Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պաշտպանության նոր մարտավարությունը

Օգոստոս 29,2019 10:00

Այսօր Սահմանադրական դատարանը պետք է քննարկեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը, սակայն քննարկումը մի քանի օրով հետաձգվել է: Ինքնին այն հանգամանքը, որ դատարանում քննվող քրեական գործի ճակատագիրն այս կամ այն չափով կախված է ՍԴ-ի որոշումից, բավականին արտառոց վիճակ է ստեղծում:

Այստեղ պետք է արժանին մատուցել երկրորդ նախագահի պաշտպանական թիմին. վերջինս հաշվի է առել այն հանգամանքը, որ ՍԴ-ն չի գտնվում կամ առնվազն ամբողջությամբ չի գտնվում ներկայիս գործադիր իշխանության ազդեցության տակ: Ճնշումներ Սահմանադրական դատարանի վրա, այո, եղել են, եւ, ենթադրում եմ, որ դրանք ավելի ուժեղ կլինեն, եթե ՍԴ-ն հանկարծ որոշի, որ խախտվել է նախկին նախագահի անձեռնմխելիության իրավունքը կամ՝ որ նրա դեմ առաջ քաշած մեղադրանքի Քրօրի հոդվածը (300.1) չի համապատասխանում սահմանադրությանը: Բացառված չէ, որ այդ դեպքում իշխանության խանդավառ կողմնակիցները կշրջափակեն Սահմանադրական դատարանը եւ փիս-փիս բառեր կվանկարկեն ՍԴ որոշ դատավորների (անդամների) հասցեին:

Մյուս կաղմից՝ ՍԴ քննարկմանն ընդառաջ Քոչարյանի թիմը որոշակի քարոզչական աշխատանք է տանում: Մասնավորապես, կրկնվում է այն թեզը, որ երկրորդ նախագահն անազատության մեջ է, որովհետեւ Փաշինյանն ուզում է «հանձնել Արցախը»: Քանի որ գրեթե 30 տարի բոլոր ընդդիմադիրները Հայաստանի բոլոր իշխանությունների հասցեին ուղղում էին «Արցախը հանձնելու» մասին ոչնչով չհիմնավորված մեղադրանքը, այդ քարոզչական քայլն անհնար է յուրահատուկ կամ օրիգինալ համարել:

Սակայն բուն փաստաբանների պաշտպանական մարտավարության մեջ, որքան հասկանում եմ, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Առաջ Քոչարյանի փաստաբանները պնդում էին, որ մարտի 1-ին, դրանից առաջ, դրանից հետո տեղի ունեցած գործողություններին բանակը որեւէ ձեւով չէր ներգրավվել: Այնինչ հիմա երկրորդ նախագահի պաշտպանները, կարծես թե, ընդունում են, որ բանակը ներգրավվել է, եւ Քոչարյանը դա արել է… Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակին հետեւելով: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ 1995 եւ 2005 թվականների սահմանադրություններում արտակարգ իրավիճակի ռեժիմի սահմանումներն էականորեն տարբերվում են, չքննարկենք նաեւ, որ 1996 թվականին ընդդիմության կողմնակիցները տապալել էին ԱԺ ցանկապատը, ներխուժել էին Ազգային ժողովի շենք եւ բռնություն կիրառել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի դեմ, իսկ 2008 թվականին ընդդիմության կողմից նման դրսեւորումներ չկային: Ընդունենք, որ երկու դեպքում էլ տեղի էր ունեցել իշխանության կողմից օրենքի խախտում: Ի՞նչ է, 23 տարի առաջ կատարած օրինազանցությունն արդարացնո՞ւմ է այն, ինչ տեղի ունեցել 11 տարի առաջ:

Իսկ որպես «պաշտպանական փաստարկ» բերել Վանո Սիրադեղյանի խոսքերը (ի դեպ՝ խեղաթյուրված), որոնք նա արտասանել է խնջույքի ժամանակ՝ խմելով Վազգեն Սարգսյանի կենացը, դա, մեղմ ասած, սոլիդ չի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փաստաբաններին բացատրածը այն է թէ, երկու պարագաներին ալ, բանակի միջամտութիւնը, ինքնին, Օրէնքի դէմ չէ:
    Ինչպէս որ շատ մը այլ երկիրներում: Դա ինքնին, նորմալ բան է, տուեալ պայմանների մէջ: Մինչ հանրութեան մի մասը համոզուած է որ Բանակի լոկ գոյութիւնը Երեւանի մէջ արդէն յանցագործութիւն մըն է օրուայ նախագահին կողմէ:
    Ահա նոյնանման պարզաբանում մը, զուտ օրինական մակարդակի վրայ՝
    https://haytougchamlian.blog/բանակի-իրաւացի-օգտագործում՝-սահմանա/

    Իսկ եթէ, վիճաբանութեան սիրոյն, ենթադրենք թէ այդ իրողութիւնը ինքնին ոճիր է՝ ինչո՞ւ մէկ պարագային հետապնդման է ենթարկվում – ներառեալ դատավճիռէ, առկախ դատավարութեամբ, բանտարկութիւն – , իսկ միւս պարագային՝ոչ: Որովհետեւ մէկը օրինապէս արդարանալի է, միւսը՝ ո՞չ: Իսկ ո՞վ է այդ որոշողը…

    Այս խնդիրը այժմու վարչակարգի ինքնաքայքայման, ինքնախափանման խոր հակումների ամենացայտուն արտայայտութիւնն է: Այդ վարկածը որ իրենց նպատակը երկիրը փճացնել է, դեռ տրամաբանական է: Անհասկնալին այն է թէ՝ ինչու տեւաբար իրենք իրենց են վնաս բերում, իրենց որոշումներով եւ արարքներով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031