Օգոստոսի 8-12-ը Վրաստանի Կրթության, գիտության և սպորտի Նախարարության «Երեխաների և երիտասարդության ազգային կենտրոնի» և ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ Շաորիում տեղի է ունեցել «Ապագայի ճամբար» ուսանողական ճամբարը, որին մասնակցել են նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման ամբիոնի դասախոս, Լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանը, ճամբարի նպատակն էր նպաստել վրացի և հայ երիտասարդների հարաբերությունների ամրապնդմանը։
Հայտնեց, որ քննարկվող թեմաներն են եղել կամավորությունը, առաջնորդությունը եւ հաղորդակցությունը: Նա տեղեկացրեց, որ Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այցելել են Շաորի, ներկայացրել զինված ուժերին վերաբերող տեղեկություններ, խոսել վրացական բանակի կարևորության, ինչպես նաև ռազմական կրթության և ռազմական զորակազմի մասնակցության և ձեռք բերված փորձի մասին։ Գործնական վարժանքների միջոցով ճամբարի մասնակիցները ծանոթացել են նաեւ ծայրահեղ իրավիճակներում ինքնապաշտպանական հմտություններին։
«Որևէ ճամբարում երբեք չեմ եղել, սա առանձնահատուկ էր նրանով, որ ճամբարի մեծամասնությունը վրացիներ էին, և ինձ շատ հետաքրքիր էր երկար ժամանակով շփվել իմ հասակակից վրացիների հետ, հասկանալ նրանց և մեր մշակութային ընդհանրությունները:Շնորհակալ ենք, որ մեզ ընձեռվեց այդ հնարավորությունը մասնակցել և հաղորդակցվել օտարազգի երիտասարդների հետ և ձեռք բերել կապեր ու լավ ընկերներ»,- նշեց ԵԹԿՊԻ 3-րդ կուրսի ուսանող Արմեն Մեսրոբյանը։
Կարդացեք նաև
Նույն ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Տաթեւիկ Ավանեսյանը, որ առաջին անգամ էր մասնակցում միջազգային ճամբարի, նույնպես տպավորված էր: Նա ճամբարը բնորոշեց որպես բավականին ճանաչողական և ուսուցողական էր, քանի որ հինգ օրերի ընթացքում մասնակից է եղել մի շարք հետաքրքիր թրեյնինգների:
2-րդ կուրսի ուսանող Մելսիդա Հակոբյանը չի թաքցնում, որ սկզբում լարված էր, քանի որ չգիտեր, թե իրենց ինչպես կընդունեն Վրաստանում: «Մեր լիդերները՝ Իրակլին և Խատիան, միշտ մեր կողքին էին, աջակցում և օգնում էին մեզ։ Շնորհակալ եմ նաև Մալխասին հետաքրքիր դասընթացների համար, մեր դասախոս պարոն Ավանեսյանին, որն ամբողջ դասընթացն անգլերենից թարգմանում էր մեզ համար։ Սկզբում մտածում էի, որ մեր թիմը միասնական չի լինի, և բաժանված կլինի 2 մասի՝ վրացիների և հայերի, քանի որ կար լեզվի խնդիր, բայց ես սխալվեցի։ Մենք միասնական էինք, ինչի շնորհիվ հաղթանակներ էինք գրանցում մրցումների, խաղերի ժամանակ»,-ոգեւորված էր ուսանողուհին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Վարուժան Ավանեսյանը