«Խոսքն, այսպես կոչված, օրենքով գողերի, «սխոդկաների», «աբշյակների» եւ այս կարգի այլ երեւույթների մասին է»,- այսօր կառավարության նիստում, մեկնաբանելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի (լուսանկարում) ներկայացրած նախագիծն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախարարի մատնանշած նախագծով նախատեսվում է օրենքով պայքար քրեական հեղինակությունների եւ «օրենքով գողերի» դեմ։ Փոփոխությունը կատարվելու է ՀՀ Քրեական օրենսգրքում։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս փոփոխություններով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել այնպիսի արարքների համար, որոնք էականորեն ոտնձգում են մեր սահմանադրական արժեքների, հասարակության մեջ ձեւավորված վարքագծի կանոնների դեմ ու մարտահրավեր են համարվում հասարակության ու պետության համար։ Նրա խոսքով, նախատեսվում է այս փոփոխությամբ քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար։ Նախարարը նաեւ նշեց, որ նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի քրեական տարրերին ու խմբերին։
«Սա շատ տրամաբանական նախագիծ է, որովհետեւ այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը։ Հետեւաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,- արձագանքեց վարչապետը։ Նա մի դեպք պատմեց, երբ քրեակատարողականում օրենքով գողին խուզարկելիս քրեակատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյա է զանգել խուզարկողին եւ ասել` չգիտե՞ս որ նա օրենքով գող է, ոնց ես նրան խուզարկում։ Փաշինյանն ասաց, որ այդ պաշտոնյան աշխատանքից ազատվել է, իսկ, եթե, այս նախագիծը լիներ, նա նաեւ պատասխանատվության կենթարկվեր։
Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագիծն ընդունվելու դեպքում կընդգրկվի նաեւ քրեակատարողական հիմնարկներում հավաքվող, այսպես կոչված, «մատաղի փողը», որն ուղղվում է հենց քրեական աստիճանակարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նպատակների համար։
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հաստատեց, որ սա շատ լուրջ փոփոխություն է եւ, որ իրավապահ համակարգն էլ պետք է սրան պատրաստ լինի։
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ