Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նվաճում են ամերիկյան ռինգերը

Օգոստոս 30,2019 12:30

Օգոստոսի 16-ին «Punch Boxing» պրոմոութերական ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը, նորամուտը նշելով ամերիկյան ռինգում, վեց ռաունդանոց մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթել էր Դերիոն Չեփմենին եւ հայտնվել հանրահայտ «Top Rank Promotions» ընկերության հետաքրքրության շրջանակներում: Հայ բռնցքամարտիկն այդ մենամարտի երրորդ ռաունդում երկու անգամ մրցակցին նոկդաունի էր ենթարկել, իսկ հինգերորդում՝ Չեփմենի մարտավկաները իրենց մարզիկին ավելի լուրջ վնասվածքներից հեռու պահելու նպատակով սրբիչը նետել էին ռինգ՝ ի նշան Գոռ Երիցյանի անվերապահ առավելության:

«Punch Rank» ընկերության հիմնադիր նախագահ Արամ Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հիմա իրենք բանակցությունների ավարտական փուլում են «Top Rank»-ի հետ, եւ հնարավոր է պայմանագիրը ստորագրվի սեպտեմբերին:

Թե ինչպիսի պրոմոութերական ընկերություն է հետաքրքրված Գոռ Երիցյանով, տեղեկացնենք, որ «Top Rank Promotions» ընկերությունը 1973 թվականին հիմնադրել է ճանաչված բիզնեսմեն Բոբ Արումը: Նրա կազմակերպած մենամարտերը ցուցադրում են Ամերիկայի ու աշխարհի առաջատար այնպիսի հեռուստաընկերություններ, ինչպիսիք են HBO-ն, «Shoetime»-ը, NBC-ը, ESPN-ը: Այդ ընկերությունն են ներկայացրել Մուհամմեդ Ալին, Մեննի Պակյաոն, Խուան Մանուել Մարկեսը, Օսկար դե Լա Հոյան, Ֆլոյդ Մեդվեյզերը, Ջորջ Ֆորմանը եւ այլոք:

WBO վարկածով մինչեւ 12 տարեկանների աշխարհի չեմպիոն Գոռ Երիցյանը իր 11-րդ անընդմեջ հաղթանակի մասին ասում է, որ այդ մենամարտին 2,5 ամիս նախապատրաստվել է ԱՄՆ-ում, «Wild Card Boxing» ակումբում եւ այդ ընթացքում մարզումային մենամարտեր  է անցկացրել լուրջ մրցակիցների հետ: «Չեփմենի վարկանիշն այնքան էլ բարձր չէր, սակայն մարտը վարելու ոճով բավականին խնդիրներ էր առաջացնում, քանի որ նաեւ MMA-ում մենամարտելու բավականին փորձ ուներ, ինձանից բարձրահասակ էր եւ ձախակողմյան կանգնվածք ուներ: Սակայն այդ ամենը չխանգարեց ինձ», – ասում է նա:

Գոռ Երիցյանը թեեւ այլեւս չի աշխատում ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ եւ իր վերջին մենամարտին նախապատրաստվել է ամերիկացի Ֆրեդի Ռոուչի ղեկավարությամբ, սակայն Aravot.am-ի հարցին, թե հետագա  համագործակցությունն այլեւս հնարավոր չէ՞, պատասխանեց, որ շարունակում է լավ հարաբերություններ պահպանել Դավիթ Թորոսյանի հետ եւ ապագայում կրկին միասին աշխատելը չի բացառում:

«Punch Boxing» ընկերությունը շարունակում է աշխատել Նարեկ Աբգարյանի հետ, որն իր հերթական մենամարտն անցկացնելու է ԱՄՆ-ում, սեպտեմբերի 20-ին, սակայն Արամ Դավթյանի հետ համագործակցությունը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել է:

Արամ Դավթյանը նաեւ նշեց, որ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ անցկացնելու իր նախկին ծրագրերն առայժմ անորոշ վիճակում են: Նա մի քանի անգամ փորձել է դա իրականացնել, սակայն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել: Իր բռնցքամարտիկների՝ ամերիկյան ռինգ մտնելուց հետո գաղափարը կյանքի կոչելն ավելի դժվար կդառնա, սակայն խոստացավ, որ ապագա ընկերությունների հետ կնքվելիք պայմանագրերում կփորձի այնպիսի կետ մտցնել, որը ժամանակ առ ժամանակ Հայաստանում մարտեր կազմակերպելու հնարավորություն կտա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031