Այսօր ԱԺ-ում ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Այս օրերին շատ կարեւոր առաքելությամբ են ՀՀ-ում գտնվում դիվանագիտական կորպուսի մեր ներկայացուցիչները: Բոլորս ճշտում ենք մեր ժամացույցները եւ համոզվում, որ միեւնույն էջի վրա ենք ու համահունչ ենք իրականացնում մեր պետության քաղաքական օրակարգը»:
Նա ասաց, որ ներքին ժողովրդավարությունը պետք է իր ազդեցություն ունենա արտաքին քաղաքականության բաղադրիչներում. «Ներքին ժողովրդավարությունն է, որ նպաստում է ամուր դիրքերից հանդես գալ մեր դեսպաններին»: Ըստ Մակունցի, արտաքին քաղաքականության մեջ օրենսդիր-գործադիր համատեղ ջանքերն արդեն սկսել են տալ արդյունքներ, ու դա սկիզբն է միայն:
Խոսելով Արցախյան հակամարտության եւ խաղաղ բանակցային գործընթացի մասին՝ Մակունցն ասաց, որ Արցախը մեզ համար նախեւառաջ իրենց բնօրրանում ապրող մեր հայրենակիցներն են եւ նրանց անվտանգության ապահովումը. «Մենք շարունակելու ենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում խոսել Արցախում ապրող մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի եւ էքզիստենցիալ անվտանգության հարցերի մասին: Արցախի հարցի հետագա հումանիզաիցիայի գործընթացն անկասելի է: Մենք շարունակ շեշտում ենք, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի հանրապետության երաշխավորը եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց ես շարունակում եմ նաեւ ընդգծել, որ Արցախն էլ իր հերթին մեր՝ որպես հայ ազգի, հավաքական անվտանգության երաշխավորն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ