«Ազգային անվտանգության ծառայության քննչական գործողություններ իրականացնող նախաքննության մարմինը շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել` ձեռք բերելով որոշ փաստաթղթեր, այդ թվում Պետական եկամուտների կոմիտեից»,-այսօր այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ լրագրողների հարցերին:
Պարոն Անանյանն այլ հարցերի չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ գործը նախաքննության փուլում է: Ասաց նաեւ, որ մեղադրանքի ամբողջ ծավալից տեղյակ չէ:
Հարցին՝ աջակցե՞լ են նախաքննական մարմնին ապացույցներ ձեռք բերելու գործում, պարոն Անանյանը պատասխանեց՝ ՊԵԿ-ը նախաքննական մարմնին աջակցել է փաստաթղթեր տրամադրելով:
«Այդ փաստաթղթերի, վկաների եւ տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել են եզրահանգման եւ մեղադրանք առաջադրել»,- ասաց ՊԵԿ ղեկավարը:
Կարդացեք նաև
Թե ԱԱԾ-ն այլ թվականների տվյալներ նույնպե՞ս պահանջել է կամ ոչ, պարոն Անանյանն ասաց, որ չի կարող ասել. «Ես հիմա ձեզ չեմ ասելու, թե ինչպիսի տվյալներ են մեզանից պահանջել: Նախաքննության գաղտնիության սկզբունք կա, ես ի՞նչ ասեմ, թե ինչ են ուզել: Ես շատ ոգեւորված եմ ձեր պրոֆեսիոնալիզմով, բայց այդ դեպքում տեղեկություն չեմ կարող տալ ձեզ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ