Քիչ առաջ Գյումրու Գորկու փողոցում տեղադրված աղբարկղերից մեկում նռնակ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտակարգ իրավիճակների նախարարությունը. «Օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»:
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն ասաց, որ նռնակը հայտնաբերել է աղբատարի վարորդը։
«Պարկը վերցրել է, որ աղբատարի մեջ գցի, նռնակը պոկվել, ընկել է հատակին։ Վարորդը, տեսել ու զանգել էր ինձ, ասացի՝ մոտ մի գնացեք։ Ահազանգեցինք համապատասխան կառույցներին, նրանք հետազոտություն կկատարեն, կպարզեն՝ ուսումնակա՞ն է, թե՞ իսկական։ Հիշո՞ւմ եք մեկ ամիս առաջ աղբատարի վարորդը մատները կորցրեց՝ պայթուցիկին ձեռք տալով, դա մեզ համար դառը դաս եղավ։ Դրա համար էլ վախեցանք, հեռու մնացինք, մինչև եկան, ուսումնասիրեցին»։
Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, փրկարարները, տարածքը փակել են արգելաթելերով։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ որևէ միտո՞ւմ տեսնում եք՝ դիտավորյալ մեկին վնասելու․ դեռ մեկ ամիս առաջ աղբատարի վարորդն աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ Կոշտոյան փողոցում կորցրեց ձեռքի երկու մատները՝ չգիտակցելով, որ աղբի մեջ պայթուցիկ է գցած․ միամտաբար ձեռք էր տվել, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց․ «Չգիտեմ, ճիշտն ասած, ինչով է պայմանավորված, բայց փաստ այն է, որ սա առաջին դեպքը չէ։ Իրոք լուրջ մտահոգության թեմա է, ասենք թե վարորդը չնկատեր ու Աստված չանի, հանկարծ նրա կյանքին վտանգ սպառնար, կպատկերացնե՞ք՝ ինչ վիճակում կհայտնվեինք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ