Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հրապարակված ուսումնասիրություններով եւ վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար

Օգոստոս 29,2019 20:20

Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը առնչվում է մեր ժողովրդի համար այնպիսի կենսական հարցերի, ինչպիսիք են երկրի բնակիչների առողջությունը, առողջապահական եւ հանգստի ինդուստրիան, բնապահպանությունը, տուրիզմը, հանքարդյունաբերությունը եւ, ընդհանրապես տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը:

Հայ Ազգային Կոնգրեսը, մշտապես կարեւորելով այս խնդիրները, 2012 թվականին ընդունել է «ՀԱԿ էկոլոգիական անվտանգության հայեցակարգ» փաստաթուղթը, որում անընդունելի է համարել Ամուլսարի, Թեղուտի, Հրազդանի եւ այլ հանքավայրերի այնպիսի շահագործումը, որը ոչնչացնում է շրջակա էկոհամակարգը, անհամաչափ վնաս պատճառում բնությանը, ծանր հարված հասցնում մարդկանց առողջությանը, հափշտակում ժողովրդին պատկանող ընդերքի հարստությունը:

Ամուլսարի հանքի շահագործման հարցն էլ ավելի է կարեւորվում այն հանգամանքով, որ այն տեղակայված է Հայաստանի գլխավոր ջրային ռեսուրսների կուտակման տարածաշրջանում եւ առողջապահության ու հանգստի ինդուստրիայի կենտրոն՝ Ջերմուկի մերձավորությամբ, հետեւաբար, շահագործման հետ կապված բնապահպանական վնասները կարող են անշրջելի ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի ժողովրդի առողջության եւ երկրի բնության եւ էկոհամակարգի վրա: Այս խնդիրները, հատկապես կենսական նշանակություն են ձեռք բերում աշխարհում բնակլիմայական սրընթաց փոփոխությունների պայմաններում, որոնք սպառնում են էապես կրճատել բնակության համար պիտանի տարածքները:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը մեր հանրությանը հույս է ներշնչել, որ հանքարդյունաբերության խնդիրները դուրս կբերվեն կոռուպցիայի եւ ընդերքի գիշատիչ շահագործման ճահճից: Այն ավելի ամրապնդվեց, երբ Ամուլսարի հանքի հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններ թաքցնելու առթիվ, որի շրջանակներում որոշում ընդունվեց պատվիրելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ Բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատման /ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ/ հաշվետվությունների անկախ փորձաքննություն:
Ցավոք սրտի, օգոստոսի 21-ին Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի կողմից հրապարակված ԷԼԱՐԴ կազմակերպության փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաեւ դրան հետեւած վարչապետի եւ կառավարության այլ անդամների հայտարարությունները եւ հիմնավորումները հանրության մոտ մի շարք հարցեր են հարուցել, որոնք կասկածի տակ են դնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությունը:

1. Նախեւառաջ, պարզ չէ, թե ինչու կառավարությունը չի հրապարակում «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը: Դա չի կարող կոմերցիոն գաղտնիք լինել, քանի որ կնքված չէ երկու մասնավոր ընկերությունների միջեւ: Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի հանրությանը, իսկ պայմանագիրը կարգավորում է պետության սեփականության հանդիսացող ընդերքի շահագործումը, հետեւաբար հարցը գտնվում է հանրային ոլորտում եւ պետք է ապահովվի կայացած գործարքի շուրջ կատարյալ թափանցիկություն: Պայմանագրի հրապարակումը թույլ կտա հանրությանը քննել բոլոր հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պարզել, թե ինչպես է բաշխվում հանքի շահագործումից ստացված շահութը ընկերության եւ պետության միջեւ, հստակ պատկերացնել երկու կողմերի պարտավորությունները եւ իրավունքները, գնահատել հնարավոր արբիտրաժային դատավարության արդյունքում պոտենցիալ ֆինանսական կորուստները: Այլապես, հանրության մոտ մշտապես կասկածներ կմնան գործարքի կոռուպցիոն բնույթի մասին: Առանց այդ հրապարակման վստահելի չեն նաեւ բոլոր խոսակցությունները արբիտրաժի հնարավոր ռիսկերի մասին:

2. Որեւէ կերպ բացատրելի չէ, թե ինչու չի անցկացվել անկախ նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ինչը թույլ կտար փարատել նախկին ռեժիմի պայմաններում անցկացված ՇՄԱԳ-ի եւ ԲՍԱԳ-ի կոռուպցիոն բնույթի հետ կապված հանրության հիմնավոր կասկածները եւ վստահություն ներշնչել հանքի շահագործման վնասների ճշգրիտ գնահատման վերաբերյալ, առավելեւս հաշվի առնելով այն հանգամանքը, որը ԷԼԱՐԴ-ը իր հետազոտության շրջանակներում դաշտային ուսումնասիրություններ չի անցկացրել:

3. ԷԼԱՐԴ-ի 200-էջանոց փաստաթղթի մեջ հրապարակված բացահայտումները եւ փաստերը ցույց են տալիս, որ «Լիդիան»-ի կողմից անցկացված Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը (ՇՄԱՓ-ը) պարունակում է աղաղակող եւ համակարգային բնույթ կրող սխալներ եւ բացթողումներ, որոնք վերաբերում են ե՛ւ փաստերի անճշտությանն ու աղավաղմանը, ե՛ւ մեթոդոլոգիայի սխալականությանը, եւ կարեւոր չափանիշների չափման բացակայությանը: Այդ բացահայտումները հակասության մեջ են ե՛ւ ԷԼԱՐԴ-ի եզրակացության դրույթների ե՛ւ քննիչ Իվանյանի գնահատականների հետ, ինչի մասին բարձրաձայնել է ԱԺ նախագահի տեղակալ եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

4. Քննիչ Իվանյանի հայտարարությունը, հիմնված չլինելով հրապարակված բացահայտումների վրա, նաեւ թուլացնում է Հայաստանի Հանրապետության դիրքերը «Լիդիան»-ի հետ հնարավոր արբիտրաժային դատավարության ժամանակ:

Հաշվի առնելով վերաշարադրված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակված ուսումնասիրություններով եւ վերլուծություններով ձեռք բերված տեղեկությունները բավարար չի համարում Ամուլսարի շահագործման մասին որոշում ընդունելու համար: Անհրաժեշտ է հրապարակել «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը, անցկացնել նոր ՇՄԱԳ եւ ԲՍԱԳ, ստեղծել կառավարությանը կից բնապահպանական խորհուրդ միջազգային հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ եւ շահագործման ուղղությամբ որեւէ քայլ կատարել միայն նման խորհրդի հավանության եւ վերահսկողության պայմաններում, ինչի փորձ Հայաստանն ունեցել է 1993-1995 թվականներին Հայկական ատոմային էլեկտրակայանը վերագործարկելու ժամանակ:

Անհրաժեշտ է նաեւ խորապես մշակել Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ եւ օրենսդրություն, որը կներդաշնակի բնակչության առողջապահական, բնապահպանական եւ տուրիզմի շահերը հանքարդյունաբերության զարգացման շահերի հետ, առաջնայնությունը տալով առաջինին:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031