Օգոստոսի 28-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ համայնքում նշել են գյուղի ազատագրման 26-րդ տարեդարձը, ինչպես նաև համայնքային կենտրոնի բացումը։ Նորաբաց համայնքային կենտրոնը ծառայելու է որպես համայնքապետարան և ակումբ։ Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, Ծաղկաբերդ համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը, պաշտոնատար այլ անձինք և բնակիչներ։
Շնորհավորելով ծաղկաբերդցիներին՝ վարչակազմի ղեկավար Ս․ Սարգսյանը շեշտադրել է հետևողականության գործոնը՝ որպես մեր հայրենիքի, այդ թվում՝ Ծաղկաբերդի զարգացման կռվան․ «Այն նույն հետևողականությամբ, որով ազատագրվել են հայրենիքի այս տարածքները, հնարավոր է դարձել նաև համայնքի հետագա շենացումը և այս համայնքային կենտրոնի հիմնումը։ Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ վերջինիս կառուցումը կյանքի է կոչվել համայնքային միջոցների արդյունավետ տնօրինման շնորհիվ, ինչը լրացուցիչ վկայություն է նշածս հետևողական և նվիրված աշխատանքի համար»,- ասել է վարչակազմի ղեկավարը։
Շնորհավորանքի խոսք է ասել նաև Ծաղկաբերդ համայնքի ղեկավար Ազատ Եղոյանը։ Վերջինս իր ելույթն սկսել է գյուղի հիմնադրման, առաջին բնակիչների կենցաղային դժվարությունների և 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում համայնքի աստիճանական զարգացման ու ապագայի հեռանկարների մասին։ «Մեր տունը միայն մեր տունը չէ։ Համայնքը, շրջանը, հանրապետությունը նույնպես մեր տունն են։ Մենք երբեք ուժեղ չենք լինի, եթե այս բոլորը չընդունենք որպես մերը։ Պիտի աշխատենք, ստեղծենք՝ նպաստելով մեր երկրի բարգավաճմանը»,- ասել է համայնքի ղեկավարը։
Բացման խոսքերին հաջորդել է միջոցառման տոնական մասը․ ելույթներով հանդես է եկել «Բերձոր» ժողովրդական գործիքների համույթը։
Կարդացեք նաև
Ծաղկաբերդ համայնքը գտնվում է Քաշաթաղի շրջանի կենտրոնում՝ շրջկենտրոն Բերձորից շուրջ 30 կմ հեռավորության վրա։ Բաղկացած է Ծաղկաբերդ և Մարաթուկ գյուղական բնակավայրերից։ Համայնքն ունի շուրջ 250 բնակիչ։ Ըստ համայնքի ղեկավար Ա․ Եղոյանի՝ ազատագրումից և վերաբնակեցումից հետո համայնքում ծնվել է շուրջ 150 երեխա, իսկ ներկայումս համայնքի՝ Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոցում սովորում է շուրջ 50 երեխա։