Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G-7 խմբի գագաթնաժողովի շրջանակում և նախապես ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռուհանիի հետ կայացած համաձայնությամբ մեծ ջանքեր գործադրեց Իրանի ու ԱՄՆ-ի կառավարության միջև միջնորդ հանդիսանալու համար:
Ինչպես արդեն ԶԼՄ-ներն են հայտարարել՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը օգոստոսի 23-ին նոր նախագիծ է ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփին, որի համաձայն, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները պետք է կրճատվեն, որպեսզի Իրանը կարողանա սահմանափակ ժամկետով նավթ վաճառել որոշ եվրոպական և ասիական հաճախորդներին:
Օգոստոսի 25-ին Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդները պայմանավորվել են լիազորել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց ուղերձը փոխանցել Իրանին: Ֆրանսիայի նախագաhը նշել է. «Լարվածությունը թուլացնելու և Թեհրանի հետ բանակցություններ վարելու նպատակով, Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդները համաձայնության են եկել այն առաջարկի շուրջ, որը պետք է ներկայացվի Իրանին»:
Մակրոնի հայտարարությունից անմիջապես հետո, օգոստոսի 26-ին ԻԻՀ ԱԳՆ Մոհամեդ Ջավադ Զարիֆը, Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանի հրավերով, Ռուսաստանի, Իրանի ու Ֆրանսիայի միջև ՀԳՀԾ-ի եռակողմ բանակցությունները շարունակելու նպատակով, ժամանեց Ֆրանսիայի Բիարից քաղաք, որտեղ ընթանում էր Մեծ Յոթնյակի գագաթաժողովը: Զարիֆի այցը Չինաստան մեկ օրով հետաձգվել էր այն պատճառով, որ իրանցի նախարարը նախօրյակին այցելել է ֆրանսիական Բիարից, որտեղ նա բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիանի հետ:
Կարդացեք նաև
Զարիֆն այս կարճատև այցի ընթացքում իր բանակցությունները դրական է գնահատել, նշելով, որ կողմերն արել են առաջարկություններ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու և դրա համար անհրաժեշտ լուծումների կապակցությամբ:
ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի Ֆրանսիա կատարած այցից հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանին, մեկնաբանելով Զարիֆի այցը Բիարից, հանդես է եկել ի աջակցություն բանակցային գործընթացի:
«Եթե ես իմանայի, որ իմ այս կամ այն հանդիպումը կբերի ժողովրդի խնդիրների լուծմանը, ես չէի տատանվի,-ասել է Ռուհանին՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ: Ես կարծում եմ, որ հանուն մեր ազգային շահերի մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները»:
Զարիֆի այցը Ֆրանսիա մեծ ոգևորություն է առաջացրել Իրանի կառավարության չափավոր թևի և ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու կողմնակից պետական և հասարակական շրջանակներում։
Այնպես որ, Պեկինում, Süddeutsche Zeitung օրաթերթին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Թեհրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կրճատմանն ասել է. «Եթե Իրանի հաճախորդներին նավթի արտահանման ծավալները վերականգնվեն, Իրանը կշարունակի կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»:
Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ ստեղծված ճգնաժամից ի վեր Եվրոպական առաջնորդները ջանքեր չեն խնայում մեղմելու զարգացող հակամարտությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև այն պահից, երբ Թրամփը դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և սահմանել է պատժամիջոցներ այդ երկրի դեմ:
Մյուս կողմից, օգոստոսի 26-ին Ֆրանսիայի Բիարից քաղաքում մեծ Յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած մամուլի ասուլիսում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալ հայտարարությամբ հանդես գալով ասել է, որ պատրաստ է «ճիշտ պայմաններում» հանդիպել ու բանակցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։ Իհարկե չպետք է ակնկալել, որ Թրամփի այդ ցանկությունը կարող է իրականություն դառնալ, քանի որ դեռ Սպիտակ տան ավագ խորհրդատու Ջոն Բոլթոնի կողմից ոչ մի պաշտոնական դիրքորոշում չի ընդունվել Իրանի նկատմամբ պահանջները մեղմելու ուղղությամբ։ Իսկ չպետք է մոռանալ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իսրայելի օդուժի կողմից, Իրաքի տարածքում բազմիցս թիրախավորվել են Իրանի կողմից հովանավորվող Հաշդ Ալ-Շաաբի շիա զինված խմբավորման դիրքերը, որի ընթացքում նաև զոհվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած մի քանի տասնյակից ավել հրամանատարներ։
Իրանի և ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների միջև պրոքսի պատերազմի սցենարը նույնպես բազմիցս կրկնվել է Սիրիայում և Եմենում, որին պետք է ավելացնել նաև նավթատար տանկերների շարունակվող ճգնաժամը Պարսից ծոցում։ Այս հանգամանքները խիստ զայրացնում է Իրանում հոգևոր պահպանողական իշխանության և պահապանների կորպուսի ծայրահեղ հրամանատարներին, որոնք փորձում են խոչընդոտ հանդիսանալ Իրանի նախագահ Ռուհանիի թիմի բանակցային գործընթացին։
Ավելին` ԱՄՆ-ում և Իսրայելում Իրանի դեմ դիրքորոշված ծայրահեղական բազաները շարունակելով Իրանի դեմ հիբրիդ պատերազմը, ոչ մի ջանք չեն խնայում ավելի շատ սեղմել Իրանի շուրջ պատժամիջոցների և ռազմական գործողությունների օղակը, և փակելով բանակցային տարբերակի ճանապարհը՝ իրանին պարտադրել ընդունելու ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջադրած 12 պայմանները։ Համենայն դեպս վերջին երկու օրերի ընթացքում Վաշինգտոնի և պաշտոնական Թեհրանի կողմից փոխանակվող ուղերձներում, չնայած դիվանագիտական դաշտում տեղի ունեցող արագ զարգացումներին, նկատվում են հակասական տարրեր։ Հենց այդ պատճառով, մեծ Յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփը նաև նշել էր, որ Մակրոնը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող են բանակցել Իրանի հետ:
Մերձավոր Արևելքի հարցերով Իրանի ԱԳՆ նախկին գլխավոր տնօրեն Մոհեբալին Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի նկատելիորեն մեղմացնող դիրքորոշման վերաբերյալ ասել է. «Պետք է, մի փոքր զգուշավոր քննարկել Իրանի դեմ ԱՄՆ-ի դիրքորոշման մեղմացման հնարավորությունը: Սպիտակ տունը նույնպես միանշանակ դիրքորոշումը չունի Թեհրանի հետ հարաբերության տեսակի փոփոխության վերաբերյալ: Այնուամենայնիվ, թվում է, որ եթե երկու կողմերի միջև ստեղծվի ռացիոնալ բանակցության մթնոլորտի մի ամբողջական շրջանակ, ամերիկացիները պատրաստ կլինեն բանակցություններ վարել Իրանի հետ:
Սակայն, նման տրամադրություն է տիրում նաև Իրանի իշխանությունների վերնախավում և Իսլամական հեղափոխության առաջնորդին կապված կրոնական-ռազմական ինստիտուտներում։ Թվում է ԻԻՀ ԱԳ նախար Մءոհամեդ Ջավադ Զարիֆի բլից-այցը Բիարից, այնքան էլ չի համապատասխանեցվել Այաթոլլահ Խամենեիի գրասենյակի հետ։ Դրա մասին է վկայում վերջին 24 ժամվա ընթացքում ԻԻՀ Նախագահ Հասան Ռուհանիի և ԱԳՆ Զարիֆի 180 աստիճան շրջադարձն իրենց հայտարարություններում։
Երեքշաբթի օրը Թեհրանում, Հասան Ռոհանին նշել է, որ որևէ երկիր չի կարող կոտրել Իրանի դիմադրությունը: Նա հավելել է. «Նրանք, որ տնտեսական ահաբեկչության միջոցով պատժամիջոցների են ենթարկել Իրանի ժողովրդին, պետք է հետ կանգնեն իրենց ընտրած վտանգավոր ուղուց և հարգանքով ընդունեն իրանցիների իրավունքները»:
Ռուհանին հավելել է. «Առանց պատժամիջոցները չեղարկելու և թշնամական գործողությունները դադարեցնելու, ԱՄՆ-Իրան հարաբերություններում որևէ փոփոխություն տեղի չի ունենա»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ում մնացած անդամների հետ Իրանի բանակցությունների շարունակմանը, Հասան Ռուհանին ասել է. «Եթե ՀԳՀԾ-ի անդամները կատարեն միջուկային համաձայնգրով ստանձնած իրենց պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները»: ԻԻՀ նախագահի վերջին հայտարարությունները առանց որեւէ աղավաղումի հուշում են Այաթոլլահ Խամենեիի պահանջները ԱՄՆ-ից։ Սա ցույց է տալիս, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի գերագույն առաջնորդի և նրա մերձավորների կողմից ճնշում է գործադրվել Իրանի նախագահի վրա վերադառնալ երկրի գերագույն առաջնորդի կողմից ընդունված պաշտոնական դիրքերին և ասել այն ինչ ավելի մոտ է առաջնորդի և պահապանների կորպուսի քաղաքական մոտեցումներին։
Մյուս կողմից, երեքշաբթի օրը, Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ը որևէ դերակատարություն չունի Պարսից ծոցում և այդ երկրի ներկայությունը միայն ապակայունացնում է տարածաշրջանը»:
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, Զարիֆը նշել է. «Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել 5+1 խումբ և չի կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»:
Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում, Իսլամական հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ժողովրդին ասում է, բացառվում է պատերազմի հնարավորությունը: Մյուս կողմում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է կանգնել իր նախընտրական կարգախոսի վրա` խուսափելով այլ պատերազմում ԱՄՆ-ին ներգրավվածությունը: Սա այն եզակի դեպքերից է, երբ Թրամփը և Այաթոլլահ Խամենեին նույն դիրքերում են կանգնած:
Ներկայումս, ստեղծված դիվանագիտական փակուղուց դուրս գալու համար, Իրանի ռազմավարական անցումային ուղին, թերեւս միայն ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքն է: Անկասկած, Իրանի հաղթող քարտը ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում, դեմոկրատական թեկնածուի ընտրվելն է, որպես ԱՄՆ-ի նոր նախագահ։ Այնպես, որ պատերազմի փոխարեն Իրանը սկսեց վերակենդանացնել ՀԳՀԾ-ն և տարածաշրջանային բրոկերային գործունեությունը իր սնանկության եզրին կանգնած տնտեսությունը պահելու համար, միևնույն ժամանակ նավթային և բանկային գործարքների համար փոքր ուղիներ բացելով՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները:
Սակայն ԱՄՆ-ի համար իրավիճակը մի փոքր տարբեր է։ Անկասկած Միացյալ նահանգները և Իսրայելը չեն ցանկանում տեսնել նման սցենարի ավարտը: ԱՄՆ-ն իր նախագծած պատերազմ և բանակցություններ երկակի սցենարը առաջ է տանում Իրանի դեմ:
Իրանի իշխանությունները շատ լավ են հասկանում, որ հաշվի առնելով օրըստօրե խստացող պատժամիջոցների պայմաններում, չեն կարող երկար ժամանակ շարունակել Այաթոլլահ Խամենիի կողմից ընդգծվող «առավելագույն դիմադրություն» քաղաքականությունը։ Նրանք այժմ փորձում են շարունակելով սև շուկայում նավթի վաճառքը և ապավինելով պատժամիջոցների իրենց երկարամյա փորձին՝ ժամանակ շահել, որպեսզի ճգնաժամն ավարտվի ցանկացած պահին՝ ԱՄՆ-ի հետ բանակցության մեջ մտնելով: Միայն, այդ մարտավարության գործադրման եղանակի և ժամանակի դասավորման հարցում որոշակի տարաձայնության կա Այաթոլլահ Խամենիի ու նրա կողմնակից պահապանների կորպուսի հրամանատարների և Իրանի նախագահի և նրան ենթակա ինստիտուտների միջև։
Իրանի գերագույն առաջնորդը և նրա խորհրդատու ստրատեգները հակված են սպասողական քաղաքականության որդեգրմանը մինչև ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրությունները և այդ հարցի վրա մեծ ռիսկ են անում։ Ավելի վաղ, Այաթոլլահ Խամենին իր ելույթում ասել էր, որ ԱՄՆ-ի այս նախագահի հետ պատրաստ չենք բանակցություն վարել և Վաշինգտոնի հետ բանակցություն կնշանակի ընդունել թույնի գավաթը։ Իսկ իսլամական համակարգի մեկնարկած ռիսկային և բախտախաղի մետաղադրամի մյուս կողմը հաղթանակի փոխարեն կարող է հանգեցնել «կրկնակի թույն»-ի ըմպելուն:
Փորձը ցույց է տալիս, որ Իսլամական հանրապետությունը առավելագույն ճնշման պայմաններում միշտ պատրաստ է եղել ավելի ծանր գին վճարելով բանակցել հակառակորդի հետ: Սակայն, ներկայիս դրությամբ Իրանի հոգևոր-ռազմական ծայրահեղական իշխանությունները, չափավոր կառավարության ստիպում են Արեւմուտքի հետ խաղի մեջ մտնելով, INSTEX-ի միջոցով՝ որոշ չափով փրկել երկրի մահացու վիճակում հայտնված տնտեսությունը, մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտը։ Նրանք հուսով են, որ միգուցե կարողանան Օբամայի նախագահության սցենարը կրկնել դեմոկրատականների հետ բանակցությունների ընթացքում և առավելագույն արտոնությունները կորզել ԱՄՆ-ից։
Վահե ԱՐԱՄՅԱՆ