Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ վարչապետը կոնկրետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերել ու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում. «Փաստ»

Օգոստոս 29,2019 12:20

Եթե ուզում եք իմանալ Հայաստանի մասին միայն լավ նորություններ, ապա արդեն պարտադիր չէ դիտել միայն Հ1: Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշեղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Փաշինյանը պարբերաբար միայն լավ նորություններ է հաղորդում, ընդ որում` տնտեսությունից արդեն անցում է կատարել արվեստի և մշակույթի ոլորտին:

Օրերս նա հայտնել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով: Բայց դեռ մի շտապեք զարմանալ, Փաշինյանը դեռ շատ է զարմացնելու:

Անցավ երկու օր, և նա գրեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով:

Ինչ խոսք, հրաշալի է: Շատ լավ է, որ մեր երկրում ավելանում է հետաքրքրությունը արվեստի և մշակույթի նկատմամբ: Պարզապես ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը:

Երբ երկրի ղեկավարը նման աճի ցուցանիշներ է հրապարակում, փաստացի դա վերագրելով իր գործունեությանը, ապա պետք է նաև բացատրի, թե որտեղ է այդ աճի տրամաբանական կապը իր կառավարության գործունեության հետ: Մի՞թե կառավարությունն ավելացրել է արվեստի և մշակույթի ուղղությամբ պետական աջակցությունը, ֆինանսավորումը: Կամ գուցե այլ ոչ ֆինանսական միջոցներո՞վ է խթանում այդ ամենը: Սրանք կոնկրետ հարցեր են, բայց դառնում են հռետորական, քանի որ դժվար է իսկապես գտնել այդ տրամաբանական կապը, որովհետև այն պարզապես չկա:

Համեմատականներ են անցկացվում այնպիսի ժամանակաշրջանի հետ, որ, իհարկե, համեմատությունը պետք է այս տարվա օգտին լիներ:

Անցած տարվա առաջին կիսամյակում երկիրը հասարակական-քաղաքական ցնցումների մեջ էր, մայրաքաղաք Երևանը, որտեղ հենց կենտրոնացած է թանգարանների ու թատրոնների մեծ մասը, պարզապես կաթվածահար վիճակում էր:

Բնականաբար այդ իրավիճակում շատ քչերին կարող էր հետաքրքրել թատրոն կամ թանգարան այցելելը:

Տեղի էր ունենում ավելի մեծ ներկայացում: Ըստ այդմ, տարակուսելի է, թե ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը, չբացելով այդ աճի իրական բովանդակությունը, փորձում ամեն գնով հանրությանը ցույց տալ, որ երկիրն աճում է բոլոր ոլորտներում, և դա իր օրոք է տեղի ունենում:

Իսկ համեմատությունն էլ միայն ու միայն անցած տարվա առաջին կիսամյակի հետ է:

Տպավորություն է, որ վարչապետը կոնկրետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերել ու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում: Դժվար չէ նկատել, որ դա վերածվել է մի տենդի:

Վիճակագրական ծառայություններն այդքան հաճախականությամբ թվեր չեն հրապարակում, որքան Փաշինյանը: Գուցե պատճառն այն է, որ վիճվարչությանը ոչ ոք չի հավատում, իսկ Փաշինյանին շատերն են դեռ հավատում:

Դա գիտակցելով` վարչապետը անձամբ է ցանկանում այդ թվերը ներկայացնել` առանց բացատրելու, թե ինչպես են այդ թվերը առաջանում և ինչ են նշանակում: Բավարար է սոսկ այն, որ կա աճ ինչ-որ մի ոլորտում: Իսկ ահա անկումների մասին վարչապետը համառորեն լռում է:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031