Քննիչները նախընտրում են փակի տակ տեսնել ամբաստանվողին եւ միջնորդություններ են ներկայացնում դատարաններ:
ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Անտոնյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Ա.Մարտիրոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտին» երեկ հայտնեց. «Եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվում է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով որակվող մի քանի հանցագործությունների համար, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում է կոնկրետ ինչ հանցանքներ են կատարվել, իսկ եզրափակիչ մասում` այդ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները, հոդվածի մասերը կամ կետերը»:
Մինչդեռ, իր պաշտպանյալի մասով, դատելով 19.08.2019թ-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ձեւակերպումից, պատկերն այսպիսին է. «Որոշման բովանդակությունից հետեւում է, որ նրան մեղսագրված է կեղծ թղթադրամն իրացնելու օժանդակություն, սակայն որոշման եզրափակիչ մասում նշված է, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 2012-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը»:
Կարդացեք նաև
Դատարան ներկայացրած առարկություններում Լ. Սիմոնյանը նշել էր, որ 19.08.2019թ. որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի կարող համապատասխանել «մեղադրանք» բնորոշմանը, այլապես կխախտվի մեղադրյալի պաշտպանական իրավունքը, առավել եւս որ նման մեղադրանքի էությունը չի կարող պարզ եւ հասկանալի լինել պաշտպանյալին:
Ըստ պաշտպանի՝ Ա. Մարտիրոսյանի նկատմամբ չի կարող խափանման միջոց կիրառվել, այն էլ՝ կալանավորման ձեւով, քանի որ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի կարող համապատասխանել «մեղադրանքի ձեւակերպում» եզրույթին, այսինքն՝ Ա.Մարտիրոսյանը չի հանդիսանում մեղադրյալ:
Լ. Սիմոնյանն ասում է, որ դատարան ներկայացված եւ քննիչի միջնորդության մեջ վկայակոչված որեւէ նյութում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ կամ տեղեկություններ առ այն, որոնցով կարելի է գալ այն հետեւության, որ Արթուր Մարտիրոսյանը առնչվում է այն մեղադրանքի ձեւակերպմանը, որը նկարագրված է նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ. «Նույնիսկ ներկայացված գաղտնալսման ամփոփագրերի պատճենների զննության արձանագրությունից, որն, ըստ իս, չի կարող հանդիսանալ թույլատրելի ապացույց, չի հետեւում որ Արթուր Մարտիրոսյանը կարող է առնչվել այն մեղադրանքի հետ, թե իբրեւ օժանդակել է այլ անձի կեղծ թղթադրամներ իրացնելուն: Ավելին, դրանցում իսպառ բացակայում են կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ փաստական տվյալներ»:
Ա. Մարտիրոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտին» հայտնեց, որ դատավոր Դ. Սարգսյանը մերժել է քննիչի միջնորդությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2019