Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համաժողովը լավագույն հարթակն է՝ գլոբալ գործընթացներում ՀՀ-ի համար բացվող հնարավորությունների շուրջ քննարկումներ իրականացնելու համար. Զոհրաբ Մնացականյան

Օգոստոս 29,2019 14:53

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքն Ազգային ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպմանը

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ,

Հարգելի պատգամավորներ և դեսպաններ,

Նախ կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել Ազգային ժողովի նախագահին հայոց խորհրդարանում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ներկայացուցիչներին  հյուրընկալելու համար։

Արդեն երկու օր է՝ Երևանում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական  ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովը, որի անցկացումը հաստատված ավանդույթ է։

Այդուհանդերձ այս անգամ համաժողովն անցկացվում է բովանդակային և կազմակերպչական նոր ձևաչափով: Այն առաջինն է Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից և խորհրդարանական ժողովրդավարության հաստատումից ի վեր:

Համաժողովը նպատակ ունի հստակեցնելու տեղի ունեցած փոփոխություններից հետո հայկական դիվանագիտության առաջնահերթությունները, սկզբունքները և դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները՝ համաձայն Ազգային ժողովի կողմից հավանության տրված Կառավարության ծրագրի։

Համաժողովը լավագույն հարթակն է՝ Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքականության և անվտանգության մարտահրավերների, դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի, տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում Հայաստանի համար բացվող հնարավորությունների, ինչպես նաև՝ երկրի զարգացման օրակարգի շուրջ ներառական և համապարփակ քննարկումներ իրականացնելու համար:

Առանձնապես կկարևորեի համաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ ուղերձը, որը հստակ ուղենիշներ  սահմանեց դիվանագիտական ծառայության աշխատանքների համար։

Համաժողովի աշխատանքներին և ներառական քննարկումներին ծանրակշիռ ներդրում ունեցան Հայաստանի Կառավարության անդամները, ինչը հնարավորություն տվեց ճշգրտել ոլորտային համագործակցության արտաքին քաղաքական բաղադրիչի առաջնահերթությունները։

Մեզ համար սա կարևոր միջոցառում է՝ առավել ամրապնդելու համակարգումը Հայաստանի կառավարման տարբեր մարմինների և  գերատեսչությունների միջև՝ երկրի առջև ծառացած հարցերը հասցեագրելու նպատակով:

Միևնույն ժամանակ մեզ համար առավել քան կարևոր է այս միջոցառման շրջանակներում Հայաստանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը մեզ բոլորիս հուզող հարցերի շուրջ:

Մենք բազմիցս նշել ենք, որ մենք մի ազգ ենք, որը հստակ գիտակցում է իր քաղաքակրթական, պատմամշակութային դերը, ինչը մեր բացառիկ առավելությունն է աշխարհի հետ հարաբերվելու և ամուր արժեքային հենքի վրա հարատև ու կայուն հարաբերություններ կառուցելու համար։

Համաժողովն անց է կացվում «Արժեքներ գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Մենք առանձնացրել ենք արժեքների երեք հարթություն, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը։ Դրանք են  քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժամանակակից ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները, որոնք մեր ժողովուրդը պաշտպանեց և նոր որակ հաղորդեց Թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հատուկ պետք է ընդգծեմ, որ այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք  Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքները և շահերը։ Այդ սկզբունքներն են` ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն։

Երբեմն կարծիքներ են հնչում, որ արտաքին քաղաքականություն իրականացնելիս արժեքների վրա հիմնվելը կաշկանդում է օրվա կենսական շահերի իրականացումը։ Կուզենայի ընդգծել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության պայմաններում չկան հակասություններ մեր արժեքների և շահերի միջև, քանի որ թե շահերն են մերը և թե՝ արժեքները, և մեր շահերը բխում են մեր արժեքներից։

Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարանի անդամները, որոնք իրենց գործունեության մեկ տարվա մեջ արդեն հասցրել են լավագույնս պաշտպանել Հայաստանի շահերը և դառնալ Հայաստանի նոր դեմքը խորհրդարանական դիվանագիտության հարթակում, կարծում եմ, կհամաձայնվեն իմ այս դիտարկմանը։

Հայաստանի Ազգային ժողովը մեծ դերակատարում ունի Հայաստանի արտաքին քաղաքականության սահմանման և իրականացման բոլոր փուլերում՝ Կառավարության ծրագրի սահմանման, խորհրդարանական լսումների միջոցով  ծրագրի իրականացման ուղիների ճշգրտման, ինչպես նաև խորհրդարանական հարթակում դրա անմիջական իրականացման ժամանակ։

Կարծում եմ՝ այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն կուտակել ենք համագործակցության արժեքավոր փորձ, այլև ունեցել ենք ակնառու նվաճումներ  խորհրդարանական դիվանագիտության թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ արտահայտված նաև ղարաբաղյան հիմնահարցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեր գերակայություններում։

Մենք կարևորում ենք Միջխորհրդարանական միության, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵՎՐԱՆԵՍԹ-ի, ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովների և խորհրդարանական բոլոր ձևաչափերում համագործակցությունը և փոխգործակցությունը։

Նույնքան կարևոր է խորհրդարանական համագործակցության երկկողմ հարթակը, որը հնարավորություն է ստեղծում առաջ մղել ժողովուրդների միջև բարեկամությունը՝ նրանց ընտրյալների միջոցով։ Վստահ եմ, որ այս հանդիպումը հնարավորություն է տալիս մեր դեսպաններին և պատգամավորներին մտքեր փոխանակել, նախանշել այս ուղղությամբ առկա հնարավորությունները, անելիքները և ամենակարևորը՝ համագործակցության ծրագրերը։

Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնելով նմանօրինակ հանդիպում կազմակերպելու հնարավորության համար՝ ցանկանում եմ բոլորիս մաղթել արդյունավետ աշխատանք այսօր՝ ի նպաստ մեր դիվանագիտության, պետականության և ժողովրդի հզորացմանը:

Հարգելի գործընկերներ,

Նաև ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, թե ինչպես է կառուցված մեր այս մեկշաբաթյա համաժողովի ծրագիրը։ Մենք սկսեցինք երկօրյա ինտերակտիվ, պանելային քննարկումներով, որտեղ մենք ընտրել էինք երեք հիմնական ուղղություն՝ Հայաստանի անվտանգության օրակարգը, Հայաստանի զարգացման օրակարգը և, այսպես կոչված, իմիջային օրակարգը։ Մենք յուրաքանչյուր այս ուղղությամբ ունեցանք համապատասխան թեմատիկ քննարկումներ, որոնց մասնակցում էին թե՛ կառավարության անդամները, թե՛ դիվանագիտական ծառայության մարմինների ներկայացուցիչները։ Այս կառուցակարգված քննարկումների միջոցով մենք գնահատեցինք այն միջավայրը, որի մեջ իրականացնում ենք արտաքին քաղաքականությունը, այն բոլոր հնարավորությունները և մարտահրավերները, որոնք նման քննարկումների միջոցով մեզ հնարավորություն էին տալիս սինխրոնիզացնել և ամրապնդել մեր աշխատանքի այդ ընդհանուր, միասնական դաշտը։

Մենք երեկ տվեցինք այս քննարկումների առաջին ամփոփումը, և սա, բնականաբար, շարունակական գործընթաց է։ Այսօրվա միջոցառումը սկսեցինք Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ներկայացուցիչների և Հայաստանի Ազգային Ժողովի՝ մեր ժողովրդի ընտրյալների միջև այս կարևորագույն հանդիպմամբ։ Սա բացառիկ հնարավորություն է։ Ես, երևի թե, պետք է ներողություն խնդրեմ, որ այսքան մեծ ծավալով գրավել ենք Ազգային Ժողովի նիստերի դահլիճը, բայց սա խորհրդանշական է այն առումով, որ մենք կարողացել ենք այս դահլիճում միասին հավաքվել և քննարկել քաղաքական և մնացած դաշտերում առկա բոլոր մարտահրավերները՝ մեր անելիքները միասին ճշգրտելու և մեր ծառայությունը լավագույնս տրամադրելու խորհրդարանական դիվանագիտությանը, որը մեր արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն ուղղություններից է, և վերջինիս ներուժը լավագույնս օգտագործելու համար։

Մենք նաև ունենալու ենք առանձին հանդիպում մեր գործարար շրջանակների հետ՝ էկոնոմիկայի նախարարի հետ միասին։ Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ մենք, մեր դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները հանդիպելու են  գործարար շրջանակների հետ, որպեսզի նույնպես հստակեցնենք ձևաչափերը, որտեղ լավագույնս կարող ենք զարգացման օրակարգի մեջ անմիջական դերակատարներին մատուցել հարթակներ, մատուցել ծառայություն ։

Մենք նաև հյուրընկալվելու ենք մեր գինեգործների կողմից։ Սա առանձին վերցված օրինակ է, և սա ոչ թե լինելու է ուղղակի ընդունելություն, այլ լինելու է մեր տնտեսության այս ոլորտի ներկայացում, որպեսզի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները լավագույնս իրականացնեն իմիջային այդ գործառույթը։

Վաղը դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին մեկնելու են Գյումրի, և նրա կազմակերպմամբ Գյումրիում հանդիպելու ենք մեր մարզային ղեկավարների և մարզերում գործող գործարարների հետ, որպեսզի նույնպես լավագույնս ընկալենք մարզային զարգացման օրակարգը և ճշգրտենք այն ուղիները՝ ինչպես արտաքին քաղաքականությունը, արտաքին ծառայությունը կարող է լավագույնս օգտագործվել մարզային զարգացման համար։

Շաբաթ օրը մենք շարունակելու ենք մեր ներքին քննարկումները թիրախային օրակարգով, տարածաշրջաններով։ Վերջին երկու օրերին  դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները  լինելու են Արցախում։ Սա է մեր բավական հագեցած ծրագիրը։

Մեր նպատակն է այս մեկ շաբաթվա ընթացքում լավագույնս օգտագործել այս առիթը, որպեսզի մեր դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամբողջ կազմը լավագույնս ընկալի, ըմբռնի։ Ինչպես որ նշեցի, սա առաջին հավաքն է Թավշյա հեղափոխությունից և դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի լավագույնս սինխրոնիզացնենք, լավագույնս ստեղծենք այն հարթակը, որտեղ մենք ստեղծում ենք ընկալումների միասնական դաշտ, լավագույնս մատուցենք արտաքին ոլորտում մեզնից պահանջվող անհրաժեշտ որակյալ ծառայությունները։

Այսքանով ցանկանում եմ ավարտել խոսքս և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ հյուրընկալության և քննարկումների համար, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեն։

 

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031