Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ իրավական վերլուծություն

Օգոստոս 28,2019 18:44

Մարտին Մադեյ, իրավագետ (Չեխիա)

Այն բանից հետո, երբ 2018թ․ հուլիսից ի վեր տեղի բնակիչները, առանց կառավարության միջամտության, շրջափակեցին դեպի Ամուլսար տանող ճանապարհները և խոչընդոտեցին Լիդիան Ինթերնեշընըլ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Լիդիան Ինթերնեշնլ) հանքարդյունաբերական գործունեությունը, 2019թ․ մարտի 11-ին վերջինս հայտարարեց, որ իր դուստր ընկերությունների՝ Lydian U.K. Corporation Limited-ի  (Լիդիան Մեծ Բրիտանիա) և Lydian Canada Ventures Corporation-ի (Լիդիան Կանադա) միջոցով պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՀՀ կառավարությանը վեճի առկայության մասին: Այսպիսով, Լիդիանը հայտարարեց Հայաստանին դատի տալու իր մտադրության մասին, եթե Հայաստանը չկատարեր Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ երկկողմ ներդրումային համաձայնագրերով ենթադրվող իր պարտավորությունները:

Սույն հոդվածի նպատակն է վերլուծել «Լիդիան Մեծ Բրիտանիա» և «Լիդիան Կանադա» ընկերությունների հնարավոր հայցերի բնույթը:

  1. Լիդիան Ինթերնեշնլի՝ ներդրումային պայմանագրերով ընդդատություն ապահովելու սխեման

Սկսենք փաստերից․ Լիդիան Ինթերնեշնլը գրանցվել է Ալբերտայում (Կանադա) 2006թ․։ Մեկ տարի անց, ընկերությունը տեղափոխվել է «հարկային դրախտ» հանդիսացող Ջերսի` Նորմանդյան կղզիներ (Jersey in the Channel Islands)։ Ընկերությունն, իր մասնաճյուղերով, գրասենյակներ ունի Երևանում (Հայաստան) և ԱՄՆ Կոլորադո նահանգի Գրինվուդ Վիլիջում. վերջինս, ենթադրաբար, ամերիկյան ներդրողներին ներգրավելու համար է ստեղծվել։ Իրականում, նրա բաժնետոմսերի 56.35%-ը ներկայումս գտնվում են ներդրումներ կառավարող երեք խոշոր ընկերությունների ենթակայության ներքո՝ RCF Management LLC, Orion Resource Partners և Franklin Advisers, որոնք բոլորն էլ գործում են ԱՄՆ-ում։

2018թ․ օգոստոսին Լիդիան Ինթերնեշնլը հիմնադրել է երկու դուստր ձեռնարկություն՝ մեկը Մեծ Բրիտանիայում, մյուսը՝ Կանադայում, որոնց սեփականատերն ամբողջությամբ՝ 100% մասնաբաժնով, հենց ինքն է՝ Լիդիան Ինթերնեշնըլը։ Այնպես է ստացվել, որ Մեծ Բրիտանիան և Կանադան այն եզակի երկրներից են, որոնց հետ Հայաստանն ունի երկկողմ ներդրումային համաձայնագրեր, որոնց մեջ, սակայն, հանքարդյունաբերական գործունեության համար բացառություններ նախատեսված չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիդիան Ինթերնեշնլ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում եւ Վրաստանում, նոր ընկերություններ հիմնելու այլ ակնհայտ պատճառ, քան միջազգային արբիտրաժի ընդդատությունն ապահովելու շարժառիթն է, չկա։ Նմանօրինակ վարքը, սակայն, հստակորեն խախտում է միջազգային արբիտրաժի ընթացակարգային կանոնները:

Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը (ՆՎԼՄԿ) «Phoenix Action Ltd.-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության» գործում (Ic sin գործ N. Aiss/06/5, Award, 15 2009թ․ ապրիլ) գտել է, որ ՆՎԼՄԿ-ի ընդդատությունը չի գործում, եթե հայցվորը ստեղծում է իրավական պատրանք՝ միջազգային արբիտրաժային ընթացակարգի հասանելիությունն ապահովելու համար, որն ի սկզբանե չի ունեցել»: Ինչպես Լիդիան Ինթերնեշնլը, տվյալ դեպքում Phoenix Action Ltd-ն նույնպես փորձել էր շրջանցել դատավարական ընթացակարգի կանոնները` շինծու գործունեություն ցույց տալու միջոցով, սակայն չէր հասել հաջողության:

Ֆինեքս-ի (Phoenix Award) գործով ընդունված որոշումը մեջբերվել է «Մոբիլ Քորփորեյշընը և մյուսները ընդդեմ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության» գործում, որտեղ ՆՎԼՄԿ-ն հրաժարվել է լսել ներդրումների հետ կապված մի շարք վեճեր, որոնք նախորդել էին հայցվորների կորպորատիվ վերակազմավորումներին` իրականացված Նիդեռլանդների և Վենեսուելայի միջև կնքված փոխադարձ ներդրումային համաձայնագրի պաշտպանությունից օգտվելու նպատակով:[1]

Ներդրումային համաձայնագրի հիմքով գործող դատարանը, հետևաբար, չի ունենա  ratione temporis ընդդատություն, երբ ներդրումային համաձայնագրով չպաշտպանված ներդրողը վերակազմավորում է իր ներդրումը, որպեսզի ընկնի պաշտպանության շրջանակի մեջ այն տարեթվից հետո, երբ տեղի է ունեցել ընդունող պետության հետ վեճ հանդիսացող գործողությունը[2]: Լիդիան Ինթերնեշնլի դեպքն է՛լ ավելի պարզորոշ է, քանի որ նրա դուստր ընկերությունները նույնիսկ չեն փորձել ձևացնել, որ ներդրում են արել Հայաստանում:

Այս վերլուծությունը եզրակացնում է, որ Լիդիան Ինթերնեշընըլի գործողությունը կձախողվի արդեն իսկ ընթացակարգային հիմունքներով: Ստորև կներկայացնեմ, որ բովանդակային հիմքով նույնպես նման հայցը ենթակա է ծախողման։

  1. Լիդիան ինթերնեշնլի ներդրումները ներդրումային համաձայնագրերով պաշտպանության ներքո չեն գտնվում

Ինչպես վկայում են հրապարակված փորձագիտական ուսումնասիրությունները, Ամուլսարում հանքի շահագործումը, նույնիսկ ժամանակակից կանխարգելիչ և մեղմացուցիչ միջոցառումների իրականացմամբ, իրենից նշանակալի ռիսկ է ներկայացնում բնական միջավայրի և տեղի բնակչության առողջության համար։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ Հայաստանը մի շարք միջազգային պայմանագրեր/կոնվենցիաներ է ստորագրել՝ պարտավորվելով պաշտպանել մարդու իրավունքներ (օրինակ՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում), պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունը (Կենսաբազմազանության մասին կոնվենցիա, Բեռնի կոնվենցիա) և այլն։

Այժմ, եթե Հայաստանի կառավարությունն ինքն է որոշում իր քաղաքացիներին ու բնության ժառանգությունը վտանգել հանքարդյունաբերական գործունեության պատճառով, միջազգային կոնվենցիաների համապատասխան մարմինները կարող են դա համարել իբրև միջազգային իրավունքի խախտում, որի հիմքով պետությունը կարող է ենթակա լինել տույժերի և իրավական ու քաղաքական պատասխանատվության այլ տեսակների։

Այդուհանդերձ, պետության սուվերեն իրավունքը կլինի շարունակել հանքարդյունաբերական գործունեությունը։

Լիդիան Ինթերնեշնլը չունի՛ նման արտոնություն։ Համաձայն Կանադայի և Հայաստանի միջև կնքված ներդրումային երկկողմ համաձայնագրի Հոդված 1 (f) կետի, « «ներդրում» է համարվում երրորդ պետության ներդրողի միջոցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետվող կամ վերահսկվող ցանկացած տեսակի ակտիվ […] վերջինիս օրենսդրության համաձայն»։ Սրանից հետևում է, որ Լիդիան Ինթերնեշնլի ներդրումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 5-ի՝ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի անօտարելի մասն են կազմում։ Լիդիան Ինթերնեշնլը (դրա ընկերությունները Միացյալ Թագավորությունում կամ Կանադայում) չեն կարող Հայաստանի դեմ պահանջներ ներկայացնել զուտ այն պատճառով, որ նրանց գործունեությունը խախտել է Հայաստանի բնակիչների իրավունքները և Հայաստանի միջազգային պարտավորություններով պաշտպանության ներքո այլ արժեքներ։ Ի վերջո, չկա ո՛չ տրամաբանական, ո՛չ էլ իրավական պատճառ պնդելու, թե Հայաստանի Հանրապետությունը կամ իր քաղաքացիները պետք է սպասեն, որ Լիդիան Ինթերնեշնլը հանքարդյունաբերական գործունեությամբ վերը նշված վնասը հասցնի և միայն դրանից հետո հիշեն, որ Հայաստանն ունի միջամտելու պարտականություն։

Որպես եզրահանգում,  ինչպես նկարագրվեց վերը, ներկա հանգամանքներում Լիդիան ՄԹ և Լիդիան Կանադական ընկերությունների կողմից Կանադայի և ՄԹ հետ կնքված ներդրումային համաձայնագրերի շրջանակներում արբիտրաժային հայցերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ․

  1. Ներդրումային վեճերի լուծման կենտրոնը (ներդրումային արբիտրաժը) չի ունենա ընդդատություն այն դեպքում, երբ ներդրողը չարաշահում է միջազգային արբիտրաժը, որպեսզի պաշտպանի իր ներդրումները՝ արհեստականորեն երրորդ երկրներում դուստր ընկերություններ գրանցելով, և
  2. Հայաստանի Հանրապետությունն ամեն դեպքում չունի պարտավորություն պաշտպանելու Լիդիան Ինթերնեշնլի, Լիդիան Կանադայի կամ Լիդիան ՄԹ-ի ներդրումները, եթե նման ներդրումները խախտում են Հայաստանի օրենսդրությունը, ներառյալ միջազգային պայմանագրերը, որոնք այդ օրենսդրության մասն են կազմում։

 

[1] Ընդդատություն ապահովելու հակաօրինական սխեմաների մասին հավելյալ օրինակների համար, տե՛ս Ջոն Փ․ Գաֆնի, Ընթացակարգի չարաշահումը ներդրումային համաձայնագրերի արբիտրաժում (2010) (John P Gaffney, ‘Abuse of Process in Investment Treaty Arbitration’ (2010) 11 J WORLD INVESTMENT & TRADE 515)

[2] Նման այլ օրինակների համար տե՛ս Libananco Holdings Company Limited v. Republic of Turkey, ICSID Case No ARB/06/8, Award (2 September 2011) [Michael Hwang (President), Franklin Berman and Henri Alvarez] para 121–28; Vito G Gallo v. The Government of Canada, NAFTA/UNCITRAL, Award (15 September 2011) [Juan Ferna ́ndez-Armesto (President), J. Christopher Thomas and Jean-Gabriel Castel] para 328; Socie ́te ́ Ge ́ne ́rale in Respect of DR Energy Holdings Limited and Empresa Distribuidora de Electricidad del Este, SA v The Dominican Republic, UNCITRAL, LCIA Case No UN 7927, Award on Preliminary Objections to Jurisdiction (19 September 2008) [Francisco Orrego Vicun ̃a (President), R. Doak Bishop and Bernardo Cremades] para 106–7.

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն – Armenian Environmental Front (AEF) Civil Initiative

Թարգմանությունը՝ Հայկական բնապահպանական ճակատ-ի կամավորների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031