Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն։
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանի հրամանով Վահագն Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն»,-գրված է պաշտոնական տեղեկատվության մեջ, որը տեղադրված է նաև ՀԳՊԱ Գյումրու ստորաբաժանման ֆեսյբուքյան էջում։
Նշենք, որ Վահագն Ղուկասյանը 32 տարեկան է, նա 2015 թվականից զբաղեցնում էր Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի պաշտոնը։ Նա այն բուհի շրջանավարտն է, որտեղ նշանակվել է տնօրեն։ 2010 թվականից դասավանդում է գեղարվեստի ակադեմիայում։
Վահագն Ղուկասյանը 2011 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, թանգարանների միջազգային միության անդամ է, 2010թ․-ին արժանացել է նաև Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակին՝ կինոյի և կերպարվեստի բնագավառում։
Aravot.am-ի հարցին, թե առաջնահերթ ի՞նչ փոփոխություն է նախատեսել կատարել բուհում, ինչ ծրագիր կիրագործի, մեր զրուցակիցն ասաց․ «Իրականում ծրագրերը, մտքերը շատ են, իհարկե, հիմա ինտենսիվորեն պատրաստվում ենք նոր ուսումնական տարվան։
Առաջնայինը՝ հին արտաքին կապերի նոր ձևավորումն ու հին ծրագրերի վերականգնումն է, որովհետև նախկինում ակադեմիան շատ լավ կապեր ուներ Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի, Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայի հետ, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ստոկքտոնի համալսարանի հետ։ Մի քանի նախագծեր էինք սկսել, որոնք հետո չեղան։ Կփորձենք միջազգային հարթակների, կառույցների հետ աշխատանքներն աշխուժացնել, ավելի բարձր մակարդակի հասցնել։ Ուսումնական որակը պահելով՝ պիտի փորձենք ավելի զարգացնել։ Այս պահին առաջնայինն արտասահմանյան կապերը վերականգնումն ու նոր նախագծեր իրագործումն է, ինչպես նաև Հայաստանի տարբեր ժամանակակից մշակութային կենտրոնների հետ կապերի ստեղծումն ու ամրապնդումն է»։
Մեր հարցին՝ ինչպես ընդունեց անձնակազմը ձեզ, մեր զրուցակիցն ասաց, որ նոր մարդ չէ ակադեմիայում, իրեն ճանաչում են ու կարելի է ասել է լավ ընդունեցին։ Նա նաև նշեց, որ շատերը իր դասախոսներն են եղել ու իր հայրիկի ընկերներն են։
Նշենք, որ բուհը մինչ Վահագն Ղուկասյանի նշանակումը, ղեկավարում էր նկարիչ, արվեստագիտության պրոֆեսոր Գարիկ Մանուկյանը, ով նույնպես ժամանակին զբաղեցրել է Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրենի պաշտոնը։
Լուսանկարը՝ Վահագն Ղուկասյանի ՖԲ էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ