Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի տարբերվող կարծիքը՝ գիշերօթիկների լուծարման մասին

Օգոստոս 29,2019 22:44

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀԿ ներկայացուցչների ու Գյումրու երկու գիշերօթիկ դպրոցների տնօրեններ մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում գիշերօթիկների լուծարման դեպքում երեխաներին ու նրանց ընտանիքներին անհատական աջակցության գործողությունների պլանի մշակման շուրջ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մի պահ մտավ դահլիճ, ողջունեց հյուրերին ու արտահայտեց իր կարծիքը այս թեմայի շուրջ։ Մարզպետն արտահայտեց իր մտահոգությունները ու խոսեց այնպես, ինչպես կխոսեր գիշերօթիկ դպրոցում աշխատող ցանկացած մասնագետ։

Նա ասաց, որ թեման բառի բուն իմաստով շատ նուրբ է, քանի որ առաջնահերթ խնդիրը երեխաներ են, նրանց անհոգ ապրելու ու մեծանալու իրավունքը։

«Մեր երկրում մենք ունենք այսպես կոչված սոցիալական որբության ինստիտուտը՝ խնամքում, հատկապես շուրջօրյա խնամքում երեխաների մեծ մասը հայտնվում են սոցիալական պատճառով։ Սա շատ մտահոգիչ դրույթ է հատկապես Շիրակի մարզում, հատկապես Գյումրիում, երբ ունենք 3600 տնակներ և այդ տնակների ճնշող մեծամասնությունում տարրական կենցաղավարության մասին որևէ խոսք չի կարող լինել»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետն ասաց, որ այս դեպքում երեխայի վերադարձը ընտանիք դառնում է շատ ավելի բարդ և ծախսատար։

«Մենք ունենք իրավիճակ, երբ պետությունը մեկ երեխայի համար գիշերային խնամքի հաստատությունում տարեկան ծախսում է մոտ 3500 դոլար, տեսեք երկու ծայրահեղություն․ եթե հաշվենք բյուջեն ընտանիքի, ըստ էության, ընտանիքը երեխայի կենցաղը պահպանելու համար չունի տարեկան 500- 600 դոլար չունի, որ երեխան հայտնվում է սոցիալական ծառայությունում, ու այդ երեխայի համար պետությունը մյուս կողմից օգտագործում է 3500 դոլար նրան այդ ծառայությունը մատուցելու, ընտանիքին փոխարինելու համար։

Իհարկե, մենք ունենք դեպքեր, երբ երեխայի վերադարձը ընտանիք բացառվում է, արգելվում է, և այս տեսանկյունից միանշանակ է Շիրակի մարզը նոր տեսակ ծառայության կարիք կունենա։

Ցերեկային խնամքի ինստիտուտը լուրջ զարգանալու, լավ նախադրյալ դառնալու խնդիր ունի։ Բացի դրանից, մենք ունենք միջավայր, որտեղ տեխնիկապես երեխայի վերադարձը հնարավոր չէ, բոլոր շահագրգիռ կողմերի համար պետք է դառնա կոչ և մեզ համար շատ կարևոր է , որ այս գործընթացի արդյունքում որևէ մեկ երեխա չհայտնի այն վիճակում, որն ավելի խնդրահարույց է, քան մինչ այդ ունեցած իր կարգավիճակը ծառայության մեջ։

Մյուս կողմից մենք ունենք շուրջ 150 աշխատակցի խնդիր և պարզ է, որ այս խնդիրը մեր մարզի համար ևս առանջնահերթ պիտի լինի։ Գործազրկության ամենամեծ թիվն ունեցող մարզի համար 150 աշխատատեղը խիստ կարևոր է, և սոցապնախարարությանը ու մյուս շահագրգիռ կողմերին պիտի խնդրեմ, որ այս գործընթացի մյուս ծանրակշիռ թևում դիտարկի մեր անձնակազմերի հետ կապված հարցը․ եթե մենք ծառայություններ ենք դիտարկում, ուրեմն առաջնահերթությունը տալ մեր աշխատակիցներին, այդ ծառայությունները համալրել նրանցով, ովքեր բավականին լավ փորձառություն ունեն»-, ասաց մարզպետը ։

Նա իր խոսքի վերջում մեկ անգամ ևս շեշտեց, որ երեխաների ճակատագիրը դեպի լավը փոխելը բոլորի հիմնական նպատակն է, բայց նաև կարևոր է աշխատակիցների ճակատագիրը։

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը փորձառու է այս ոլորտում․ նա նախքան մարզպետ նշանակվելը 2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու էր։ 2013-2016 թվականներին էլ եղել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգողն է եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031