«Ցանկություն չունեմ ինչ-որ մեկի, առավել եւս՝ Ալեն Սիմոնյանի ասածները մեկնաբանել: Մեր տեսակետներն ու մոտեցումներն այդ հարցում սպառիչ են: ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես է եկել, Բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ օրերս ծավալուն մեկնաբանություն է տվել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ ՀՅԴ-ի հայտարարության շուրջ հնչեցրած գնահատականին, թե ՀՅԴ-ն հանրությանը հաճոյանալու եւ քաղաքական փնտրտուքների նպատակ ունի, ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը:
Նա նշեց. «Ամուլսարի շահագործման գործընթացը շատ ավելի վաղուց է սկսվել: Շահագործման թույլտվությունը տրվել է 2014թ.-ին, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մաս չի եղել: Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումն անցկացվել է այն ժամանակ, երբ Արծվիկ Մինասյանը տակավին Բնապահպանության նախարար չէր: Մեր մոտեցումներում որեւէ հակասություն չկա: Մենք ասում ենք՝ Ամուլսարի շահագործման հետ կապված այն սպասելիքները, որոնք նոր իշխանությունն առաջացրեց մեկ տարի առաջ, դրանց համապատասխան քայլեր եւ գործողություններ չի ձեռնարկել: Ձեւավորված սպասելիքները չեն արդարացել: Քանի որ ՀՀ նոր իշխանությունն անմիջական ժողովրդավարության մեծ ջատագով է, մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ որոշումը կլինի ժողովրդի կարծիքը հաշվի առնելով լուծում գտնելը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այսպես եք ձեզ պահել, որ ժողովրդի աչքից ընկել։ Մորթապաշտությունից և կոնյուկտուրայից բացի, ոչինչով չեք զբաղվել։ Մեկ էլ մեծ-մեծ խոսելով և գնահատականներ տալով։
Լինելով հանցավոր համակարգի մաս, այսօր դուք և ձեր կուսակցությունը Հայաստանում ոչ խոսալու, ոչ քննադատելու, առավելևս գնահատելու իրավունք չունի։ Ներկայիս կառավարությունը զբաղված է այս երկիրը ճգնաժամից հանելու։