Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով ապրող կանայք «մերժվում» են ընտանիքում, բուժհիմնարկում, կացարանում

Օգոստոս 30,2019 15:00

ՄԻԱՎ-ով ապրող կնոջը ազգականները գտել են անկողնում պառկած՝ մահամերձ վիճակում, կողքին՝ մի կտոր հաց եւ մեկ բաժակ ջուր: Կարճ ժամանակ անց կինը մահացել է ծայրահեղ ծանր վիճակում: Կնոջ ընտանիքի անդամները, այդ թվում՝ ամուսինը, հոգ չեն տարել կնոջը՝ թույլ չեն տվել տանից դուրս գալ, զրկել են նորմալ սնունդից, կինը պետք է հակավիրուսային բուժում ստանար, կանոնավոր, կոնկրետ ժամերին դեղեր ընդուներ, բայց նրան զրկել են այդ ամենից: ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) ունեցող այս կինը մշտապես ենթարկվել է հոգեբանական եւ ֆիզիկական բռնության: Այս մասին հարազատներն իմացել են կնոջ մահվանից հետո:

«Փոխանակ աջակցություն լիներ, որ կինը կարողանար շարունակել ապրել, նրան այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չի կարողացել այդ դեղերը նորմալ խմել եւ, օղակն ավելի սեղմելով-սեղմելով, նրա վիճակն ավելի են վատացրել: Սա բռնության տեսակ է` հոգեբանական եւ ֆիզիկական, մարդու կյանքը սահմանափակող բռնության տեսակ է, որը կնոջը տարել է մահվան»,- «Առավոտ»-ին պատմում է «Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանը: Նա նշում է՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, հատկապես՝ կանայք, շատ խոցելի են, հաճախ՝ անպաշտպան:

Սեռական հարաբերություններ սկսելուց առաջ ՄԻԱՎ-ով ապրող մի կին իր զուգընկերոջը բարեխղճորեն հայտնել է իր կարգավիճակի մասին, ինչից հետո տղամարդը սկսել է սպառնալ կնոջը, որ նրա կարգավիճակի մասին կպատմի բոլորին, այդ թվում՝ նրա երեխային: Այս տղամարդը սպառնում էր կնոջը եւ նրանից գումար կորզում: Թեեւ կինը համարձակվել է դատարան դիմել, սակայն կրկին մնացել է անպաշտպան եւ հոգեբանական բռնության ներքո, դատական երկարատեւ գործընթացներն էլ կնոջը չեն պաշտպանել: Աննա Աբգարյանն ասում է՝ նման դեպքերում ոչ միայն կնոջը պաշտպանող որեւէ օրենք չկա, այլեւ ապացուցման բեռն էլ կնոջ վրա էր դրված:

«ՄԻԱՎ-ով ապրող կինն ունի պարտավորություն՝ կարգավիճակը հայտնելու, հայտնում է, բայց հայտնվում է ավելի ծանր իրավիճակներում: Կինն արել էր այն, ինչը ճիշտ էր եւ պետք էր, հայտնել էր կարգավիճակի մասին, բայց երբ նրան շանտաժի են ենթարկում, այս դեպքում անգամ օրենսդրական դաշտում պաշտպանված չէր: Նա ինչպե՞ս ապացուցի, որ իրեն շանտաժ են արել: Փաստեր ուներ, բայց դրանք էլ նրան չօգնեցին»,-պատմում է Աբգարյանը:

Աննա Աբգարյանը նաեւ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության հոգեբանն է, այս ՀԿ-ն զբաղվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով, նրանց շահերի ու իրավունքների պաշտպանությամբ: Աբգարյանն ասում է՝ ՄԻԱՎ-ով ապրող կանայք բռնության նկատմամբ կրկնակի խոցելի են, նրանք նաեւ հաճախ հանդիպում են խտրական վերաբերմունքի հասարակությունում:

Հոգեբանը վստահ է՝ նման դեպքերը մեր հասարակությունում շատ ավելին են, քան իրենց կամ այլ կազմակերպության ունեցած վիճակագրությունն է: Աբգարյանը նկատում է՝ կան դեպքեր, երբ մահվանից հետո են իմանում նշված խնդիրների մասին, կան մարդիկ, որոնք այդ պահին չեն էլ իմանում՝ ինչ անեն, ուր գնան, ում դիմեն, օրենքը չգիտեն, իրենց իրավունքներից տեղեկացված չեն:

Խնդիրը ոչ թե անհատական լուծում է պահանջում, այլ, ինչպես Աբգարյանն է նկատում, համակարգային, եւ կանանց պաշտպանելը նախ և առաջ պետության պարտավորությունն է՝ օրենքով. «Պետք չէ ամեն ինչ թողնել միայն հասարակական կառույցների վրա: Այդ կառույցներում ինքնաբուխ մարդիկ են, որոնք համախմբվում են մեկ գաղափարի շուրջ, բայց այսօր աշխատում են, վաղը կարող են թողնել` հեռանալ, այնինչ պետությունը իր քաղաքացու հիմնական պատասխանատուն է»:

Նա համոզված է, որ, եթե խնդիրը համակարգային լուծվի, հասարակության մեջ աստիճանաբար ճիշտ մոտեցում կլինի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, խտրական վերաբերմունքն էլ աստիճանաբար կնվազի. «Եթե չլիներ խտրականություն, լիներ բռնության դատապարտում, միգուցե մեր հերոսուհին, որի նկատմամբ բռնություն է կիրառվել, կբարձրաձայներ այդ մասին եւ նման ճակատագրի չէր արժանանա, այսօր կապրեր»:

Հոգեբանը գտնում է, որ պետությունը շատ մեխանիզմներ եւ գործիքներ պետք է ուղղի կնոջը պաշտպանելուն, որովհետեւ այսօր էլ, ապագայում էլ կինն ավելի շատ ունի պաշտպանվելու կարիք. «Շատ դեպքերում տղամարդը թողնում է, ընտանիքից հեռանում, բայց կինը, միեւնույն է, մնում է իր երեխայի հետ: Նա է՛լ ավելի խոցելի վիճակում է հայտնվում. ե՛ւ հոգեպես ճնշված է լինում ե՛ւ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնում»:

Երբեմն ՄԻԱՎ-ով ապրող կանայք, երբ փորձում են ազատվել ընտանիքում բռնություններից, որոշում են կայացնում հեռանալ բռնարարից, ու կրկին հայտնվում անպաշտպան վիճակում՝ միայնակ, խնդիրներով, առանց գնալու տեղի:

Աբգարյանը պատմում է՝ ՄԻԱՎ-ով ապրող կինը, որը տարիներ շարունակ ընտանիքում բռնությունների է ենթարկվել, մի կերպ, այդ իրավիճակից դուրս գալով, երեխաների հետ դիմել է ընտանեկան բռնությունից տուժած անձանց կացարան, սակայն, երբ կացարանում կնոջ կարգավիճակի մասին իմացել են, այլ պատրվակով նրան ու երեխաներին դուրս են հրավիրել. «Նա երեխաների հետ հայտնվեց վարձով տանը: Բացի այն, որ պետք է հետեւի իրեն՝ կանոնավոր խմի դեղերը, նա մտածում էր՝ ինչպե՞ս պաշտպանի իր երեխաներին, գումար հայթայթի: Ճիշտ է, հիմա արդեն ոտքի է կանգնել, բայց, գուցե, մեկ ուրիշը լիներ նրա փոխարեն, պարզապես արդեն կենդանի չլիներ: Թե ինչն է ապրեցնում մարդուն՝ ամեն մեկի դեպքում անհատական է. մեկը կարողանում է հաղթահարել, մեկ ուրիշը` ոչ: Այդ պատճառով պետք է պետական համակարգը գործի»:

Աբգարյանն ասում է՝ պետությունը պետք է օրենքներ ընդունի, որոնք կպաշտպանեն նման իրավիճակներում հայտնված անձանց: Կամ պետք է եղած օրենքը գոնե գործի. «Մենք ունենք խտրականության դեմ օրենքի նախագիծ, որն աշխատանքային փուլում է: Մենք, իսկապես ունենք դրա կարիքը: Լինում են խտրականության դեպքեր, բայց դրա դեմ պայքարի մեխանիզմները չկան»:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով պետք է լինեն կացարաններ ընտանեկան բռնության զոհերի համար:

Աննա Աբգարյանի կարծիքով պետական այդ կացարանները պետք է ծառայեն անխտիր բոլորին. «Կացարան ընդունվողների կանոնակարգերում պետք է հաշվի առնեն նաեւ ՄԻԱՎ-ով ապրող կանանց` հասկանալով, որ, նրանք որեւէ վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար: Մինչդեռ, պարզ չէ՝ արդյոք ՄԻԱՎ-ով ապրող կանայք կարո՞ղ են օգտվել այդ կացարանից, եթե՝ այո, ապա արդյո՞ք աշխատակիցները վերապատրաստվում են այդպիսի առանձնահատուկ խնդիրներ ունեցող անձանց հետ շփվելու համար: Ենթադրենք, վաղն ունենում ենք այդպիսի խնդիր, եւ մեր կնոջն ուղարկում ենք այդ կացարան, որքանո՞վ ենք համոզված, որ նույն խնդրով խտրականության չի ենթարկվի, դուրս չի մնա»:

Տիկին Աբգարյանը բուժհաստատությունների օրինակն աչքի առաջ ունենալով է պետական մարմիններին այսպիսի հարցադրումներ անում. «Շատ դեպքերում բուժհաստատություններում տեղեկացված են, բայց, միեւնույն է, բուժաշխատողներն իրենց սուբյեկտիվ մոտեցումով են առաջնորդվում, եւ ՄԻԱՎ-ով ապրող կանայք հաճախ խտրական վերաբերմունքի են առնչվում»:

ՄԻԱՎ-ով ապրող բռնության ենթարկված կանայք կարո՞ղ են ապաստան ստանալ կացարանում թե ոչ, արդյոք աշխատակիցները վերապատրաստվելո՞ւ են այդպիսի խնդիրներով անձանց հետ շփվելու համար, «Առավոտ»-ի հարցերին ի պատասխան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ կացարանների ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականից, հաշվի կառնվե՞ն, թե՞ ոչ, նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը նշում է՝ չեն կարող ասել, քանի դեռ կանոնակարգերն էլ մշակված չեն:

«Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիայի» նախագահ Հովհաննես Մադոյանը նկատում է՝ առողջապահական ծառայություններն ավելի քիչ հասանելի են կանանց, եւ գործոններից մեկը հենց կնոջ ֆինանսական եւ սոցիալական կախվածությունն է:

ՄԻԱՎ-ով ապրող կնոջ ամուսնու ընտանիքը ճանապարհածախս չի տվել նրան, որպեսզի նա գնա ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն՝ հերթական հետազոտությունն անցնելու, արգելել են դեղորայքը խմել, ճնշում են գործադրել: Մադոյանն ասում է. «Սա ընդհանուր երկրի խնդիրն է, պարզապես, ՄԻԱՎ վարակի դեպքում, խոսքը գնում է կյանքը փրկող բուժման մասին, բուժման անընդհատության, դիսպանսեր հսկողության մասին: Եթե ուրիշ հիվանդության դեպքում ամուսինը կնոջը երկու-երեք ամիս չի թողնում, որպեսզի դիմի բժշկի, բայց չորրորդ ամսին կինը դիմում է, միգուցե դա չի երեւում, որովհետեւ նման դեպքում կարող է հստակ գրաֆիկ չլինի, բայց ՄԻԱՎ-ի դեպքում վարակը կոնկրետ է: Այսինքն` նման դեպքերը լակմուսի թղթի նման են, հասարակության մեջ եղած խնդիրները բացահայտում են: Այս օրինակը բացահայտում է ընտանեկան բռնության դեպքերը, ընտանեկան բռնության շատ սպեցիֆիկ արտահայտումները, որոնք ո՛չ քրեական օրենսգիրքն է ծածկում, ո՛չ` ընտանեկան բռնության դեմ օրենքը»:

Մադոյանը նույնպես գտնում է, որ խնդիրը համակարգային պետք է լուծվի՝ սկսած կրթական համակարգից, այլապես առանձին պաշտպանող օրենքներով, միեւնույն է, ինչ-որ ոլորտ բաց է մնալու. «Ապաստարանների հարց ենք լուծելու՝ վարակակիր կինը ոստիկանությունում է խնդիր ունենալու, ոստիկանության հարց ենք լուծելու` կրթական համակարգում ենք խնդիր ունենալու: Մեզ պետք են կանանց իրավունքները պաշտպանող համապարփակ օրենքներ, գործող մեխանիզմներ եւ դրա տակ դրվող ռեսուրսներ: Եթե պետությունը ռեսուրս չի դնում, եւ դրանով ինչ-որ մասնավոր կազմակերպություններ, ՀԿ-ներ, դոնորներ են զբաղվում, ամեն մեկն իր կանոններով է գալիս, իր օրենքով է գալիս, իր ներքին կանոնակարգով է գալիս»:

Եթե ազգային օրենքները բավարար չեն կամ լիարժեք չեն գործում նման դեպքերում, արդյո՞ք վերջին շրջանում շատ քննարկված Ստամբուլյան կոնվենցիան ունի համապատասխան գործիքներ նման դեպքերը բացառելու կամ ավելի համապարփակ պետական աջակցություն տրամադրելու համար:

Այս առնչությամբ Մադոյանն ասում է. «Կոնվենցիան նախ` պետությանը կպարտավորեցնի կատարել քայլեր, քանի որ այն ավելի համապարփակ պաշտպանություն է ապահովում, քան ազգային օրենսդրությունը: Ճիշտ է, կոնվենցիան ինքն իրենով չի կարող պետական մարմնի համար հանդիսանալ ուղեցույց, բայց այդպիսի կոնվենցիաները հիմք են հանդիսանում, որ տեղական օրենսդրական դաշտը, ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցվեն այդ կոնվենցիաների չափանիշներին»:

Ի վերջո, կոնվենցիան ստորագրելով, ինչպես նկատում է Մադոյանը, պետությունը պարտավորություն է կրում հասարակության վերաբերմունքը փոխել տարբեր կրթական ծրագրերով՝ սկսած մանկապարտեզներից:
Հովհաննես Մադոյանը նշում է, որ ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ բռնության տեսակները գրեթե նույնն են, ինչ ցանկացած այլ կնոջ նկատմամբ բռնությունը, պարզապես նրանք, կարգավիճակով պայմանավորված, ավելի խոցելի վիճակում են:

ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող եվրասիական կանանց ցանցն «Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյա արշավ»-ի շրջանակներում, 12 երկրներում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Լատվիա հետազոտություն է իրականացրել: Հետազոտությունը կատարվել է 408 կանանց շրջանում՝ խորքային հարցազրույցների միջոցով: Այն ներկայացվել է անցյալ տարի. Հայաստանում ուսումնասիրությունն իրականացվել է 31 կնոջ շրջանում, նրանց մոտ 60 տոկոսը գործազուրկ է, այրի կամ ամուսնալուծված: Հայաստանում հարցվածների՝ ՄԻԱՎ-ով ապրող կանանց 91 տոկոսը ընտանիքում են ապրում: Հարցված կանանց 71,6 տոկոսը նշել է, որ հիմնականում ֆիզիկական բռնության է ենթարկվել: Հարցվածների 65 տոկոսը չեն իմացել բռնության դեպքում ուր կարող են դիմել: Ընդ որում, նրանց մեծ մասը նշել է, որ վստահություն չունի ճգնաժամային կենտրոնների, ապաստարանների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՄԻԱՎ-ով ապրող որեւէ կնոջից բողոք կամ ահազանգ չի ստացել: Այս մասին ՄԻՊ գրասենյակից հայտնեցին «Առավոտի» հարցմանն ի պատասխան: Բայց սա չի նշանակում, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք որեւէ տեսակի բռնության չեն ենթարկվում, պարզապես կա վստահության պակաս եւ հասարակության խտրականության պատճառով այս կանայք հաճախ թաքցնում են իրենց խնդիրները:

Աննա Աբգարյանն ասում է՝ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու, սեփական իրավունքների մասին տեղեկացնելու համար կրթական ոլորտում ամենեւին էլ պետք չէ հեղափոխություն անել, պարզապես պետք է եղածը որակյալ մատուցել, ոլորտում առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործել. «Որովհետեւ կադրային մեծ ռեսուրս կա, կուտակված փորձ կա: Այս թեմաները պետք է մեր կրթական համակարգում պարտադիրների շարքում լինեն: Երեխան միգուցե չի կարող աշխարհագրությունից, պատմությունից շատ մանրամասն գիտելիքներ ունենալ, բայց նա պետք է նվազագույն գիտելիքներ ունենա իր անձնական իրավունքների, իր ֆիզիոլոգիայի վերաբերյալ, որը կյանքում իրեն անհրաժեշտ է: ՄԻԱՎ/ ՁԻԱՀԻ մասին պետք է հստակ իմանա` ինչ է նշանակում պաշտպանված սեռական հարաբերություն, պետք է սովորի տարանջատել, թե բռնությունը որն է, որպեսզի իմանա՝ եթե առնչվեց այդ խնդրին՝ որտեղ պետք է դիմի եւ այլն»:

Աբգարյանը գտնում է՝ ճիշտ կլինի, որ պետական կառույցները ՀԿ-ների պիլոտային ծրագրերի շարունակականությունն ապահովեն, եւ, արդեն պետության հովանավորության ներքո, դրանք շարունակվեն. «Հասարակական ոլորտի եւ պատկան մարմինների երկխոսությամբ շատ լավ ծրագրեր արվում են, բայց դրանք ընդհատվում են, որովհետեւ ֆինանսավորում չի լինում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ- Հայաստանի տեսակետները:

Գլխավոր լուսանկարը՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031