված ՀԿ-ներին, որոնց միջոցով էլ հակակշիռ էր ստեղծում արտաքին ֆինանսավորմամբ աշխատող կառույցներին, միաժամանակ նաեւ այդպիսով բյուջետային գումարները անշառ կերպով գրպանելու մեխանիզմ էր մշակել»:

Ըստ Ա.Մելիքյանի՝ արցախյան ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար պետական ֆինանսավորումը տվյալ դեպքում նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են իրենցից մշտապես ֆինանսական կախման մեջ գտնվող գրպանային ՀԿ-ներն ընտրական գործընթացներում օգտագործելու եւ պատվիրված արդյունքը ստանալու պրակտիկայից. «Դրա փոխարեն կոնկրետ առաքելությունն իրականացնելու համար ֆինանսներ են հատկացրել նյութապես իրենցից անկախ կազմակերպությունների: Այսինքն, պետական փողը տրվել է իշխանությունների մշտական քննադատը հանդիսացող հասարակական կառույցներին, որպեսզի ի սկզբանե կանխվեն արցախյան ընտրական գործընթացներում ՀՀ իշխանությունների նեղանձնային շահախնդրությունների վերաբերյալ կասկածներն, իսկ արցախյան իշխանական կլաններն էլ հնարավորություն չունենան այս դիտորդների վրա ճնշում գործադրելու, քանի որ վերջիններս հենց ՀՀ իշխանությունների կողմից են լիազորված ընտրական գործընթացների իրավաչափությունը գնահատել»:

Բնականաբար, նոր նախաձեռնությանն ամենախիստ գնահատականը տվել է «Ադեկվադ» միաբանությունը, ըստ որի, վերոհիշյալ ՀԿ-ները հանդիսանում են Հայաստանում գործող եւ տարիներ շարունակ պետության եւ հասարակության հիմքերը քայքայող օտարերկրյա գործակալական ցանցի մասնիկներ. «Վերոհիշյալ ՀԿ-ների գործունեությունը հովանավորելով՝ ՀՀ կառավարությունը նպաստում է արտաքին ուժերի համար խիստ անհրաժեշտ եւ մեր պետությունների համար կործանարար հակառակորդի օրակարգին ծառայող ուժերի ներթափանցմանը մեր պաշարված ամրոցի միջնաբերդը: Չկարողանալով մեր ամրոցի պատերը հաղթահարել դրսից՝ հակառակորդը փորձ է ձեռնարկում ապականել իրավիճակը ներսից»:

Արցախյան կոնտրաստ
«Սորոսականների» ու պետության հիմքերը քայքայողների թեման ակտիվորեն շրջանառվեց նաեւ արցախյան հանրությունում։ Այստեղ կան մարդիկ եւ ուժեր, որոնք թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից մասնագիտացել են հեղափոխության, դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ նոր իշխանության կեղտաջրման մեջ։ Նրանց համար ՀՀ կառավարության այս վերջին նախաձեռնությունը շատ հարմար առիթ էր վերագործարկելու «կեղտաջրցան» մեքենան։ Բանը հասավ նրան, որ ամենայն լրջությամբ սկսեցին խոսել նոր նախաձեռնության շրջանակներում բուդապեշտյան վայրենի «գիշերակացնահար» Ռամիլ Սաֆարովին որպես դիտորդ հրավիրելու մտադրության մասին։
Սույն համացանցային «մերձպլինտուսային» մակարդակով քննարկումներն այս կամ այն չափով իրենց հետքը թողեցին նաեւ քաղաքական դաշտի որոշ դերակատարների գնահատականներում։ Նաեւ այն պատճառով, որ նրանց ուղղակի պարտադրվեց այդ թեման։

Այսպես, Tert.am-ի հարցերին պատասխանելով, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ իրենք դեմ չեն դիտորդական առաքելությանը, որովհետեւ կարծում են, որ յուրաքանչյուր ընտրություն պետք է լինի թափանցիկ ու արդար, եւ իրենք ողջունում են ցանկացած գործողություն, որը նպաստելու է թափանցիկ ու արդար ընտրության անցկացմանը։ Պատասխանելով պատվեր կատարելու մասին պնդումներին՝ նա ասել է. «Եթե կազմակերպությունը պատվերներ է կատարում, դա լավ չէ: Առանձնապես Արցախում դրան պետք է տառացիորեն դեմ դուրս գալ: Արցախից դուրս պատվերներ կատարող կառույցները մեզ մոտ չեն կարող գործել: Եթե մեր ազգայինը վնասվի, եթե մեր ոգուն դեմ լինի, փորձեն շեղել, մենք կլինենք ոչ միայն դեմ, այլեւ պայքարելու ենք դրա դեմ»:

ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ միանշանակորեն կիսում է առկա մտահոգությունները. «Սորոս լինի, մորոս լինի, եթե բարի նպատակով չի մտնում Արցախ, ուրեմն չպետք է մտնի: Մենք գիտենք Սորոսի ծավալած գործունեության մասին, գիտենք, թե ինչ արժեքներ են նրանք դավանում: Արցախում նրանք որեւէ հաջողության հասնել չեն կարող, որքան էլ շատ գումար ծախսեն: Մենք մեր ընտանեկան արժեքները ամեն ինչից վեր ենք դասում»:

Թե տվյալ՝ ընտրությունների դիտարկման պարագայում ի՞նչ կապ ունեն մեր ընտանեկան արժեքները՝ մնում է գուշակել։

ՀՀ կառավարության որոշումը միանշանակ ողջունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության առաջնորդ, արցախյան խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ֆեյսբուքյան իր գրառմամբ նա նաեւ գնահատական է տվել նախորդ ընտրություններին՝ «Չեմ հասկանում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելությունները ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը քննադատողներին: Գոնե վերջին քսան տարում Արցախում ընտրական գործընթացը տեղի է ունենում խայտառակ ընտրախախտումներով, որի ընթացքում օգտագործվում է ընտրակաշառք, վարչական ռեսուրս, ուժային կառույցների կողմից ճնշում, քրեական եւ վարչական գործերի կարում, ուղղակի բաց քվեարկություն կամ քվեաթերթիկների լցոնում, բազմաթիվ այլ արատավոր երեւույթներ: Դիտորդությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ընտրախախտումների քանակը, մասնավորապես՝ քվեարկության ժամանակ կատարվող ընտրախախտումների քանակը: Արցախում արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման մեջ պետք է շահագրգռված լինենք բոլորս, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ թշնամաբար տրամադրվածները, քանզի արդար ընտրությունները հասարակության մեջ արդարության մթնոլորտ ստեղծելու առաջին քայլն է, ինչն էլ անվտանգության ամենամեծ բաղադրիչներից է»:

Միանշանակ դրական կարծիք է հայտնել ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ www.lragir.am-ի հարցին պատասխանելով՝ նա ընդգծել է. «Ճիշտ որոշում եմ համարում այս տարվա սեպտեմբերին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից որոշակի գումարի հատկացումը, որի նպատակն է ՀՀ կողմից հավելյալ երաշխիքների ստեղծումը Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման համար։ Առավել եւս, որ դա կնպաստի դիտորդական տեղական ցանցի, տեղական կարողությունների զարգացմանը եւ արդիական փորձի ձեռքբերմանը»։

Հարկ է ավելացնել, որ Մ.Մայիլյանը դեռեւս հունիսի 28-ին ընդունել էր Հայաստանի «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը եւ հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Կողմերը քննարկել էին Արցախի իշխանությունների եւ Թրանսփարենսի ինթերնեշնլի միջեւ համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական եւ խորհրդարանական, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրությունների համատեքստում: Այս կապակցությամբ Մայիլյանն ընդգծել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարեւորությունը ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով:

Ուշագրավ է, որ Մայիլյանը www.lragir.am-ի հարցին պատասխանել ու դրական կարծիք է հայտնել այն բանից որոշ ժամանակ անց, երբ իր ֆեյսբուքյան գրառմամբ չէր բացառել սեփական մասնակցությունը համապետական ընտրություններին։

Եղել են նաեւ որոշումը զգուշավոր ողջունող եւ որոշակի գաղափարներ առաջարկող կարծիքներ։ Այս առումով շատ կարեւոր էր Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կարծիքը։ Ողջունելով որոշումը՝ նա հույս է հայտնել, որ դա նոր սկիզբ կլինի Արցախի պետական եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը եւ տեղի կարողությունների զարգացմանը ՀՀ կառավարության տեւական աջակցության համար:

Նա նաեւ առաջարկել ու խորհուրդ է տվել առավելագույնս օգտագործել նոր հնարավորությունը եւ տեղում զարգացնել համապատասխան կարողություններ, ոչ թե Երեւանից բերել պատրաստի թիմեր. «Տասնամյակների մեծածավալ կոշտ ներդրումից ու աջակցությունից (ֆինանս, ենթակառուցվածքներ, տնտեսական նախագծեր) հետո հայությունը (ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը եւ սփյուռքյան կառույցները) պետք է մտածի Արցախում նաեւ լուրջ փափուկ ներդրման (կարողություններ, մարդկային ռեսուրսներ, ինստիտուտներ) մասին: Իհարկե, առ այսօր մեծ գործ է արվել նաեւ այդ ուղղությամբ, բայց դրա կարիքը դեռ շատ կա, առավել եւս, երբ Արցախը փաստացի մեկուսացած է միջազգային փորձից, ծրագրերից ու ռեսուրսներից»:

Անուղղակիորեն այս առաջարկին անդրադարձել է Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոանիսյանը։ Տեղեկացնելով Արցախում իրենց գործունեության որոշ մանրամասների մասին՝ նա նաեւ անդրադարձել է դիտորդության բյուջեին. «Այդ 16,2 միլիոնից մինիմում 2 միլիոնը հենց սեպտեմբեր ամսին կմտնի Արցախի Հանրապետության բյուջե: Գումարի մեծ մասը (գրեթե ամբողջը) մատուցվելիք ծառայությունների դիմաց վճարվելու է արցախցիներին ու արցախյան կազմակերպություններին»:

Հնչել են նաեւ նման աջակցության ընթացակարգի հետ կապված կոնկրետ առաջարկներ ու գաղափարներ։

Միանշանակ բացասական քաղաքական գնահատական է տվել լրագրող Վահրամ Աթանեսյանը, ով նաեւ փաստացի զբաղվում է նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի քաղաքական գործունեության հանրայնացմամբ։ hraparak.am–ում հեղինակած «Կանգ առեք, պարոնայք եւ տիկնայք» հոդվածում նա առանձնակի ուշադրություն է դարձրել ՀՀ կառավարության որոշման հնարավոր միջազգային արձագանքներին, տեղեկացնելով, որ Ադրբեջանում, օրինակ, արդեն իսկ ԱԳՆ մակարդակով բացասական գնահատական է տրվել, ինչը Աթանեսյանը հույժ կարեւոր հանգամանք է համարում։

Պնդելով, որ Արցախում ընտրությունները միշտ էլ ազատ, արդար ու թափանցիկ են եղել՝ նա ճարտասանական հարց է տալիս՝ «Մեկ-երկու հասարակական կազմակերպության ինքնադրսեւորման համար արժե՞ հրապարակային կասկածի տակ դնել Արցախում ժողովրդավարության եւ ազատ ընտրությունների իրողությունը: Ու՞մ է ծառայում այս քարոզչությունը»:

Աթանեսյանը նաեւ ընդգծել է ընտրությունների անցկացման տեղական երաշխիքների կարեւորությունը. «Արցախում կա լեգիտիմ իշխանություն, կան քաղաքական փորձառություն ունեցող կուսակցություններ, պատասխանատու գործիչներ: Նրանք եկել են սկզբունքային համաձայնության՝ իշխանափոխությունը տեղի կունենա սահմանադրությամբ նախատեսված ժամկետում եւ ընթացակարգով: Արցախում ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների երաշխավորը նախագահ Բակո Սահակյանն է: Եվ նա մինչեւ վերջ կատարելու է իր առաքելությունը»:

Ինչ խոսք, դժվար է սա միանշանակ ընկալել որպես Արայիկ Հարությունյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշում, սակայն երեւույթն ինքնին խորհրդանշական է։

Վերջաբանի փոխարեն
Արցախյան հանրությունը տեւական ժամանակ երկրի բարեփոխման լուրջ ռեսուրս չի ունեցել։ Հիմա նա այս գործում ձեռք է բերել մի այնպիսի զորեղ դաշնակից, ինչպիսին Հայաստանի նոր իշխանությունն է։ Այսպես թե այնպես՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով արմատական բարեփոխումներ են անցկացվելու Արցախում, եւ սրա շահառուն ոչ միայն Արցախի հանրությունն է լինելու, այլեւ համայն հայությունը։ Ու համահայկական ջանքերով էլ իրականացվելու են վաղուց սպասված այդ բարեփոխումները։

Նոր պայմաններում Արցախում բացառիկ հնարավորություն է ստեղծվել իսկապես առանց չնչին իսկ վերապահման օրինակելի ընտրություններ անցկացնելու համար։ Այսօրինակ ընտրությունների անցկացման բացառիկության ընկալումն անչափ կարեւոր է թե թեկնածուների եւ թե ընտրազանգվածի կողմից։ Ու ամենակարեւորը՝ սա միանգամյա աջակցություն չի լինելու։ Սա նաեւ Արցախի քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման սկիզբն է լինելու։ Արցախյան հանրությունում գոնե սրա ընկալումը կա։

Հատուկ «Առավոտի» համար՝
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի խմբագիր
Ստեփանակերտ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031