Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2019-ի առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հանքարդյունահանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ը։ Բայց տարբերությունն այն է, որ հարկատուները ավելացրել են հարկերը։
Նախ՝ արձանագրենք, որ մեր հանրապետությունում հազար խոշոր հարկատուների մեծ մասը կա՛մ ծխախոտ արտադրողներ են կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրողներ, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցողներ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված։ Այսինքն՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում։ Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում։
Այսինքն՝ մեր երկրում այդպես էլ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը չի զարգանում, հակառակը՝ ընկերություններ կան, որոնք, չդիմանալով ֆինանսական բեռին, սնանկ են ճանաչվում։ Այսպես, կարելի է արձանագրել, որ Հայաստանի տնտեսության վրա իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, որոնք կա՛մ բենզին են ներկրում, կա՛մ ծխախոտ են արտադրում, կա՛մ պղինձ են արդյունահանում։
Կարդացեք նաև
Այստեղ տեղին է հիշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք նա ուղիղ մեկ տարի առաջ մի առիթով ասաց. «Այսօր հանքարդյունաբերությունը մեր տնտեսական աճի հիմնական լոկոմոտիվն Է։ Եվ մեր կառավարությունը բազմիցս արձանագրել է, որ դա որեւէ կերպ չի կարող ընդունելի համարվել։ Մեր կառավարության կարեւոր խնդիրներից է փոխել տնտեսական աճի այդ մոդելը»։ Բայց այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկատուների ցանկի առաջատարը դարձյալ ,Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությամբ է զբաղվում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը վճարել է 29 մլրդ 504 մլն դրամ հարկ ու տուրք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը եւս ցանկի առաջատարն է եղել՝ վճարած 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամով։ Բայց նկատենք, խոշոր հանքարդյունաբերողն ավելի քան 4 մլրդ 862 մլն դրամով ավելացրել է հարկերը:
Սյունե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում