Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկը համաձայն չի, պիտի մանդատը վայր դնի ու գնա՞… տարակարծություն կա, պառակտում չկա». Ալեն Սիմոնյանը՝ Ամուլսարի շուրջ վեճերի մասին

Օգոստոս 28,2019 19:40

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով Ամուլսարի խնդրի մասին, ասաց, որ դա խմբակցության քննարկելիք հարց չի. «Մասնագիտական ոլորտում է այդ հարցը»:  Նա լրագրողներին քննադատեց, որ Ամուլսարի հարցով տեսակետներ ու մեկնաբանություններ ստանալով՝ ինտրիգ են ստեղծում:

Հարցին՝ խմբակցությունը միասնական դիրքորոշում այդ հարցում չի՞ ունենալու եւ կառավարությանը պետք չէ՞ խորհրդարանի աջակցությունը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մեր խմբակցության կառավարությունը եւ վարչապետը այսօրվա գործող կառավարությունը եւ վարչագետն է եւ ես, իմ գործընկերները լիակատար աջակցություն ենք հայտնել վարչապետին: Այսօր ՀՀ կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու: Ասվել է՝ եթե կլինի մի փոքր մտահոգություն, մտավախություն, որ դա կարող է վնաս պատճառել մի լիտր ջրի, այդտեղ մենք քննարկելու բան չունենք»:

Տեսակետ կա, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն այս փուլում նպատակ էր հետապնդում շեղել Ամուլսարի հարցից: Այս առնչությամբ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ ժպիտով է դրան վերաբերում. «Իմ համար այսօր ավելի կարեւոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գո՞րծը: Իմ համար դա ավելի կարեւոր է, որովհետեւ այնտեղ խոսքը գնում է պետությանը վնաս պատճառելու մասին, այստեղ քննարկում է ընթանում՝ արդյոք հնարավո՞ր է, որ վնաս լինի, թե չլինի: Դա համար այն հարցն ինձ համար ավելի կարեւոր է: Խնդրում եմ դուրս գաք այն տրամաբանությունից, որ ինչ-որ թեմաներ են գցում, որ շեղեն, մի՛ շեղվեք, եթե դա այդքան կարեւոր է»:

Հարցին՝ ի՞նչ եք անելու այն պատգամավորների նկատմամբ, որոնց դիրքորոշումը չի համընկնում վարչապետի տեսակետի հետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց որ ԱԺ-ում չի եղել քննարկում, որտեղ բոլորի դիրքորոշումները 100 տոկոսով համընկել են. «Դուք եք չէ՞ շրջանառության մեջ գցել կնոպկա սեղմող գաղափարը, այն ժամանակ ինձ մոտենում էին լրագրողները, ասում էին՝ մտավախություն կա, որ կրկնեք նախորդներին ու կնոպկա կսեղմեք, հիմա հակառակն ենք ասում՝ քննարկում ենք, դա ուրախալի է: ՀՀ քաղաքացին պիտի գոհ ու շնորհակալ լինի, որ այսօրվա իշխանությունը քննարկում է եւ ականջալուր է ամեն ինչին ու դուրս պիտի գա հին տրամաբանությունից: Քննարկում ենք՝ ասում եք պառակտում կա, ձեր մեջ վեճ կա, չենք քննարկում՝ ասում եք կնոպկա սեղմող»:

Հարցին՝ ովքեր Ամուլսարի հարցով դեմ լինեն, հնարավո՞ր է մանդատներից հրաժարվելու հարց առաջանա՝ Ալեն Սիմոնյանն այսպիսի պատասխան տվեց. «Իսկ ինչի՞ պիտի առաջանա: Երբ որ դուք ձեր խմբագրությունում քննարկում եք որտեղ անցկացնել ամանորյա կորպորատիվը, մեկը ասում է՝ մի տեղ, մեկը՝ մյուս տեղ, ինչ-որ մեկը խմբագրությունից դո՞ւրս է գալիս: Խոսում ենք, քննարկում ենք»: Դիտարկմանը, որ Ամուլսարը կորպորատիվի քեֆ չի, ուրի՛շ հարց է, ո՞նց եք համեմատում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինչո՞վ է ուրիշ հարց: Այսինքն, յուրաքանչուր քննարկման ժամանակ, եթե ինչ-որ մեկը համաձայն չի, պիտի մանդատը վայր դնի ու գնա՞, առավել եւս, երբ որ դա իր տիրույթում չի գտնվում: Ներողություն եմ խնդրում բերված օրինակից, դո՛ւք օրինակ բերեք՝ յուրաքանչյուր քննարկում պետք է ավարտվի նրանով, որ մեկը պետք է նեղանա, մանդատը դնի ու գնա՞: Ոչ, ոչ մեկը մանդատը չի՛ դնելու: Խմբակցությունը կա եւ գործելու է»:

Լրագրողները հիշեցրին, թե ինչ հրապարակային վեճեր կան՝ Բաբկեն Թունյան-Լենա Նազարյան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ դա նորմալ է. «Տարակարծություններ կան, պառակտում չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031