Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Գյումրիում լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը։ Այս փաստն անչափ ոգևորել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին․ նա մեզ հետ զրույցում նշեց, որ վերջապես իրագործվեց իր երազանքներից ևս մեկը․ այս ծրագիրն առաջին իսկ պահից իրեն հեքիաթ է հիշեցրել ու գործազուրկ քաղաքի փրկությունը ինչ-որ տեղ կապել է հենց այս գաղափարի իրագործման հետ։
Հիշեցնենք, որ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ դեռ 1,5 տարի առաջ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի միջև։ Իսրայելական կողմին ոգևորել էր այն փաստը, որ Գյումրին ունի օդանավակայան։ Այն հնարավորություն կտա Գյումրի տեղափոխել տարբեր բրենդների ապրանքներ, դրանք կպահեստավորեն, կփաթեթավորեն և էլեկտրոնային պատվերով կառաքվեն Եվրասիական Միության երկրներ։
Ազատ տնտեսական գոտին տեղակայված է լինելու Շիրակի օդանավակայանի հարևանությամբ, ըստ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, այն դառնալու է էլեկտրոնային առևտրի լոգիստիկ ծառայությունների կարևոր հանգույց։
Նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է 10-12 տարիների ընթացքում կառուցել 319 հա տարածքով ազատ տնտեսական գոտ, այս գոտու ամբողջական գործարկումը իրականացվելու է 5 փուլով, 1-ին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա։
Կարդացեք նաև
Նախարարի խոսքում ամենաոգևորիչն այն է, որ ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ աշխատանքով կապահովի մոտ 13 հազար մարդ։
«Ես նորից եմ կրկնում, որ իրականում սա երազանք է, հեքիաթ է այս քաղաքի համար, այն հողերը, որոնց վրա շինարարական աղբ էր կուտակված, պատկերացրեք այդ տարածքը կդառնա դրախտ։ Եվ ամենակարևորը, սարքում են շրջանցող ճանապարհը․ պայմանավորվածություն ունենք, որ 14 կիլոմետր ճանապարհով իրենք պիտի օդանավակայան հասնեն, շրջանցողն էլ 3,5 կիլոմետր է, սարքում ենք այս պահին։ Վստահ եմ, որ բանակցությունները քաղաքապետարանի ու այդ կազմակերպության միջև լավ կավարտվեն, հրաշք է, որ Շիրակի մարզն ունեցավ ազատ տնտեսական գոտի»,-ոգևորված ասաց Սամվել Բալասանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ