Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այլեւս կարիք չունենք միջազգային գործընկերների հետ համագործակցել հանուն արտաքին լեգիտիմության կամ հանուն փողի». Ռուբինյանի ելույթը՝ դեսպանների մոտ

Օգոստոս 29,2019 12:54

Այսօր ԱԺ-ում ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումն էր պատգամավորների հետ:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսեց օրերս տեղի ունեցած օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասին, որտեղ ուղենիշներ են սահմանել դիվանագիտական աշխատողների համար՝ ինքնիշխանություն, համահայկականություն, փոխգործակցություն:

Նախարարը տեղեկացրեց, որ դիվանագիտական կորպուսը վաղը լինելու է Գյումրիում ու մարզպետների հետ քննարկումներ են ունենալու՝ մարզային զարգացման նպատակով: Դրանից հետո նրանք լինելու են նաեւ Արցախում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում խոսեց խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական խմբերի, միջազգային կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների փոխգործակցության մասին. «Անցած 6 ամիսների ընթացքում մեծ աշխատանք է տարվել եւ ունենք գրանցված որոշ հաջողություններ, որոնցից ամենախոսունը, թերեւս, ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության գրանցած հաջողությունն էր»: Նա ասաց, որ ԱԺ-ի առաքելությունն է վարվող արտաքին քաղաքականությունը մեր քաղաքացիներին դարձնել հասկանալի եւ վերահսկելի: Իսկ դրան հասնելու համար պետք է կառավարության հաշվետվողականության շարունակականությունը ապահովել, ինչպես նաեւ լսումներ կազմակերպել, քննարկումերի նոր հարթակներ ստեղծել:

Թվարկելով ԱԺ-ի առաքելության հաջորդ բաղադրիչը՝ Ռուբինյանն ասաց, որ ԱԺ-ն պետք է արտաքին քաղաքականության բովանդակություն ստեղծի եւ պատվիրակի. «Սա թվարկածներիցս ամենակարեւոր բաղադրիչն է, որովհետեւ խորհրդարանական երկրում ԱԺ-ի դերը չի կարող սահմանափակվել միայն խորհրդարանական պատվիրակությունների եւ բարեկամական խմբերի այցերով, կամ աշխատանքներով: Կառավարության ծրագիր հաստատող ԱԺ-ն կարող է եւ պե՛տք է ստեղծի բովանդակություն՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ»:

Ռուբինյանն արտաքին քաղաքականության հարցերում նոր Հայաստանի առաջնահերթությունների վերաբերյալ իր պատկերացումները ներկայացրեց. «Ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է ու դրա արտացոլումը: Չափազանց կարեւոր է, որ մեր դիվանագետներն ուշադրությամբ հետեւեն եւ տեղեկացված լինեն ՀՀ ներքաղաքական զարգացումներին ու օրակարգերին ու խորությամբ ըմբռնեն դրանք: Հասկանալու համար, թե ինչպիսին պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը, պետք է նախ հասկանալ, թե ինչպիսին է Հայաստանը, ինչի մասին է այն եւ ինչ է մեր երկրում տեղի ունեցել անցած տարի: 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը երկար տարիներ կուտակված հիասթափություններից ծնված շարժում էր՝ հանուն ժողովրդավարության, հանուն արդարության ու հանուն իրավունքների»: Ըստ Ռուբինյանի, դա հենց մեր ինքնիշխանության ցուցիչն է ու դրա գրավականը, կապիտալը. «Հայաստանի ժողովրդավարական էությունը եւ մեր ժողովրդի ինքնիշխանության գիտակցումն այլեւս իրողություն է: Հայաստանը պետություն է՝ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, որը թելադրված չէ եւ չի կարող թելադրված լինել դրսից: Սա մեր սեփական օրակարգն է՝ արդյունքը մեր հեղափոխության, մեր պայքարի ու մեր իղձերի եւ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կառուցված լինի հենց այս իրողության ծիրում»:

Ռուբինյանը հայտարարեց. «Այո, մենք ուրախությամբ համագործակցում ենք միջազգային մեր գործընկերների հետ մեր բարեփոխումների օրակարգի շուրջ, սակայն այլեւս կարիք չունենք դա անել հանուն արտաքին լեգիտիմության կամ հանուն փողի: Մենք դա անում ենք, որովհետեւ ուզում ենք, որովհետեւ ժողովրդավարությունն ու արդարությունը հայկական արժեքներ են, որովհետեւ ցանկացած կոնվենցիա, որ մենք կվավերացնենք կամ չենք վավերացնի, ցանկացած հայեցակարգ, որ կընդունենք կամ չենք ընդունի, ցանկացած ծրագիր, որ կիրականացնենք կամ չենք իրականացնի որոշում եւ որոշելու ենք բացառապես մենք, բացառապես ինքներս մեզ համար՝ սեփական արժեքների գիտակցմամբ»:

Խոսելով արցախյան հիմնահարցի մասին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը ու այդ առաջնահերթությունները բխում են ազատության եւ առաջադիմության տենչանքից, մարդու իրավունքներից:

Նա ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը չի կարող սահմանափակվել միայն Արցախով ու ցեղասպանութան ճանաչմամբ, այն նույնիսկ չի կարող սահմանափակվել միայն Հայաստանով. «Մենք ամենամեծ պետությունը չենք, բայց մեծ քաղաքակրթություն ենք, ստեղծարար ենք ու մեր ասելիքը պետք է ունենանք տարածաշրջանային, համաշխարհային ու համամարդկային հարցերի շուրջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031