Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինի ու Մակրոնի արցախյան նոտաները

Օգոստոս 30,2019 12:00

Երկար դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների առաջնորդները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման թեման

Օգոստոսի 20-ին Ֆորտ Բրեգանսոնում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական եւ վստահելի՝ հաղորդեցին միջազգային լրատվամիջոցները։ Նրանք հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք թեմաներ: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ քննարկված հիմնական թեմաները եղել են նորմանդական ձեւաչափով գագաթնաժողովի անցկացման հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրները եւ այլն: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Երկու նախագահների հանդիպման ու բանակցությունների մասին Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է. «Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի մասին՝ անդրադառնալով թե՛ սահմանադրական կոմիտեի ձեւավորմանը, թե՛ կարգավորման հեռանկարներին, թե՛ փախստականների վերադարձին: Անդրադարձ է կատարվել նաեւ բազմաթիվ այլ տարածաշրջանային խնդիրների՝ Բալկաններ, Ղարաբաղ, զրուցել են նաեւ կլիմայի մասին: Ընդհանուր առմամբ բանակցությունները դրական են եղել»:

Երկար դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների ղեկավարների բանակցությունների հետո տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման։ Ըստ ամենայնի՝ Պուտինն ու Մակրոնը կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակով ունեն որոշակի մտահոգություններ եւ հարկ են համարել ի թիվս այլ խնդիրների՝ նաեւ կանգ առնել Արցախի թեմայի վրա։

Թե որ կողմի՝ ռուսակա՞ն, թե՞ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ է կայացել ղարաբաղյան կարգավորման թեմայի քննարկումը, հստակ չէ, սակայն փաստն ինքնին կարեւոր է, եւ նշանակում է ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու հարցում միջնորդ պետությունների ղեկավարները ջանքեր գործադրում են։

Անցյալ շաբաթ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ: Արցախի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը եւ Կասպշիկը քննարկել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Մայիլյանը Կասպշիկի հետ քննարկել է «Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը եւ նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետեւելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը»: Նրանք մտքեր են փոխանակել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների վերաբերյալ:

Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Աբրահամյանը եւ Կասպշիկը մտքեր են փոխանակել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի եւ առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ ե՛ւ Կարմիր խաչը, ե՛ւ Պաշտպանության նախարարությունը, ե՛ւ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում»,- ասաց նա։

ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են. «Բանակցային գործընթացը չի կանգնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն»։ Նկատենք, որ առաջիկայում ԱՄՆ-ում ակնկալվում է, որ կկազմակերպվի Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը։

Անցյալ շաբաթ նաեւ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Ըստ Արցախի արտաքին գործերի նախարարության՝ զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու եւ տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ:

Զեկույցում ներկայացված է տեղեկատվություն՝ կայուն զարգացման ոլորտներում կոնկրետ նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացի մասին՝ ի հեճուկս Ադրբեջանի կողմից անվտանգային լուրջ մարտահրավերների, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքների: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:

Այս առթիվ՝ Ադրբեջանը բողոքի նամակ հղեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան նշել է. «Ի պատասխան հայկական կողմի հերթական սադրանքի՝ Ադրբեջանը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Նամակը կհրապարակվի մոտ օրերս՝ որպես Գլխավոր վեհաժողովի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի, ապա նաեւ «Ղարաբաղում ադրբեջանական համայնքի» նամակներով ՄԱԿ եւ ԵԱՀԿ ուղարկված դիմումներին՝ կապված Հայաստանի վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը News.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Միջազգային հանրության, պետության սուվերեն իրավունքն է՝ դիմելու միջազգային եւ տարածաշրջանային կառույցներին, սակայն առավել նախընտրելի կլիներ, եթե Ադրբեջանը, թեկուզ միջնորդավորված, քաղաքակիրթ երկխոսություն վարեր Հայաստանի եւ Արցախի հետ»:

Իսկ գալով Արցախին ԱՄՆ ֆինանսական օգնության հարցին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նկատել է. «Սա գործընթաց է, որը յուրաքանչյուր տարի ընթանում է ԱՄՆ վարչակազմի, ներկայացուցիչների պալատի եւ Սենատի միջեւ՝ ԱՄՆ բյուջեի արտաքին հատկացումների շուրջ տարվող բանակցությունների առանցքում: Ամեն տարի այս բանակցությունների արդյունքում, որպես կանոն, ապահովվում է նաեւ օգնություն Արցախին։ Բնականաբար, մեր առաջնահերթությունն է նաեւ ապահովել Արցախում տարբեր հումանիտար ծրագրերի նախաձեռնումը եւ իրականացումը. ուստի դա էլ է մեր երկկողմ օրակարգի հարց տարբեր գործընկերների հետ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031