ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների մասին ասել էր. «SaveAmulsar գրած մարդիկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Ամուլսարը: Երբ Իջեւանում ծառ էին կտրում, բնապահպանությունը չէր գործում: Բնապահպանը չի կարող կիսատ լինել: Հիմա թրենդային է հեշթեգ ստեղծել ու դրա շուրջ բոլոլա հավաքել»:
Aravot.am-ի հետ զրույցում բնապահպան Ապրես Զոհրաբյանն Ալեն Սիմոնյանին ասածին այսպես արձագանքեց. «Երբ ես գրում եմ #SaveAmulsar, շատ լավ գիտեմ, թե որտեղ է Ամուլսարը: Մեծ մասը շատ լավ պատկերացնում է Ամուլսարի տեղը եւ խնդիրը»:
Ապրես Զոհրաբյանն անհեթեթ որակեց «ինչո՞ւ բնապահպանները նախկինում չէին խոսում», «ինչո՞ւ Սերժի ժամանակ չէին ասում» եւ նմանօրինակ այլ բնորոշումները: Նա նշեց. «Կան համապատասխան մարմիններ, թող բռնեն ծառ կտրողի ձեռքը: Բազմիցս բնապահպանները բարձրաձայնել են ծառահատումների մասին, ահազանգել, այդ թվում Ամուլսարի խնդրով անհանգստացած բնապահպանները: Պարզապես Ամուլսարն այն խնդիրն է, որը համակարգային հարված է հասցնում ՀՀ-ի ողջ էկոհամակարգին: Գուցե դա է պատճառը, որ Ամուլսարի շուրջ աղմուկն ավելի մեծ է, բայց որեւէ անգամ ծառահատումների հարցը չի անտեսվել: Թե այդ ժամանակ ինչով էր զբաղված Ալեն Սիմոնյանը, չգիտեմ, բայց եթե ուշադիր լիներ այդ ահազանգերին, հաստատ լսած կլիներ դրանց մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ