Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի քաղաքական որոշմանը սպասելով

Օգոստոս 29,2019 12:00

18 տարի տեւած ծրագրերով ականազերծումն Արցախում իրականացվել է 97,9 տոկոսով

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019թ. արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը: Այս մասին օրերս հաղորդեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Ըստ էության, ամերիկյան վարչակազմը հետ է կանգնել արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից: Իսկ դա նշանակում է՝ արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում, եւ դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019թ. համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ՝ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Իսկ ինչ վերաբերում է 2020թ. ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա, ինչպես հաղորդում է ռադիոկայանն՝ այս ուղղությամբ քննարկումները շարունակվելու են ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա ներառում է նաեւ Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությունն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագիրը:

Այսպիսով, Թրամփի վարչակազմը մտադրվել էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք համարելով ոչ անհրաժեշտ եւ անիմաստ եւ սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից:

Ըստ ամենայնի՝ Սպիտակ տունը հետ կանգնեց արտաքին օժանդակության միջոցների սառեցման եւ կրճատման գաղափարից, երբ օրենսդիրները դեմ արտահայտվեցին այդ գաղափարին: Նկատենք, որ Կոնգրեսի կողմից հաստատված միջոցների կրճատմանն ընդդիմացան եւ դեմոկրատ, եւ հանրապետական օրենսդիրները:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցերին ականազերծման ծրագրի, արտաքին օժանդակության կրճատման, Հայաստանին տրամադրվող օգնության, հայ-ամերիկյան հարաբերությունների թեմաների առնչությամբ:

ԱՄՆ-ն մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Հայաստանի հետ կապված մարդասիրական նման ծրագրերից է նաեւ Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է HALO Trust կազմակերպությունը: ԱՄՆ-ն, սակայն ազդարարել է ծրագրի հնարավոր դադարեցման մասին, որից հետո HALO Trust-ն ու ամերիկահայ կառույցները հանդես եկան կոչով՝ չդադարեցնել ծրագրի ֆինանսավորումը: Ամերիկացի 89 կոնգրեսականներ եւ 22 սենատորներ իրենց հերթին նամակով դիմեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրենին՝ միանալով ծրագիրը շարունակելու կոչին: Նշյալ հարցի առիթով Բիրմանն ասել է. «Մենք հպարտ ենք աշխատանքով, որն իրականացվել է վերջին 18 տարիների ընթացքում ականազերծման ոլորտում: Վերջին զեկույցը, որը մենք ստացել ենք պաշտոնապես Halo Trust-ից, ցույց է տալիս, որ 97,9 տոկոսով իրականացրել ենք ականազերծումը, եւ դա մեծ հաջողություն է, որի միջոցով փրկվել են բազմաթիվ կյանքեր, եւ նոր հնարավորություններ են ստեղծվել գյուղատնտեսական եւ այլ ոլորտներում: Մարդիկ կարողանում են օգտագործել այդ ականազերծված հողերը»:

ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ծրագրերի հետ կապված հավելյալ 40 միլիոն դոլարի տրամադրման մասին օրենսդրական փոփոխությունը: Ի՞նչ փուլում է այս օժանդակության հարցը, եւ ի՞նչ ծրագրեր են նախատեսում իրականացնել: «Կոնգրեսը պետք է որոշի, թե որն է լինելու բյուջեն, որից հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կօգտագործի իրեն հատկացված միջոցները` այդ ռեսուրսները լավագույնս ծառայեցնելով տարբեր ոլորտներում Հայաստանին օգնելու համար: Մեր բոլոր ծրագրերը կուղղվեն Հայաստանի առաջնահերթություններին աջակցելուն: Երեկ իմ գրասենյակում հանդիպել ենք Հայաստանի դեսպանի հետ, ում հետ ծավալուն զրույց ենք ունեցել Հայաստանի առաջնահերթությունների մասին: Օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի բարեփոխումը, տնտեսական զարգացումն այն ոլորտներն են, որոնք մենք կշարունակենք թիրախավորել մեր օգնության տրամադրման ընթացքում: Կարծում եմ, կարեւոր է, որ մենք աշխատում ենք վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հետ՝ փորձելով օգնել հաջողությամբ իրականացնել ներկա կառավարության ծրագրերը՝ ի նպաստ ողջ հայության»,- պատասխանել է Բիրմանը:

ԱՄՆ օրակարգային կարեւոր թեմաներից է ԱՄՆ-ի վարչակազմի ցանկությունը՝ կրճատել արտաքին օժանդակությունը, որքանո՞վ դա կանդրադառնա Հայաստանի օգնության վրա: Բիրմանի խոսքով՝ ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի ընդունվել. «Սակայն, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան կրկնապատկել ենք մեր ֆինանսավորումը: Մենք հասկանում ենք այն կարեւոր հարաբերությունները, որոնք ԱՄՆ-ն ունի Հայաստանի հետ»:

Նկատենք, որ ավելի վաղ տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է կրճատել ամերիկյան արտաքին օժանդակության ծավալները: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրեն Բրոք Բիրմանը հայտնում է՝ այս ուղղությամբ դեռեւս չկա վերջնական որոշում: Կոնգրեսը շուտով պետք է անդրադառնա այս հարցին, ասել է թե՝ ամեն ինչ դեռ առջեւում է, եւ առաջիկա շաբաթները կարեւոր են լինելու այս տեսանկյունից:

Հիշեցնենք ամենակարեւոր հանգամանքներից մեկը՝ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկն է, որը տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագիր է ֆինանսավորել, ինչն աննախադեպ է: 18 տարի տեւած ծրագրի արդյունքներով պատրաստված զեկույցների համաձայն՝ ականազերծումն իրականացվել է 97,9 տոկոսով:

Թերեւս, բոլորի համար պարզ է, որ ամերիկյան վարչակազմի որոշումը քաղաքական էր, եւ դրա վերանայման համար կրկին անհրաժեշտ կլինի քաղաքական որոշում: Այստեղ արդեն կարեւոր է լինելու պաշտոնական Երեւանի կողմից հետեւողական աշխատանքը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում նոր քաղաքականության, նոր գործիքների, նախաձեռնողականության նոր նոտաների ֆոնին: Պաշտոնական Երեւանի կողմից հստակ օրակարգի ձեւավորման անհրաժեշտության կա:

Հավելենք, որ ամերիկահայ կառույցներն ու ականազերծման ծրագիր իրականացնող բրիտանական HALO Trust կազմակերպությունը կոչ են անում վարչակազմին շարունակել այս ծրագրի ֆինանսավորումը՝ վկայակոչելով ԱՄՆ 89 կոնգրեսականների ու 22 սենատորների ստորագրությամբ նամակն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրենին՝ ծրագրի դադարեցման որոշման վերանայման կոչով: Իր հերթին HALO Trust-ը եւս հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը կվերանայի իր որոշումը: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի ականազերծման կարիքների մասին հետազոտություն, որը կբացահայտի ծրագիրն ավարտին հասցնելու անհրաժեշտ միջոցներն ու ժամկետները:

Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Փաշինյանը կարեւորել էր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Նրա խոսքով՝ կառավարությունը հետեւողականորեն եւ հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ այդ առումով ընդգծել էր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության կարեւորությունը: Բիրմանի այցը Հայաստան Փաշինյանը համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները. «Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության եւ այդ կարեւորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ: Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասել էր նա՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նաեւ գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ կրթության ոլորտներում: Փաշինյանը շեշտել էր, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ եւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմամբ: Բ. Բիրմանն իր հերթին նկատել էր. «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աշխատել կառավարության հետ՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առավել հզորացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ առեւտրի ու ներդրումների խթանման բնագավառներում»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 28.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031