Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որտեղ էինք, ուր ընկանք եւ ուր ենք գնում. Սարդարապատի ու Ղարաբաղի հաղթանակներն ու նրանց հետեւանքները

Օգոստոս 29,2019 17:05

Մեր երկիրը 20 տարի անց, Սարդարապատի (մայիս, 1918թ.) եւ Շուշիի (մայիս, 1992թ.) ճակատամարտերից հետո

20-րդ դարի և սկիզբը և վերջը մեր ժողովրդի կյանքում ճակատագրական իրադարձությունների, լինել-չլինելու խնդրի լուծման կարևոր շրջաններ եղան: Դարի և սկզբում և վերջում շատ ծանր ու վճռական, մեր ազգի գոյատևության և ապագայի համար ճակատագրական նշանակության պահերին մենք, այնուամենայնիվ, պատրաստ եղանք հազարավոր հերոսների արյան գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մեր ինքնությունը, բայց արդյոք մենք ազգովի ցուցաբերեցինք իմաստություն, համախմբվածություն ու կառուցողական մտածողություն, որպեսզի արյան գնով ձեռք բերածին խելքի գնով մի բան ավելացնենք: Կարծում եմ՝ ոչ:

Սարդարապատի հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակության, լինել-չլինելու խնդրի լուծման գոյամարտից հետո առաջին Հանրապետությունը ստեղծվեց (1918թ.,մայիս,28 ), այնուհետև ճակատագրի բերումով, այլ ճանապարհ չունենալով, 1920թ. նոյեմբերին Խորհրդային Հանրապետություն դարձավ, որը, ինչքան էլ շատերի համար անընդունելի, անհիմն ու անհավատալի լինի, նաև նրա փրկության ճանապարհը եղավ: Աստված կամ սատանան (ճակատագիրը) մեզ առաջարկեց մահ կամ ծանր, դաժան կյանք և ասաց. «որն ուզում եք ընտրեք»:

Մենք հայտնվել էինք մեծ, հզոր, բայց համամարդկային բարոյական բարձր հատկանիշներից զուրկ, արդարացի լինելու անընդունակ, միայն իրենց շահերով ղեկավարվող պետությունների շահերի բախման հորձանուտում, կիզակետում և մեզ օգտագործում էին որպես «разменную монету» ու իրար էին փոխանցում: Եվ մենք ստիպված էինք ընտրել ոչ թե լավը, լավագույնը, այլ ուղղակի չարիքի փոքրագույնը: Եվ այդ պայմաններում մեր երկիրը կարողացավ կարճ ժամանակամիջոցում ոտքի կանգնել, աշխարհին մեր դեմքը ցույց տալ:

Նույն այդ մեծ տերությունների «թեթև ձեռքով», որին և նպաստեցին կոմունիստական կուսակցության մի շարք վայ ղեկավարներ, քայքայվեց և Խորհրդային երկիրը ու մենք սկուտեղի վրա անկախություն ու ազատություն ստացանք, սեփական բախտը տնօրինելու, մեր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հնարավորություն, բայց նախապես մատուցելով ճակատագրական նշանակության մի փորձանք ևս՝ Ղարաբաղում պաշտպանելու մեր ինքնությունը, մեր, որպես ազգ ու ժողովուրդ ապրելու իրավունքը:

Այս երկու պատմական իրողություններից հետո ինչպես իրեն դրսևորեց հայ ժողովուրդը, կարողացավ արդյոք ընձեռնված պատմական իրողությունները օգտագործել իր օգտին թե ոչ, կարողացավ պետություն կառուցել թե՝ ոչ: Փորձենք կատարել փոքրիկ մի համեմատական վերլուծություն: Իմ այս խոհերը ծնունդ են այն անհանգստության, որը ես ապրում եմ, տեսնելով թե ինչպիսի պաշտպանական, կրթական, իրավական ու մշակութային համակարգ ենք այսօր մենք կառուցում, գիտության, գյուղատնտեսության, արդյունաբերության ինչպիսի երկիր ու սոցիալական համակարգ և վերջապես ինչպիսի պետություն ենք այսօր մենք կառուցել ու նույնը շարունակում ենք: Եթե ինձ մեղադրեն, թե ինչու եմ հիմա դա հասկացել և ինչու եմ այդ մասին այսօր ասում, ապա կարող եմ ասել, որ այդ մասին դեռևս 1991-94թ.թ. եմ Հանրապետական մամուլում[1] բազմիցս հանդես եկել, «… իսկ քարավանը գնում է»:

***

Խորհրդային Հայաստանը ստեղծվեց աղքատիկ, սովի մատնված, գաղթականներով լցված, առանց որևէ տնտեսության, հետամնաց մի երկրում, որտեղ տրանսպորտի ամենատարածված միջոցը էշն էր, իսկ լույսի աղբյուրը ճրագը: Եվ այդ պայմաններում, այնուամենայնիվ, երկիր կառուցվեց, որտեղ բնակչության մեծամասնությունը իրեն այնքան էլ վատ չէր զգում:

Միայն Մյասնիկյանը, որի արձանները Երևանում և Վանաձորում մեր «անկախականները» որպես ազգի թշնամու, ուզում էին ջարդ ու փշուր անել ու հանել, այն ծանր տարիներին Մարտունի անունով մի քանի գյուղեր (ես 4–ը գիտեմ) է հիմնադրել ու գաղթականներով բնակեցրել:

Ահա թե այդ երկրում ինչ զարգացում են ունեցել գիտությունը, արդյունաբերությունը, էներգետիկան և տնտեսության մյուս ճյուղերը հետագա 20 տարիների ընթացքում:

Ընդամենը մի քանի տարի անց կառուցվեցին մի քանի հիդրոկայաններ՝

-1923-26թ.թ. Երևանի ՀԵԿ-ը , ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկը,

-1928-36թ.թ. Ձորագետի, Գյումրիի, Շաքիի, Քանաքեռի ՀԷԿ-երը:

-1926-29թ.թ. շահագործման հանձնվեց Երևանի Ձերժինսկու անվան մեխանիկական գործարանը,

-1927թ. շահագործման հանձնվեց Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը:

-1931-35թ.թ.հիմնովին վերակառուցվեց ու շահագործման հանձնվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որն արտադրում էր պղնձարջասպ և պղնձաթթու:

-1933թ. շահագործման հանձնվեց առաջին հզոր ձեռնարկությունը՝ Կիրովականի քիմիական կոմբինատը,

-1933թ. շահագործման հանձնվեց Արարատի ցեմենտի գործարանը,

-1935թ. շահագործման հանձնվեց Երևանի Կիրովի անվ. քիմիական կոմբինատը, հետագայում «Նաիրիտ»:

-1939թ. Գյումրիում շահագործման հանձնվեց մայիսյան ապստամբության անվ. տեքստիլային կոմբինատը,

-1922թ. շահագործման հանձնվեց «Արարատ» գինու- կոնյակի տրեստը:

1946թ, երբ Խորհրդային երկրի բոլոր ժողովուրդները հիտլերյան հորդաների դեմ կենաց ու մահու պայքարից հետո սկսել էին ապաքինվել, վերականգնել ավերված տնտեսությունը, հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան:

Վերջապես, այդ որ հասարակարգում պատանին, հեռավոր մի գյուղից, որի ծնողները ամիսներով մեկ ռուբլի անգամ չէին տեսնում, կարող էր մի կերպ բեռնատարի թափքում նստելով հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհ կտրել ու քաղաք հասնել և առանց ոչ մեկի օգնության կրթություն ստանալ երկրի լավագույն ԲՈՒՀ-ի լավագույն ֆակուլտետն ավարտելով դառնալ բարձորակ մասնագետ և գիտության ու տեխնիկայի ժամանակակից նվաճումները, ի դեմս տեխնոլոգիական պրոցեսների կառավարման ավտոմատ կոմպյուտերային համակարգերի, նախագծել ու արմատավորել Կուբայի, Բուլղարիայի, Գերմանիայի և Խորհրդային Միության տարբեր ձեռնարկություններում (Բալխաշ, Նովոմոսկովսկ, Վոլժսկի-Մարիական ԱՀ, Նորիլսկ և այլն):

Այսօր դա հնարավոր է արդյոք: Իհարկե՝ ոչ, և ափսոս, հազար ափսոս: Տասնյակ հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ, մանավանդ հեռավոր գյուղերից, չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Իսկ նրանք կարող էին դառնալ բարձորակ մասնագետներ, Մեծ Մարդ, մեր ազգին մեծ օգուտ բերել, իսկ մենք հպարտանայինք նրանցով:

Միթե այն ժամանակ բացի մի քանի հոգուց, ուրիշ ոչ մեկը անկախության և ազատության չեն ձգտել, թե միայն մի քանի հոգի էին դա հասկանում: Ոչ, իրականությունը այլ է: Դեռևս 1965թ. Նովոմոսկովսկի քաղաքային այգում Կիրովականի «Ավտոմատիկա» ԳՀԻ-ի մասնագետները, որոնք տեղի քիմիական կոմբինատում Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կողմից արտադրված «Արարատ» ղեկավարող հաշվիչ մեքենայի բազայի վրա նախագծված կառավարման համակարգ էին ներդնում, ծառեր են տնկել եղեռնի զոհերի հիշատակին, իսկ երեկոյան ռեստորանում շատ շատերին հայկական կոնյակով հյուրասիրել ու բացատրել թե ինչ է տեղի ունեցել կես դար առաջ, այդ թվում հոլանդացի ու ճապոնացի մի շարք ինժեներների ու մասնագետների: Այո, ձգտել ենք ու պայքարել, բայց հնարավորինի սահմաններում, իմաստալից ու արդյունավետ քայլերով, ինչպես ինկերն էին հազարավոր տարիներ առաջ աղոթում՝

Աստված մեզ տուր`

-ուժ ու եռանդ, որպեսզի կարողանանք փոփոխել այն, ինչը հնարավոր է ,

-հոգեկան անդորր, որպեսզի կարողանանք համակերպվել նրա հետ, ինչը չի կարելի փոխել և

-իմաստնություն, որպեսզի կարողանանք տարբերել առաջինը երկրորդից:

Աշխատել ենք հնարավորին չափ իմաստուն գտնվել և դա է եղել միակ արդարացված ճանապարհը: Եվ հասել ենք, շատ բանի ենք հասել, ոչ թե առանձին, առանձին, այլ ազգովի: Մեր ժողովուրդը գիտության, տեխնիկայի, կրթության. մշակույթի, արդյունաբերության բնագավառներում, երբեք, իր հազարավոր տարիների պատմության ոչ մի ժամանակահատվածում նման նվաճումներ չի ունեցել:

Մենք աշխարհին հայտնի էինք մեր երաժշտությամբ(Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան և այլն), արձակով ու պոեզիայով (Պարույր Սեւակ, Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան և այլն), նկարչությամբ (Մարտիրոս Սարյան), գիտությամբ (Վիկտոր Համբարձումյան, Օրբելի և Ալիխանյան եղբայրներ, Հասրաթյան և Սիսակյան, Անդրանիկ Իոսիֆյան և այլն), մեր աստղադիտարանով, արագացուցիչով, հաշվիչ մեքենաներով (Նաիրի, Արագած, Հրազդան և այլն) ու հաստոցներով, որոնք առաքվում էին Չինաստան, Բրազիլիա, Հարավսլավիա, Լեհաստան և այլուր:

Մեր գյուղացին մեր երկրի դարավոր պատմության ընթացքում առաջին անգամ առանց վտանգի ու վախի զգացման կարող էր դաշտ դուրս գալ և նույնիսկ ամիսներով սարերում, ամառանոցներում գիշերել: Նման շրջան հայ ժողովուրդը իր ամբողջ պատմության ընթացքում երբեք չի ունեցել: Այո, ինչ որ իմաստով ժամանակաշրջանը նաև դառն էր, չկար խոսքի ազատություն բայց դրա փոխարեն կար արդյունավետ գործունեության, ունեցած բարոյական ու ինտելեկտուալ հնարավորությունների և ունակությունների դրսևորման բավարար ազատություն:

Կար երաշխիք, որ առանց աշխատանքի ու անգործ չես մնա և կար մի կտոր հացի ու ընտանիքի համար մի անկյան երաշխիք, կար երաշխիք, որ երեխադ անպայմանորեն մանկապարտեզ կհաճախի ու դպրոց կգնա:

Հասարակարգը անարդարացի էր, բայց բնակչության որ մասի համար: Գերակշռող մեծամասնության համար այն տանելի էր ու հույս ներշնչող: Այդպիսին էր այն հասարակարգը, որում մենք ծնվեցինք, պատերազմ ու սով, նաև անարդարություն տեսանք, բայց նաև ինչ որ բանի հասանք, մեր երեխաների, մեր շրջապատի, մեր ժողովրդի և վերջապես մեր խղճի առջև ամոթով չմնացինք:

***

Դարի վերջում ևս անկախություն ստացանք, որից անցել է շուրջ քառորդ դար: Ինչպե՞ս ենք օգտագործել այդ հնարավորությունը, ինչի՞ ենք հասել և ո՞ւր ենք գնում:

Միակ հաջողությունը, որով մեր ժողովուրդը իրավացիորեն կարող է հպարտանալ և ոգևորվել, այն է, որ վերջապես ստացանք հնարավորություն սեփական ուժերով ն իհարկե, առաջին հերթին խելքով, կարող ենք ՆՈՐՄԱԼ ԵՐԿԻՐ կառուցել, ինչը մեր ժողովրդի հավերժ երազանքն է եղել:

Միթե կորցրել ենք մեր ինքնամաքրվելու ունակությունը: Իսկ երբևե ունեցել ենք արդյոք: Այսօր, ինձ թվում է, մենք ազգովի, իսկ Մայր հայրենիքում անվիճելի, անում ենք ամեն ինչ որպեսզի ոչ թե հզոր Հայաստան աշխարհ ու պետություն կառուցենք, այլ, ընդհակառակը, մեր ազգի մտավոր հզոր ուժն օգտագործում ենք, որպեսզի Հայաստան աշխարհում արժանապատիվ ապրելը հնարավոր չլինի: Եվ դա արվում է բոլոր մակարդակներում և բոլոր բնագավառներում:

Այսօր թավշյա հեղափոխության հետ շատերը մեծ հույսեր են կապում, բայց Նիկոլը, ինչքան էլ համառ ու հետևողականորեն փորձի մեր երազած Հայրենիքը կառուցել, չի հաջողվի, եթե մեր ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե առանձին անհատներ ու խմբեր, միասնականորեն այդ նպատակին չծառայի: Եթե ապացուցի որ «Каждый второй-Тигран второй» ասվածը ճիշտ չէ:

Հին իմաստություն է՝

«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, քան ինքնասպանությունից»:

Վարդգես Հովսեփյան

 

1 Շուկայական անցման անհրաժեշտությունը և դժվարությունները(ստեղծել հավասար մեկնարկային պայմաններ) «Վերածննունդ», N 8(8357), 19 հունվարի 1991թ
2 Դեպի շուկայ դատարկ գրպանով, շուկայից յետ՝ դատարկ զամբիիղով «Ազատամարտ», թիվ 18, մայիս, 1992թ.
3 Այսօր բոլորն են աղքատ, ով հոգեպես, ով՝ նյութապես «Արեգ»,2.12.1992թ.
4 Դիմակայենք ազգային գաղափարախոսությամբ զինված «Ազատամարտ»,  1992թ.
5 Սեփականաշնորհում. Պետությունը ի զորու կլինի այն իր հսկողության տակ  վերցնել «Արեգ»,16.12.1992թ.
6 Պատրաստ լինենք ապրելու շուկայական տնտեսության պայմաններում «Ազատամարտ», թիվ 50, դեկտեմբեր, 1992թ.
7 Սայլը մնում է տեղում «Ազատամարտ», թիվ 14, ապրիլ, 1993թ.
8 Շուկայի դավադիր խութերը «Ազատամարտ», թիվ 33, օգոստոս, 1994թ.
9 «Стыдно быть богатым, если властвует беззаконие» «Голос Армении», 28 марта 1998г.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031