««Moody’s»-ը Հայաստանի վարկանիշը որակապես մի քիչ ավելի բարձր դիապազոն բարձրացրեց»,-այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է ՀՀ կառավարության ազգային արժույթով եւ արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի եւ արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:
Մանուկյանի խոսքերով՝ արտաքին աշխարհից եկող ազդակները մեծ վստահություն եւ օբյեկտիվություն են ներշնչում: Ըստ պատգամավորի, այդ վարկանիշային գործոններում մի քանի առանցքային ուղղություններ կան, դրանք են՝ մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների կայունությունը, նաեւ ֆիսկալ- հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսելիությունը. «Եվ այս համատեքստում, այն դրական հեռանկարները, որոնք նախատեսվում են, կարեւոր են հենց հիմա, որովհետեւ ի տարբերություն նախկինի, եթե մենք նույնիսկ ֆորմալ համահունչ վարկանիշներ ենք ստացել, հիմա ունենք այլ կարեւոր գործիք, որով շփվում ենք աշխարհի հետ: Դա պարտատոմսերի թողարկումն է»: Այսինքն, ինչպես Մանուկյանը նկատեց, Հայաստանը կարող է ակնկալել պարտատոմսերի տոկոսադրույքների է՛լ ավելի նվազ պայմաններ. «Իսկ սա նշանակում է, որ մեր հարկատուները, մենք բոլորս այդ նույն պարտատոմսերի սպասարկման համար որոշակիորեն ավելի քիչ գումար պետք է վճարենք, քան կվճարեինք, եթե գտնվեինք ավելի բարձր ռիսկային գոտում»:
Բացի այս, «Moody’s»-ի տված վարկանիշն, ինչպես պատգամավորն ասաց, ներդրողներին դրական ազդակներ է փոխանցում, տարածաշրջանում ներդրողների համար մրցակցություն է գնում, եւ այս իմաստով Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանից ավելի բարձր դիրքերում էին գտնվում. «Հիմա այս որակական փոփոխությունով մենք մի քայլ ավելի մոտեցանք դրան, եւ այդ զեկույցում չափազանց կարեւոր է, որ այդ զեկույցում խոսվում է միջնաժամկետ հորիզոնների մասին, այսինքն՝ 5-6% տնտեսական աճի մասին: Սրանք լուրջ ազդակներ են, մեր գործընկերներն ապագան ավելի դրական են գնահատում»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նշեց, որ շատ կարեւոր է, որպեսզի դիվերսիֆիկացիան տեսանելի է արտաքին խաղացողների համար. «Չենք կարող միանգամից ակնկալել ներդրողների աճ, դրա համար պետք է հավելյալ աշխատանք տանել, բայց ըստ վարկանիշի՝ այնտեղ երկրները դասակարգվում են նաեւ սպեկուլյատիվ կամ ավելի բարձր ռիսկայնությամբ: Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանն այդ դաշտում են գտնվում»:
Մանուկյանի ներկայացմամբ՝ այն երկրների, որոնց հետ մրցակցում է Հայաստանը, դրանց համեմատությամբ, ավելի կայուն է մեր երկիրը. «Ամենակարեւորը՝ եկամուտներ գեներացնելու երկարաժամկետությունը նույնպես ամրագրվում է: Այսինքն՝ մի կողմից մենք ունենք որպես արտաքին աշխարհում պարտատոմսերի առումով է՛լ ավելի կայուն գործընկեր լինելու ազդակ, որը կազդի տոկոսադրույքների վրա, մյուսը՝ ներդրողների համար է՛լ ավելի կայուն գործընկեր լինել: Այս երկրների հետ համախմբի մեջ սա հավելյալ արտոնություն է, որովհետև ներդրողները, սովորաբար, ուղղորդվում են հենց այս վարկանիշներով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ