Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ թուլա, գնա ձեր գյուղում գոռա». Գնդեվազի միջադեպից մանրամասներ է ասում բերման ենթարկվածի եղբայրը

Օգոստոս 28,2019 21:21

ՀՀ քննչական կոմիտեն օրերս Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել: Aravot.am-ը զրուցել է միջադեպի մասնակիցներից մեկի եղբոր՝ Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանի հետ: Կատարվածի վերաբերյալ նա մեզ պատմեց. «Ընկերներս, այդ թվում՝ բարեկամներս, այդ օրը՝ օգոստոսի 24-ին, Գնդեվազ գյուղի հրապարակով անցնելիս են եղել: Այդտեղ հավաքված են եղել մի խումբ մարդիկ, որոնք ունեն Ամուլսարի հանքը բացելու դիրքորոշում: Այդ մարդիկ ինչ-որ առիթ են նշելիս եղել, մեքենայի «կապոտին» գարեջուր եւ ոգելից այլ խմիչքներ են եղել: Ընկերներիցս մեկը, որը դեմ է հանքի շահագործմանը, իջել է մեքենայից եւ գոռացել՝ «Ամուլսարն առանց հանքի», ապա լսել է, որ այդ մարդիկ ինչ-որ ռեպլիկներ են արել: Մոտեցել է, որպեսզի հասկանա, թե ինչ են ասում: Խոսակցության ժամանակ գյուղացիներից մեկը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, ընկերոջս ասել է՝ «այ թուլա, գնա ձեր գյուղում գոռա»:

Այդ ժամանակ մոտեցել են մյուս ընկերներս ու փորձել հանգստացնել այդ մարդուն, ասել են, որ վաղը կհանդիպեն, որովհետեւ այսօր այդ օրը չէ: Ասել են՝ «մեծ մարդ էս, այդպես մի խոսա հետնե՞րս: Այդ մարդը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել ընկերներիս, ծեծկռտուք է եղել երկու կողմից, վիճաբանություն…ընկերներս եղել են վեց հոգով, իսկ իրենք՝ 30: Վիճաբանության ընթացքում հակառակ կողմի մարդկանցից մեկն ընկել է, ականջը դիպել է քարին ու պատռվել, մինչդեռ ԶԼՄ-ներում գրում են, թե իբր դանակով ականջ են կտրել…Բայց այդ մարդն ինքն է դա հերքել, այդտեղ որեւէ զենք կամ գործիք չի գործադրվել: Հիմա քննում են ընկերներիցս մեկի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, մյուս ընկերներս՝ երկու հոգի, որոնցից մեկը՝ եղբայրս, ձերբակալված են՝ կասկածյալի կարգավիճակում»:

Մեր զրուցակիցը հավելեց. «Ջերմուկի ոստիկանապետը, նաեւ՝ նրա տեղակալը, ի սկզբանե կողմնակալ են եղել Ամուլսարի հարցում: Ոստիկանապետն, իմ տեղեկություններով, ունեցել է որոշակի բիզնես, մասնավորապես՝ «Կամազ»-ների հետ կապված, իսկ նրա տեղակալն առաջին իսկ օրից, երբ մենք փակեցինք Ամուլսարի հանք տանող ճանապարհները, ծառայություններ է մատուցել «Լիդիան Արմենիա»-ին: Ի դեպ, ավելի վաղ այն ընկերոջս հետ, որի կալանքի հարցն է քննվում, ոստիկանապետն ունեցել է թեթեւ վիճաբանություն: Կա խոսակցություն, որ ինքը երդվել է՝ այդ տղային պետք է դատի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031