Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպանները բացահայտեցին, իսկ Դարվինի որդին համաներվեց

Օգոստոս 29,2019 13:30

2018թ. մայիսի 9-ին «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամների կողմից անտառներում շրջագայության ժամանակ բացահայտվել էր մի դեպք, որի մասին ահազանգվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, բնապահպանները նյութեր էին տեղադրել, տեսանյութ, որն էլ գրությամբ դատախազությունն ուղարկել էր ոստիկանություն:

Պարզվել էր, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանը համայնքի մի խումբ բնակիչների խնդրանքով տրակտորիստ Սիմոն Հարությունյանին տրամադրել է իր տիրապետության տակ գտնվող T 130 մակնիշի թրթուրավոր բուլդոզերը: Սիմոնը, որին համերկրացիները գիտեն «Դարվինի որդի» անունով, 2018թ. մայիսի 7-ին եւ 8-ին «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամաս մասնաճյուղի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» կոչվող տարածքում, ըստ մեղադրանքի, «խախտելով բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը, ապօրինի բացել է 380մ` միջինը 3.5մ լայնության, անտառամիջյան ճանապարհ, այդ ընթացքում դեգրադացիայի ենթարկել հողի վերին շերտը եւ տապալել թվով 39 հատ տարբեր տեսակի եւ տրամագծերի թաց կանգուն ծառեր»: Պատճառված վնասի չափը կազմել էր 2.512.289 դրամ:

Նախաքննության ժամանակ պարզվել է նաեւ, որ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահպանության համար պատասխանատու անձինք իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, ցուցաբերել են անփութություն, նրանց կողմից վերոնշյալ գործողությունները չեն կանխվել:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սիմոն Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա իր ցուցմունքում հայտնել էր, որ Թեղուտ գյուղի բնակիչներն են խնդրել Արագած Թամրազյանին իր տրակտորը տալ, որպեսզի իրենց խոտհարքի ճանապարհը նորոգեն եւ տրակտորի հարցով դիմել են իրեն:

«Ես գնացել եմ այդ ճանապարհը նորոգելու: Ճանապարհն ուներ թեքություն եւ խոր փոսեր: Նոր ճանապարհը կառուցելու տարածքում որեւէ ծառ չի եղել, բաց, կանաչ տարածք է եղել: Պնդում եմ, որ 39 ծառ չի եղել, եղել է միայն 16 ծառ, այդ ամենը ցույց եմ տվել քննիչ Այվազյանին, եւ վերջինս նկարել է: Հնարավոր է, որ անփութության հետեւանքով 2 ծառ վնասած լինեմ, սակայն այնտեղից ոչ ծառ եմ հատել եւ ոչ էլ մի ճյուղ տարել: Ինձնից հետո հնարավոր է ծառերի ճյուղերը տարել են: Իսկ անտառապահ Տիգրանն ինձ ասել է, որ չաշխատեցնեմ տրակտորը, քանի որ թույլտվություն չունեմ»,-հայտնել էր ամբաստանյալը:

Հաջորդ օրը կրկին գնացել է անտառ, տեսնելով, որ բացատ է, ծառ չկա, որոշել է նոր ճանապարհ բացել, սակայն տեղյակ չի եղել, որ իրավունք չունի հողի վերին շերտը բացելու:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սիմոն Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով եւ 298 հոդվածով, նրան դատապարտել է ազատազրկման 6 ամիս ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու եւ տուգանքով` 200.000 ՀՀ դրամի չափով: Դատարանը կիրառել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերը եւ նրան ազատել է պատժից: Ամբաստանյալից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 2.475.169 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետեւանքով պետությանը պատճառված նյութական վնասի հատուցում:

Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ Սիմոն Հարությունյանը, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի մուտք է գործել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին-տեղամաս» մասնաճյուղի 1-ին պահաբաժնի տարածք եւ 2018թ. մայիսի 7-ին եւ 8-ին վերանորոգել դեպի խոտհարքներ տանող ճանապարհը, կառուցել է 380 մետր երկարության, միջինը 3.5 մետր լայնության, 35 սմ միջին խորության նոր անտառամիջյան ճանապարհ՝ դեգրադացիայի ենթարկելով հողի վերին շերտը: Ճանապարհի վերանորոգման ընթացքում Ս. Հարությունյանը տրակտորով հրել, արմատախիլ է արել 39 հատ տարբեր տրամագծերի եւ տեսակների թաց, կանգուն ծառեր, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետական ավագ տեսուչ, գործով վկա Կամո Աթոյանը ցուցմունք էր տվել, որ Գառնիկ Բաբաջանյանի հետ կազմել են մասնագիտական եզրակացություն: Նրանք դեպքի վայր էին գնացել ոստիկանությունից ստացված գրության հիման վրա: Ըստ վկայի, դեպքի վայրում իր հետ են եղել անտառապահը, անտառապահի օգնականը եւ «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամ Խառատյանը: Տեղում պարզել են, որ կատարվել է անտառամիջյան հին ճանապարհի վերանորոգում եւ նոր ճանապարհի կառուցում. «Բացվել էր 380 մետր երկարությամբ, 35 սմ խորությամբ, 3,5 մ լայնությամբ նոր ճանապարհ, որի կառուցման ժամանակ, բնականաբար, ծառեր են վնասվել: Եթե քննության ժամանակ պարզվեր, որ ծառերը վնասվել են մինչ ճանապարհ կառուցելը, ապա վնասը պետք է հաշվարկվեր 50 տոկոսի չափով»: Իրենց կողմից հաշվարկված թվով 39 ծառերի բների վրա կնքամուրճով կնքված, համարակալված ծառեր չեն եղել: Թվով 39 ծառերից կային միայն հաստաբուն՝ 1 հատ 46 սմ եւ 1 հատ 54 սմ տրամագծով ծառեր, մնացածը շատ բարակ բներով ծառեր են եղել: Ամեն ինչ նկատել են ու չափագրել, ոչինչ չի անտեսվել, քանի որ «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամը «փորձում էր ճնշում գործադրել իրենց վրա, անգամ ձեռքերով հողը քանդում էր, որ ծառի կոճղ նկատի»:

Վկա, պետական տեսուչ Գառնիկ Բաբաջանյանը ցուցմունք էր տվել, որ «Թեժ գծով» են տեղեկացել, որ ազգային պարկում կատարվել են հողային աշխատանքներ, որի հետեւանքով տապալվել են որոշակի թվով ծառեր: Պահանջել են մասնագետներ, որպեսզի տեղում կատարեն դեգրադացիայի եւ տապալված ծառերի հաշվարկ. «Մասնագիտական եզրակացությամբ նշված 0,35 սմ խորությամբ հողի շերտը պետք է նշվեր 0,35 մ: 0,35 սանտիմետրը թյուրիմացաբար է նշվել: Նոր բացված հողի շերտի խորությունը եղել է 35 սմ: Նոր ճանապարհը բացելու նպատակով տապալվել էին որոշակի քանակության` մոտ 39 հատ ծառեր»:

Ամբաստանյալը ՌԴ քաղաքացի է, վատառողջ, նրա նկատմամբ ընտրված ստորագրություն խափանման միջոցը պահպանվել է մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալի գույքի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031