Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկական բրեյք-դանսի ներկայացուցիչ B-boy Magix-ը դեռ չի մտածում միջազգայնագետի կարիերայի մասին

Օգոստոս 29,2019 12:30

Թատերական-պարային ուղղություն համարվող ժամանակակից պարը (բալետ, մոդեռն ու ջազային ոճեր եւ այլն), որը զարգացում է ապրել XX դարի կեսերին, հասնելով մեր ժամանակները, դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար: Ժամանակակից պարի դեպքում, ինչպես մասնագետներն են հավաստիացնում, կարեւոր են բալետից ուժեղ եւ հստակ ոտքի աշխատանքը, մոդեռն պարերի դեպքում՝ մեջքի ձգվածությունը, իմպրովիզացիան …

Ժամանակակից պարերը վերջին շրջանում գերիշխում են նաեւ Հայաստանում, ինչի վկայությունն են մեզ մոտ անցկացվող միջազգային մրցույթները: Պարային տարբեր ուղղությունների միջոցառումներին մեր երկիր են այցելել ճանաչված այնպիսի անուններ, ինչպիսիք են Lilu-ն (Ֆրանսիա), Cico-ն (Իտալիա), Roxrite-ն (ԱՄՆ), Jamal-ը (ՌԴ), Uzi Rock-ը (Ուկրաինա) եւ այլք: Հիշյալ մասնագետները հանրահայտ են բրեյք-դանս ոճում եւ, ինչպես ընդունված է, հանդես են գալիս բեմական անվամբ:

«Առավոտի» զրուցակիցը՝ B-boy Magix-ը (անունը՝ Էմանուել Սիսակյան), հայաստանյան բրեյք-դանսի ճանաչված անուններից է, որը, ըստ մասնագետների, լուրջ հայտ ներկայացրեց 2014թ. Երեւանում անցկացված ժամանակակից պարային մրցույթում: Ի միջիայլոց, Հայաստան այցելած հանրահայտ իտալացի լուսանկարիչ Ջիովանի Վեչին, որպես իր աշխատանքների հերոս, ընտրեց միայն նրան: Տարիներ են անցել, Էմանուելը մասնակցել է միջազգային մրցույթների, չնայած մեզ հետ զրույցում նա առանձնացրեց շուրջ 5 տարի առաջ Շանթ TV-ի անցկացրած «Պարիր, թե կարող ես» նախագիծը, որտեղ նա ընդգրկվել էր լավագույն հնգյակում:

Զրույցի ընթացքում Էմանուելը հավաստիացրեց, որ ժամանակակից պարի ցանկացած ուղղվածությունում դասավանդում են պրոֆեսիոնալներ, այդ թվում՝ նաեւ ինքը:

Շուրջ տասը տարի բեմական գործունեություն ծավալած երիտասարդի մասին պտտվում են առասպելների հասնող խոսակցություններ: Բայց հեքիաթ չէ այն, որ 25-ամյա պարողը 15 տարեկանում գերազանցությամբ ավարտել է Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը եւ նույն տարում ընդունվել Երեւանի պետական համալսարան՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Նա բազմաթիվ տիտղոսների է արժանացել պրոֆեսիոնալ լողի, կարատեի, հունա-հռոմեական ըմբշամարտի, քիք-բոքսինգի մրցումներում, հանդես է եկել նաեւ որպես դիջեյ: Այս կապակցությամբ Էմանուելը ասում է. «Բրեյք-դանս պարի այս ուղղությունն իր մեջ խորհուրդ ունի, ինչը այսօր ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է հայերիս, այն է՝ համերաշխության ու հարգանքի մթնոլորտ: Նշեմ, որ կարիերայիս սկզբում ուսանել եմ դասական պար, հիփ-հոփ, քրամփ, մոդեռն, ջազ… Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ սպորտում անցած ուղուն, նշեմ, օրինակ, առաջին հայացքից ագրեսիա պարունակող քիք-բոքսինգը եւ ըմբշամարտը համատեղել եմ բրեյք-դանսում: Առայժմ հեռակա շփումների մեջ եմ ֆրանսիացի հանրահայտ B-boy Junior-ի հետ, շատ շուտով երջանկություն կունենամ հանդիպել նրան…»:

Ճի՞շտ է, որ լեգենդար Մադոննայի շոուում հանդես եկող ամերիկաբնակ մեր հայրենակից Միհրան Կիրակոսյանն անցյալ տարի առաջարկել է իրեն մնալ ու գործունեություն ծավալել M-dance խմբում, Էմանուելը ընդամենը նշեց, որ հայաստանյան ծրագրերի հետ կապված՝ նրբանկատորեն հրաժարվել է: Իսկ թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, հայտնեց, որ դրանք տարբեր միջոցառումներ են՝ սոլո ու խմբակային նկարահանումներից մինչեւ շոուբիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում նկարահանումներ: Նա շուտով «Ամարաս» խմբի (ղեկավար՝ Վիկտորիա Մարտիրոսյան) հետ պատրաստվում է մեկնել Սոչի, որտեղ հանրահայտ «Տոդեսի» հետ հանդես կգան բազմաբնույթ համարներով:

Նկատեցինք, որ իր ընտանիքի որոշ անդամներ առաջին մասնագիտությունը «դնում են մի կողմ»՝ ներկայանալով արվեստի ոլորտում, օրինակ, հայրը մասնագիտությամբ իրավաբան Արիստակես Սիսակյանը (Արիս) ճանաչված երգիչ է, քույրը՝ Աննան, մասնագիտությամբ դարձյալ իրավաբան է, սակայն հանդես է գալիս որպես դաշնակահար:

Հետաքրքրվեցինք, գուցե մի օր իրեն տեսնենք միջազգայնագետի կարգավիճակո՞ւմ: Ի պատասխան՝ Էմանուելն ասաց. «Բրեյք-դանս պարողի ստեղծագործական ուղին տասնամյակներ չի կարող ձգվել, բայց այս պահին զբաղվածությունս թույլ չի տալիս մտածել այդ մասին…»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031