Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» թիմի հետ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղից առաջ «Արարատ Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մրցակցի խաղադաշտում նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այս խաղում էլ իր թիմը ոչ-ոքիով չի բավարարվելու, պաշտպանությունում լինելու է ագրեսիվ եւ փորձելու է գոլեր խփել հաղթանակի հասնելու համար: Մարզիչը մեկ անգամ եւս հաստատել է, որ մրցակից թիմը սիրում է գնդակը երկար տնօրինել, ուստի իր ֆուտբոլիստների առաջադրանքը նրան ժամանակից եւ տարածությունից զրկելն է տհաճություններից խուսափելու համար:
«Ես առաջին հանդիպման ժամանակ էլ նշել եմ, որ մեր թիմերի մրցակցությունում ֆավորիտ չկա: Ընդամենը «Դյուդելանժը» եվրագավաթային խաղերի ավելի շատ փորձ ունի, իսկ հնարավորությունները գնահատում եմ 50/50», – լրագրողների հարցերին պատասխանել է նա:
Վարդան Մինասյանը ասել է նաեւ, որ այսպիսի խաղերից առաջ ֆուտբոլիստներին թուլացնելու կարիք կա, որպեսզի նրանք չափից ավելի մեծ պատասխանատվություն չզգան իրենց վրա, ինչը կարող է խանգարել եւ հակառակ ազդեցություն ունենալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ