Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրիմինալիստիկա» դասագրքի հեղինակը՝ տուժող

Օգոստոս 30,2019 14:30

Երեք տարի առաջ քաղհայցով դատարան էին դիմել իրավաբան-դասախոս Վ.Հարությունյանի երկու քույրերը՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին հայցապահանջով:

Արգելանք էր դրվել դասախոսի տան վրա, ապա դատարան էր մուտքագրվել հայցից հրաժարվելու, գործի վարույթը կարճելու մասին հայցվորների դիմումը: Չնայած դրան՝ հարցը տեղափոխվեց քրեաիրավական դաշտ. ըստ ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի, քույրերից մեկի որդին այրել էր ավտոտնակը, սպառնացել Վ.Հարությունյանին:

Ստորեւ տպագրում ենք Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, «Կրիմինալիստիկա» դասագրքի հեղինակ Վ.Հարությունյանի նամակը:

«Որպես՝ իրավաբան- դասախոս ցանկանում եմ հանրությանը ներկայացնել դատական համակարգի երկու ներկայացուցիչների՝ Դատական դեպարտամենտի դատական ծառայող Գոհար Հարությունյանի, ով նշված դեպարտամենտի իրավական վերլուծության բաժնում աշխատում է որպես մասնագետ եւ Երեւանի էրեբունու շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի անօրինական գործունեությունը։

Տեղեկացնում եմ նաեւ, որ շատ մոտ ժամանակում (ս.թ. սեպտեմբեր ամսվա մեջ) հրատարակվող «Կրիմինալիստիկա» առարկայի հայերեն լեզվով ամբողջական եւ ծավալուն (536 էջ) բուհական դասագրքի հեղինակն եմ եւ միաժամանակ մի քրեական գործով տուժող։ Այդ քրեական գործի համարն է 12108713:

Նշված քրեական գործով միակ կասկածյալը վերեւում նշված դատական ծառայող Գ. Հարությունյանի քրոջ տղան է։ Այս դատական ծառայողը, օգտագործելով իր ծառայողական դիրքը, տարբեր ճանապարհներով ու միջոցներով միջամտել է եւ ներկայումս էլ շարունակում է միջամտել այդ քրեական գործի քննությանը, որպեսզի իր քրոջ տղան խուսափի քրեական պատասխանատվությունից։ Այս հարցով Դատական դեպարտամենտի ղեկավարությունը նրան նախազգուշացրել է այդ գործին չմիջամտելու կապակցությամբ։ Այս նախազգուշացումից հետո էլ այդ դատական ծառայողը շարունակել է միջամտել վերեւում նշված քրեական գործի քննությանը, որի հետեւանքը եղել է այն, որ նրա քրոջ տղան նոր հանցագործություններ է կատարել նույն տուժողի նկատմամբ։ Այս նոր հանցագործությունները այդ դատական ծառայողի ջանքերով պարտակվել են։

Այս ամենից բացի՝ նույն դատական ծառայողը վերեւում նշված քրեական գործով որպես վկա հարցաքննվելիս տվել է սուտ ցուցմունք, որը քրեական օրենսգրքով նախատեսված առանձին հանցագործություն է, դրանից բացի կատարել է նաեւ խուլիգանական գործողություն, որի համար Էրեբունու շրջանի ոստիկանությունում պարտավորագիր է ստորագրել։ Իր ծառայողական դիրքը օգտագործելով՝ հանցավոր համաձայնության է եկել Երեւանի Էրեբունու շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի հետ, ով գաղտնի մի շինծու քաղաքացիական գործ է ձեւակերպել իմ տան վերաբերյալ, ինձ շանտաժի ենթարկելու նպատակով։

Այս գաղտնի քաղաքացիական գործի մասին տեղեկացել եմ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողից, ով ինձ է ներկայացրել մի կեղծ, շինծու կատարողական թերթի պատճեն, որի բնօրինակը գոյություն չունի։ Այսինքն, տան սեփականատիրոջ բնակարանի վերաբերյալ գաղտնի կատարվել են անօրինական գործողություններ, որոնց մասին տան տերը ոչ մի տեղեկություն չի ունեցել։ Դատավոր Նաիրա Հովսեփյանը միտումնավոր չի տեղեկացրել սեփականատիրոջն այդ մասին։ Նշված գաղտնի քաղաքացիական գործը վեր եմ հանել ոստիկանության միջոցով եւ այս ճանապարհով մեջտեղ եմ հանել իմ տան նկատմամբ կատարված մի շարք կեղծարարություններ։

ԴԱՀԿ ծառայողի կողմից ինձ հանձնված կատարողական թերթի վերաբերյալ գոյություն չունի դատարանի վճիռ, գոյություն չունի հայցադիմում, իսկ այդ կատարողական թերթը կարդալիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ փաստաթուղթը (եթե դա կարելի է փաստաթուղթ համարել) կազմել է 4-րդ դասարանի աշակերտը։ Այստեղ դատավոր Նաիրա Հովսեփյանը դրսեւորել է բացահայտ անգրագիտություն։ Զարմանալի է այն, թե ինչպես է այս դատավորն այս մակարդակով մինչեւ հիմա դատավոր աշխատել, քանի որ նա բացարձակապես գաղափար չունի դատավորի աշխատանքից։ Իսկ այս մարդկանց գործունեության վրա ոչ մի հսկող չկա, այսինքն լրիվ անտեր վիճակ է տիրում։

Այստեղ գործ ունենք պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի հետ, այսինքն՝ դատավոր Նաիրա Հովսեփյանը իր պաշտոնեական դիրքը օգտագործել է անօրինական բնույթի հարցեր լուծելու համար, որի ընթացքում կազմվել են կեղծ փաստաթղթեր իմ տան նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ դատավորը դատարանը վերածել է «Օստապ Բենդերի» գրասենյակի, որտեղ քննվում են անօրինական, գաղտնի եւ մութ գործեր։

Ներկայումս օրակարգում պետականորեն դրված է ամբողջ դատական համակարգը մաքրելու հարցը այսպիսի մարդկանցից, եւ այս պայմաններում դատական ծառայող Գ. Հարությունյանն ու դատավոր Նաիրա Հովսեփյանը շարունակում են հանցագործություններ կատարել, որոնց հարցով հաղորդում է ներկայացվել Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին, նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու համար՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի, ինչպես նան նշված դատական ծառայողի կողմից մի շարք կեղծարարությունների ու ապօրինությունների հատկանիշներով։ Այս հարցերի կապակցությամբ դատական ծառայող Գ.Հարությունյանին իր աշխատանքի վայրում նախազգուշացնելուց հետո, նրա կողմից կատարված նոր անօրինականությունների մասին երկու անգամ տեղեկացվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին, ով խուսափել է այդ դատական ծառայողի նկատմամբ լուրջ միջոց կիրառելուց՝ դառնալով վերջինիս հանցակիցը, քանի որ Կ. Փոլադյանը, միջոց չկիրառելով, նշված դատական ծառայողին հնարավորություն է տվել, որ վերջինս շարունակի իր հանցավոր գործունեությունը, իսկ այս ամենի հետեւանքը եղել է այն, որ հարցը հասել է այդ դատական ծառայողի վերաբերյալ ոստիկանությանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն։ Այսինքն՝ այս հարցում իր մեղավորությունն ունի Կ. Փոլադյանը, ով ժամանակին տեղյակ լինելով այս ամենի մասին, խիստ միջոց չի կիրառել այդ դատական ծառայողի նկատմամբ, այս ձեւով պարտակել է Գ. Հարությունյանի անօրինական գործունեությունը, իսկ նրա նկատմամբ խիստ միջոց կիրառելու դեպքում նշված դատական ծառայողը չէր կարող շարունակել այսքան ապօրինություններ կատարել:

Ինչպես երեւում է՝ Դատական դեպարտամենտում անտերություն է տիրում եւ այս փաստերի առկայության պայմաններում շատ հանգիստ կարելի է ենթադրել, որ Դատական դեպարտամենտում Գ. Հարությունյանը միակ հանցավոր գործունեություն իրականացնողը չէ, նրա նմանները այդ հիմնարկում շատ կան։

Ոստիկանությունը պարտավոր է բոլոր հարցերի մանրամասնությունները պարզել։ Հանրությանը իրազեկում եմ, որ այս մարդիկ անամոթաբար հանցագործություն են կատարում գիտության ոլորտի աշխատողի հանդեպ, ով «Կրիմինալիստիկա» առարկայի մեծածավալ բուհական դասագրքի հեղինակն է. այս դասագիրքն իմ մենագրությունն է, որն իր մեջ ընդգրկում է ամբողջ իրավապահ մարմինների՝ ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, դատարանի, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, փորձագիտական հիմնարկների գործունեությունը։

Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայ-Ռուսական համալսարանի դասախոս,
«Կրիմինալիստիկա» դասագրքի հեղինակ

«Առավոտ» օրաթերթ

29.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031