2020թ. Արցախի Հանրապետությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Եվ չնայած ժամանակ դեռ շատ կա, բայց քարոզարշավն արդեն սկսվել է: Newcaucasus.com պարբերականը նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի հետ, որն արդեն հայտարարել է առաջադրվելու իր մտադրության մասին, խոսել է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղի հարաբերությունների, տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության, պատերազմի վերսկսման վտանգների մասին:
— Դուք հայտարարում էիք այն մասին, որ առաջադրվելու եք չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում: Ինչու՞ եք նման որոշում կայացրել:
— Ես «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդն եմ, որը Ղարաբաղում կշիռ ունի, մասնակցում է բոլոր քաղաքական հարցերին և գործընթացներին, և հետևաբար, մենք չենք կարող կողքից հետևել: Եվ քանի որ կուսակցությունը կմասնակցի 2020թ. սպասվող ընտրություններին, ապա ես ևս, որպես կուսակցության առաջնորդ, պետք է մասնակցեմ դրանց: Բացի այդ, մենք մեծ ռեսուրսների ենք տիրապետում, և ես կարծում եմ, որ Ղարաբաղի ապագայի համար իմ որոշումը հիմա արդիական է:
— Արդեն մի քանի մարդ հայտարարել են Ղարաբաղի նախագահ դառնալու իրենց մտադրության մասին: Ինչպես եք գնահատում Ձեր և նրանց հնարավորությունները, ռեսուրսները, ուժերը…
Կարդացեք նաև
— Դա գնահատել հնարավոր կլինի միայն ընտրություններից հետո, քանի որ ընտրում է ժողովուրդը: Հիմա բարդ է ասել: Բայց կարող եմ նշել, որ մենք ունենք Ղարաբաղում ամենամեծ կուսակցությունը ինչպես անդամների թվով, այնպես էլ իր կշռով: Խորհրդարանում նույնպես մենք ունենք ամենամեծ խմբակցությունը: Իսկ դա նշանակում է, որ մեր հնարավորություններն ավելի մեծ են, քան մյուսներին: Բայց ինչպիսին կլինեն արդյունքները, հայտնի կդառնա միայն ընտրություններից հետո: Ինչպես կընթանա քարոզարշավը, ինչ ծրագրեր կներկայացնեն մյուս կուսակցությունները, մյուս թեկնածուները: Մեզ մոտ միևնույն օրը տեղի կունենան ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններ միաժամանակ: Դա նույնպես նշանակություն կունենա:
— Հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ Ձեր թեկնածությունը պաշտպանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
— Այդպես չէ: Մենք, իհարկե, հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի ղեկավարության հետ, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև մյուս ղեկավարների: Բայց դա չի նշանակում, որ նրանք պաշտպանում են որևէ մեկի թեկնածությունը: Նրանք ցանկանում են և շահագրգռված են, և այդ մասին արդեն հայտարարել է Հայաստանի վարչապետը, որ Ղարաբաղում անցկացվեն լավ, արդար և ժողովրդավարական ընտրություններ: Եվ մենք դա կապահովենք: Իսկ արդյունքն արդեն երկրորդային նշանակության գործոն է:
— Ինչպե՞ս եք Ձեզ տեսնում չճանաչված հանրապետության ղեկավարի պաշտոնում, որո՞նք են Ձեր նպատակները:
— Ես տասը տարի աշխատել եմ որպես վարչապետ և մեկ տարի՝ պետնախարար: Ինձ համար դժվար չէ ինձ տեսնել նաև նախագահի դերում: Բոլոր դժվարությունները, որոնք կան, որոնք եղել են և կլինեն, մեզ ծանոթ են, և մենք կարող ենք գլուխ հանել դրանցից: Իհարկե, խնդիրներ կան: Այո, մենք չճանաչված պետություն ենք: Չկան շփումներ, չկա հաղորդակցություն միջազգային և ֆինանսական ընկերությունների հետ, մենք չենք կարող մասնակցել տարբեր միջազգային ծրագրերի: Բայց մենք ունենք այլընտրանքային հնարավորություններ, որոնք էլ մենք օգտագործում ենք: Ուստի սոցիալ-տնտեսական զարգացման համար մենք խոչընդոտներ չունենք: Վերջին 20 տարում Ղարաբաղում ապահովվել է մեծ տնտեսական աճ: Վերջին տարիներին մեզ մոտ գրանցվել է ամենամեծ տեմպը՝ ՀՆԱ ավելի քան 10% աճ: Հետևաբար, մենք կարող ենք արդեն հիմա հայտարարել, որ մոտ ապագայում այն ծրագրում, որը մենք կհրապարակենք, կարտահայտվեն նույն թվերը. ավելի քան 8% տնտեսական աճ, արդի սոցիալ-տնտեսական հարցերի լուծում, որոնք այժմ ծառացած են մեր առաջ:
— Թվարկե՛ք առաջին երեք քայլերը, որոնք կանեիք նախագահ ընտրվելու դեպքում:
— Մեր ծրագիրը դեռ վերջնական պատրաստ չէ, և ես միայնակ չեմ աշխատելու դրա վրա: Մեր թիմի հետ մենք կաշխատենք գործողությունների ծրագրի շուրջ և աշխատանքների ավարտից հետո այն կհրապարակենք:
— Արդյոք դիտարկո՞ւմ եք Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին որպես ընտրություններում Ձեր հիմնական մրցակից:
— Ես ոչ մեկին հիմնական մրցակից չեմ համարում: Կանցկացվեն շատ ժողովրդավարական ընտրություններ: Ե՛վ ես նրանց համար, և՛ նրանք ինձ համար մրցակիցներ են: Դա միայն Վիտալի Բալասանյանը չէ: Կա Մասիս Մայիլյանը, կա Աշոտ Ղուլյանը և այլք:
— Բայց առայժմ նրանք դեռ միանշանակ չեն հայտարարել իրենց նախագահական հավակնությունների մասին…
— Ո՛չ, նրանք բոլորն էլ հայտարարել են: Ոչ ուղղակիորեն, բայց մենք այդ մասին գիտենք: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհային քարտեզը: Արդեն կան թեկնածուներ, և նրանք բոլորն էլ արժանի են: Բոլորն էլ ունեն լավ անցած ճանապարհ, բոլորին էլ Ղարաբաղում հարգում են, ուստի ինձնից առանձնացնել Վիտալի Բալասանյանին կամ այլ թեկնածուների՝ իմաստ չունի:
— Հայաստանում շնորհիվ «թավշյա հեղափոխության» իշխանությունը փոխվեց: Ինչպե՞ս դրան վերաբերվեցին Ղարաբաղում:
— Եթե անկեղծ, ապա սկզբում շատ զգույշ: Բայց հիմա արդեն նորմալ են վերաբերվում: Օրինակ, բոլորովին վերջերս՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի կենտրոնում՝ Վերածննդի հրապարակում ցույց տեղի ունեցավ, որտեղ ժողովուրդը ցույց տվեց, որ ոչ միայն հարգում է հեղափոխության արդյունքները, այլև այն ծրագիրը, որը ներկայացրել է Հայաստանի վարչապետը, ղարաբաղցիներին գոհացնում է: Մենք դրան հավանություն ենք տալիս: Բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Ղարաբաղի ժողովուրդը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ղեկավարությանը:
— Օգոստոսի 5-ի ցույցին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Ի՞նչ դա կարող է նշանակել:
— Իրականում դարեր շարունակ բոլորն են այդպես կարծում: Դա մեզ համար նորություն չէ: Դարերով մենք պայքարել ենք մեր անկախության և մեր ինքնության պահպանման համար: Եվ այդ պայքարը շարունակվում է մինչ օրս: Ե՛վ Ղարաբաղի, և՛ նրա բնակիչների վերջնական որոշումն այդպիսին. Ղարաբաղը Հայաստանի մաս է, Ղարաբաղը Հայաստան է: Եվ վերջ:
— Իսկ ինչպե՞ս եք դուք դա հասկանում: Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջման: Հնարավո՞ր է, որ խաղաղության երաշխիքի դիմաց Ադրբեջանին հանձնվեն մի քանի շրջաններ:
— Այդ հարցերին հիմա դժվար է պատասխանել: Փոխզիջումների մենք պատրաստ ենք, բայց մյուս կողմը՝ Ադրբեջանը, պատրաստ չէ ոչ մի փոխզիջման: Դա նշանակում է, որ հիմա իմաստ չունի այդ թեմայով խոսել: Քանի որ ամենագլխավորը՝ Ղարաբաղի անկախությունը և Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանը չի հարգում: Նշանակում է, որևէ բանակցություն չի կարող լինել: Մեզ համար ամենագլխավոր հարցն ինքնորոշման իրավունքն է: Ուստի մենք կարծում ենք, որ մոտ ապագայում ոչ մի իրական բանակցություններ չեն լինի այդ հարցի լուծման շուրջ:
— Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր Ղարաբաղը ներգրավել Ադրբեջանի հետ բանակցություններում: Արդյոք Ստեփանակերտը պատրա՞ստ է դրան, ինչպե՞ս է գնահատում իր հնարավոր մասնակցությունը դրանց:
— Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև արդեն մասնակցել ենք բանակցություններին 90-ականների սկզբին, որոնք հանգեցրին հաշտության: Բայց Ադրբեջանը և միջազգային կազմակերպությունները պատրաստ չէին շարունակել բանակցությունները Ղարաբաղի հետ: Եվ այդ պատճառով հետո ոչ մի առաջընթաց չեղավ բանակցային գործընթացում: Բայց առանց բանակցային գործընթացում Ղարաբաղի ղեկավարության մասնակցության բոլոր ջանքերն անօգուտ կլինեն: Իսկ Ղարաբաղի ղեկավարությունը չի կարող հաշվի չառնել ժողովրդի ձայնը: Առանց Ղարաբաղի ղեկավարության մասնակցության և առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու ոչ մի բան չի ստացվի:
— Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Ղարաբաղը պետք է դնել Ռուսաստանի պրոտեկտորատի տակ…
— Նա Ռուսաստանը բերել է որպես օրինակ, որպեսզի հասկանալի լինի՝ ինչպես կարել է օգտագործել նման մեթոդները: Մենք վստահ չենք, որ այդ տարբերակը հարցի լուծման ամենաճիշտ ճանապարհն է: Ես կարծում եմ, որ ի վերջո ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը Հայաստանի մասնակցությամբ կլուծեն այդ հարցը: Ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ Ղարաբաղը և Ադրբեջանը՝ Հայաստանի մասնակցությամբ: Դա ամենաիրական տարբերակն է: Մյուս կողմերը՝ Ռուսաստանը, Եվրոպան կամ Ամերիկան, կարող են մասնակցել բանակցություններին, օժանդակել և որոշակի երաշխիքներ տալ, բայց ոչ որոշումներ կայացնել, քանի որ անգամ Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի հայտարարություններն անել և անգամ մասնակցել բանակցություններին Ղարաբաղի անունից:
— Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ազդեցությունը Ղարաբաղի ներքաղաքական գործընթացներին, Ադրբեջանի և հայկական կողմի միջև բանակցային գործընթացին:
— Իհարկե, Ռուսաստանն ազդում է տարածաշրջանում իրավիճակի վրա: 1813թ. Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվեց Գյուլիստանի պայմանագիրը, որի համաձայն Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի, Վրաստանի մի քանի շրջանների, ինչպես նաև Ղարաբաղի խանության անցումը Ռուսական կայսրությանը: Այսինքն՝ դրանից հետո Ռուսաստանը մեր տարածաշրջանում շատ կարևոր դերակատարություն ունի: Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո նրա դերակատարությունը շատ մեծ էր: Եվ հիմա Ռուսաստանն այստեղ ունի ծանրակշիռ հնարավորություններ և կարող է մասնակցել տարածաշրջանային գործընթացների լուծմանը: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք անկախությունը: Ընդհակառակը: Մեզ համար բարեկամական հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների հետ, ամենակարևորն են:
— Ղարաբաղի նախկին առաջնորդ և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմա գտնվում է բանտում, և ռուսական կողմը՝ Մոսկվան, բազմիցս ակնարկել է Երևանին նրան ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Ղարաբաղում հիմա ի՞նչ վերաբերմունք ունեն Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ կապված գործընթացների նկատմամբ:
— Ես վստահ եմ, արդարությունը կհաղթի:
— Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական շրջանը Լեռնային Ղարաբաղում, արդյոք այստեղ հնարավո՞ր են էքսցեսներ, դիմակայություն տարբեր ճամբարների թեկնածուների միջև: Հայկական լրատվամիջոցներում գրում էին վտանգների մասին, որը կարող է ներկայացնել Սամվել Բաբայանը:
— Ո՛չ, ոչ մի էքսցես չի լինի: Հիմա արդեն բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները պատրաստվում են ընտրություններին և լուծում են իրենց կազմակերպչական հարցերը: Այնպես որ, ես ձեզ հավատացնում եմ՝ հաջորդ տարվա մարտի վերջին մենք կունենանք լավ ժողովրդավարական ընտրություններ:
— Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան, բայց Լեռնային Ղարաբաղը՝ որպես պետություն, ոչ մեկ չի ճանապարհել…
— Մենք ավելի քան 30 տարի կառուցում ենք անկախ պետություն, իսկ Ղարաբաղի ճանաչումը ժամանակի հարց է:
— Եթե Դուք դառնաք Ղարաբաղի նախագահ, ինչպե՞ս եք պատրաստվում զարգացնել հարաբերությունները Սուխումի և Ցխինվալի հետ:
— Դա շատ նուրբ հարց է: Իհարկե, մենք պետք է հաշվի նստենք Հայաստանի շահերի հետ: Մեր հարաբերությունները բոլոր չճանաչված կամ ճանաչված երկրների հետ կախված են նրանից, թե ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա: Վրաստանը Հայաստանի համար ոչ միայն հարևան եղբայրական երկիր է, այլև կարևոր ռազմավարական գործընկեր: Վրաստանի դերակատարությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և նրա անվտանգության հարցում շատ մեծ է:
— Ինչպե՞ս եք գնահատում անվտանգության հետ կապված դրությունը, օրինակ, Ադրբեջանի հետ դիմակայության գծում, արդյոք հնարավո՞ր է իրավիճակի զինված սրացում:
— Մենք ամեն օր ենք դրան սպասում: Առաջին գծում համար մեկ պատրաստվածություն է: Եթե մենք հրադադարի մեջ ենք, դա չի նշանակում, որ ամեն ինչ լինելու է հանգիստ ու խաղաղ: 1994թ-ից մինչ օրս, ինչպես նաև մոտ ապագայում, պահպանվում է փխրուն խաղաղություն, բայց պատերազմն ամեն պահի կարող է սկսվել: Մեզ համար դա գլխավոր ուղղությունն է, և մենք միշտ պատրաստվում ենք պատերազմի: Ուզում ես խաղաղություն, միշտ պատրաստ եղիր պատերազմի: Դա աքսիոմ է:
— Մոսկվան մեկ անգամ չէ, որ իր խաղաղապահների ծառայություններն է առաջարկել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Բայց դրանից միշտ հրաժարվել են և՛ Բաքուն, և՛ հայկական կողմը: Ինչո՞ւ:
— Մենք չենք վստահում ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած այլ խաղաղապահների: Արցախի անվտանգությունը պահպանել կարող են միայն Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության ուժերը: Խաղաղապահների անհրաժեշտություն չկա: Մենք Ադրբեջանի հետ կկարողանանք ապագայում պայմանավորվել: Բայց մեզ անվտանգության միջնորդներ պետք չեն: Բայց, իհարկե, մենք չենք հրաժարվոմ Ռուսաստանի և մյուս բանակցող երկրների երաշխիքներից: Դա նույնպես էապես կարևոր է:
— Ինչպե՞ս եք տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծման իդեալական տարբերակը:
— Իդեալական տարբերակը ես համարում եմ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Եվ վերջ:
— Թերևս դա իդեալական տարբերակ է միայն Ստեփանակերտի համար…
— Այո՛, բայց դժվար է հիմա նշել տարբերակ, որից գոհ կլինեն և՛ ադրբեջանական, և հայկական կողմերը: Ուստի անհրաժեշտ են բանակցություններ: Բանակցություններ Արցախի և Ադրբեջանի միջև: Դա ամենակարևորն է: Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ բանակցությունները պետք է ընթանան ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ Արցախի և Ադրբեջանի: Ստեփանակերտի և Բաքվի: Դա ամենաարդյունավետ ուղին է, առանց որի ոչինչ չի ստացվի: Հայաստանի ոչ մի ղեկավարություն չի կարող երաշխիքներ տալ, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների արդյունքները կգոհացնեն բոլոր կողմերին: Եվ որ Ղարաբաղը կընդունի այդ բանակցությունների արդյունքները: Մենք ունենք 1997թ. օրինակը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր բանակցություններ վարում, և մենք հիշում ենք՝ ինչով դա ավարտվեց: Ուստի բանակցությունները գլխավոր կողմը պետք է լինի Ղարաբաղը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ