Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն փաստաբանի դիմումին ընթացք չի տվել. «Թեղուտ ՓԲԸ-ի քեֆին չեն ուզում կպնել»

Օգոստոս 29,2019 14:00

«Թեղուտի քեֆին չեն ուզում կպնել». այս կարծիքին է փաստաբան Կարեն Թումանյանը: Նրա համար առնվազն տարօրինակ է՝ ինչո՞ւ հատուկ քննչական ծառայությունը իր տրամադրած նյութերին ընթացք չի տալիս: Խոսքը «Թեղուտ» ՓԲԸ-ի մասին է. մոտ 2 ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, այսպես ասած՝ ընդդեմ ՀՀ-ի, եւ կառավարությանը պարտավորեցրել տուժած 8 քաղաքացիներին վճարել 92 հազար եվրո: Նրանք այն քաղաքացիներն են, որոնց սեփականությունից զրկել են հանուն Թեղուտի հանքի շահագործման:

Փաստաբան Կարեն Թումանյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրեց դեռեւս 2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով Թեղուտ եւ Շնող համայնքների՝ ընդհանուր առմամբ 81 հազար 483 հա հողամաս սեփականազրկվել են՝ գերակա հանրային շահ ճանաչվել: Կառավարության որոշման համաձայն՝ հողատարածքների ձեռք բերողը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն է կամ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի իրականացման նպատակով հիմնադրված «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Դրանից հետո՝ 2008-ին, «Թեղուտ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան ավելի քան 100 ընտանիքների դեմ՝ պահանջելով պարտավորեցնել այն սեփականատերերին, որոնք դեմ են իրենց սեփականություն հանդիսացող հողատարածքները «հանձնել» որպես գերակա հանրային շահ՝ հանքը շահագործող ընկերությանը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ին, ստորագրել իրենց գույքը պետության կարիքների համար վերցնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Ավելի պարզ ասած՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ հարկադիր կարգով այդ գյուղացիների սեփականությունը վերցնելու եւ դրա դիմաց վճարելու համար:

«Թեղուտ» ՓԲԸ-ն այս գյուղացիներին փոխհատուցել է յուրաքանչյուր 1 քմ-ի դիմաց մոտ 60 դրամ: Թումանյանն ասաց, որ այդ անձանց հողատարածքների մեջ կային վարելահողեր, արոտավայրեր, պտղատու այգիներ, մշակովի հողատարածքներ, եւ դա նրանց եկամտի աղբյուրն է եղել:

Այս գործով Կարեն Թումանյանը 64 ընտանիքի շահերի պաշտպանն է. մոտ 10 տարի այս գործով է զբաղվում: 64 ընտանիքից 12-ն են դիմել փաստաբանին ՄԻԵԴ դիմելու համար. ՄԻԵԴ-ը 12-ից 8-ի գանգատը բավարարել է, մյուսների գործերը դեռ ընթացքում են:

«ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ ընդհանուր 92 հազար եվրո գումարն արդեն այս քաղաքացիները ստացել են որպես փոխհատուցում: ՄԻԵԴ-ը բոլոր այս գանգատներով ճանաչել է սեփականության իրավունքի խախտում եւ միջամտություն անձի սեփականության իրավունքին, եւ ասել է՝ միջոցառումը, որը կազմակերպված է եղել գերակա հանրային շահ ճանաչելու՝ հատուցման մասով կազմակերպվել է ոչ իրավաչափ, դատարանը հաշվի չի առել 2 բան՝ դա եղել է այդ մարդկանց միակ եկամտի աղբյուրը, 2-րդ՝ այդ հատուցվող գումարն այնքան չի եղել, որպեսզի տվյալ անձինք կարողանային իրենցից վերցրած սեփականությանը համարժեք ինչ-որ բան գնել»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց՝ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը, ներկայացրել է բոլոր փաստերը, նշելով՝ տվյալ գործընթացով հաշվի առնելով ՄԻԵԴ դիրքորոշումը՝ քաղաքացիներին եւ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, պետությանը վնաս՝ 92 հազար եվրոն, եւ վնաս քաղաքացիներին, քանի որ նրանց սեփականությունը գնահատել են 1 քմ-ն 60 դրամ, մինչդեռ այն շատ ավելի թանկ արժեր. «Այն ժամանակ, երբ կառավարությունն այդ որոշումը կայացրել է, եղած նյութերի հիման վրա, համոզված եմ՝ կայացրել է այն ժամանակվա իշխանության ներքին, իրենց որոշակի խմբային շահերից ելնելով՝ նախագահից, վարչապետից մինչեւ նախարարներ եւ մարզպետներ: Իմ համոզմամբ՝ այս գործը պետք է քննեն եւ պարզեն ՝ ինչո՞ւ նման վճիռներ կան: Օրինակ՝ Օսմանյանն ընդդեմ ՀՀ-ի, կամ Ամիրախյանն ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ վճռով՝ 12 հազար եվրո է փոխհատուցվել, այսինքն հողի 1 քմ-ն գնահատվել է մոտ 3000 դրամ, մինչդեռ այդ մարդկանց վճարել են մոտ 60 դրամ: Այդ մարդկանց պատճառվել է վնաս»: Բացի այս, փաստաբանը կարծում է՝ ՀՔԾ-ն պարտավոր է իր տրամադրած նյութերն ուսումնասիրել, քանի որ այդտեղ կարող են լինել կոռուպցիոն դրսեւորումներ: Մինչդեռ, ինչպես Թումանյանն ասաց, ՀՔԾ-ն, իր պատասխանով ասում է՝ ընդհանրապես չենք կարող քննել, չի էլ պատճառաբանում՝ ինչո՞ւ, ասում է միայն՝ հիմք չկա:

ՀՔԾ-ից փաստաբանի դիմումին պատասխանել են. «…Քննարկման արդյունքներով հայտնվում է, որ հիշյալ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու եւ դրա հիմա վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են, քանի որ այն, բացի պետական ծառայություն իրականացրած անձանց արարքների հիմնավորվածության եւ օրինականության վերաբերյալ ձեր սուբյեկտիվ դատողությունների եւ ենթադրությունների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա, ինչպես նաեւ հատուկ սուբյեկտների կատարած կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկություններ չի պարունակում… Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու եւ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը: Ուստի, ՀՀ ՀՔԾ-ում ձեր դիմումի կապակցությամբ որեւէ քրեադատավարական որոշում չի կայացվել»:

Փաստաբան Կարեն Թումանյանը սա աբսուրդ է համարում. «Մի քիչ ծիծաղելի բան կասեմ՝ ՝ երեւի մտածում են՝ իբր Ամուլսարը մեզ քիչ էր, հիմա էլ՝ Թեղուտը: Համոզված եմ՝ չեն ուզում Թեղուտի քեֆին կպնել: Ես չեմ կարող ինքնուրույն քննություն անել, ես իշխանություն չեմ, որ հարուցեմ քրեական գործ, կանչեմ հարցեր տամ: Այդ բոլոր նյութերն ինձ մոտ կան, ես ընդամենը նյութերը տվել եմ, որպեսզի պատշաճ գնահատական տան: Օրինակ՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մեղադրանքում Լոռու մասին էլ էր գրված, հիմա չգիտենք՝ լիցենզիան կոռուպցիայո՞վ են տվել, թե՞ ոչ, մի շարք խնդիրներ կան, ուստի ՀՔԾ-ն գոնե պետք է իմ դիմումի հիման վրա նյութեր պատրաստեր, ուսումնասիրեր, մարդկանց հրավիրեր, հարցեր տար սուբյեկտներին, հասկանար՝ հիմքեր կա՞ն գործ հարուցելու, թե՞ ոչ: Սա չեն էլ արել»:

Մինչեւ ՄԻԵԴ վճիռը այն մարդիկ, որոնք զրկվել են իրենց հողատարածքներից եւ, հետեւաբար, եկամտի աղբյուրից, այս տարիներին ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, ոմանք մեկնել են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, մի քանիսը «Թեղուտ» ՓԲԸ-ում են սկսել աշխատել, հետո այն փակվել է, մնացել են անգործ: Թումանյանը նկատեց՝ այդ մարդկանց այգիներն են ոչնչացվել, այս ամենը փաստաթղթով երեւում է, բացի այս, այդ մարդիկ հատապտուղ հավաքելով են ապրել, հիմա այդ ամենը չկա:

Փաստաբանն ասաց, որ դիմելու է գլխավոր դատախազին. «Ես ինձ համար չեմ դիմել ՀՔԾ, 64 ընտանիք դիմել է ինձ, որ իրենց շահերը պաշտպանեմ, այս ընտանիքների շահերից ելնելով եմ դիմել, շարունակելու եմ, եթե գլխավոր դատախազությունն էլ մերժի՝ դատարան եմ դիմելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031