Օրերս Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը հերքեց բնապահպանների եւ մի շարք գիտնականների պնդումներն այն մասին, որ Ամուլսարում ուրան կա:
Բնապահպան, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանն Իվանյանի ասածների հետ համաձայն չէ: «Օրերս ստացել եմ մի հետաքրքիր փաստաթուղթ, որում դեռեւս ԽՍՀՄ ժամանակ արված հետազոտության տվյալներ կան»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց նա:
Տիկին Ադամյանը չցանկացավ բացահայտել, թե ով է իրեն տրամադրել փաստաթուղթը, սակայն նշեց՝ արխիվային փաստաթղթում ասվում է, որ Ամուլսարի տարածքում կան ուրանի պաշարներ. «Փաստաթուղթը մեծածավալ է` 100-ից ավելի էջ, ես ուսումնասիրում եմ այն: Դրանում ասվում է, թե տարածքում ուրանի ինչպիսի պարունակություն կա: Այդ հետազոտությունը, որը բավականին լուրջ է, 1950-ականներին է արվել: Վստահ եմ՝ հիմա էլ կասեն, թե դա հին ուսումնասիրություն է, բայց չէ՞ որ հանքի պաշարները չեն փոխվում»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է շահը հերքելու, որ Ամուլսարի տարածքում ուրան կա: Բնապահպանը պատասխանեց. «Որպեսզի հանքը շահագործվի: Ամեն ինչ արվում է դրա համար: Եթե հայտարարվի, որ այդտեղ ուրանի պաշարներ կան, հնարավոր հետեւանքը պատկերացնո՞ւմ եք: Ուրանի պաշարները շատ մեծ չեն, բայց, միեւնույնն է, երբ հանքը բացվում է, ռադիոակտիվ ֆոնն է բարձրանում: Եթե այդտեղ ուրան, կա, ՄԱԳԱՏԷ-ն(Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) էլ պետք է խառնվի, մինչդեռ մերոնք փակ են պահում հարցը: Դա երկրի անվտանգության խնդիր է: Վարչապետը պետք է գիտենա եւ ուշադրություն դարձնի նման հարցերին»:
Կարդացեք նաև
Սիլվա Ադամյանի բնորոշմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Յուրա Իվանյանից նոր բան չի լսել. «Նա ասաց այն, ինչի մասին խոսում էր նաեւ վարչապետը, թե իբր Ամուլսարի հանքի շահագործմամբ ազդեցություն չի լինի Ջերմուկի ջրերի եւ Սեւանի վրա…Իսկ փոշու տարածման վերաբերյալ վերջերս խոսեց գիտնականներից մեկը՝ ասելով, որ հանքի պայթեցումների ժամանակ լուրջ խնդիրներ են լինելու: Մասնավորապես, պայթյունների ժամանակ փոշին մեկ կիլոմետրից ավելի տարածք է կապելու, իսկ անձրեւաջրերի հետ լցվելու է բերրի հողերի վրա, ապա՝ անցնելու հողաշերտ: Խնդիրն այն է, որ իրենք սա շատ լավ գիտեն: Բոլորն էլ գիտեն` Քննչական կոմիտեն էլ, մյուսներն էլ, մինչդեռ Յուրա Իվանյանը պնդում է, որ փոշին ազդեցություն չի ունենալու: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ չգիտեն, թե հանքն իրենից ինչ է ներկայացնում: Հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրած որեւէ մարդ չի կարող ասել, թե փոշին ազդեցություն չունի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2019
Վարչապետը որտեղից պիտի գիտենա։ Վայնասունի փոխարեն, թող բնապահպանները հիմնավորված, փաստերով, նյութերով, թվերով, որ կարելի լինի ներկայացնել համապատասխան տեղերում, եզրակածություն ներկայացնեն։ Մի երկիր, մի Վարչապետ։ Այս պահի դրությամբ ոչ մի կառույցի վրա չի կարող հույս դնել։ Գողին բռնում են՝ դատավոր չկա, որ անաչառ լինի, Ամուլսարի հարցում ևս, քննչականը մի խաղ է խաղում, ՇՄԱԳ ժամանակին բոլոր թույլտվությունները տվեց, այսօր մուկն ու կատու է խաղում։ Բոլորը պահանջող են դարձել, սակայն ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Միայն խոսում և քննադատում են։