Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձյունիկ սառնարան»-ի խոշոր հրդեհը 12 գործարարի միլիոնների վնաս է հասցրել

Օգոստոս 28,2019 15:28

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժել են 12 գործարար, որոնց ընկերություններն, ընդհանուր առմամբ, 30 միլիոն դոլարի ապրանք են կորցրել:

Այսօր նրանք «Նոյյան տապան» մամուլի սրահում դիմեցին վարչապետ Փաշինյանին՝ այդ ապրանքների մաքսատուրքն ու ԱԱՀ-ն վերադարձնելու խնդրանքով. «Քանի որ ապրանքները չեն վաճառել, գոնե հետ վերադարձնեն մեր ներկրած այդ ապրանքների ավելացված արժեքի հարկը եւ մաքսատուրքը։ Պետությունը գոնե պետք է աջակից լինի գործարարներին, հաշվարկեն եւ չեղարկեն մաքսատուրքերն ու ԱԱՀ-ն»: Նրանք ասացին, որ խոսքը մոտ 700-800 հազար դոլարի մասին է:

Արթուր Անդրեասյան

«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Անդրեասյանի խոսքով, իրենք ներկրում են թռչնամիս, բրազիլական տավարի ու խոզի սառեցված մսամթերք. «Մեկ թռչնի վրա մաքսատուրքը 26,6 տոկոս է, իսկ ԱԱՀ-ն՝ 20  տոկոս էր, սակայն ԵԱՏՄ-ից հետո դարձել է 32 տոկոս: Գնալով բարձրանալու է՝ 46 տոկոս, հետո՝ 60 տոկոս»,-ասաց գործարարը՝ նշելով, որ հրդեհի պահին միայն իրենց ապրանքներից մոտ 900 տոննա մսամթերք է եղել «Ձյունիկի» սառնարաններում, որից մոտ 303 տոննան են հասցրել փրկել:

Հրդեհից տուժած գործարարը վստահ է, որ սառնարանը միտումնավոր այրել են։

Հարցին՝ այդքան մեծ ծավալներով ապրանքն ապահովագրված չի՞ եղել, Արթուր Անդրեասյանը պատասխանեց, որ չէին կարող ապրանքները ապահովագրել,  քանի որ ամեն օր ապրանք են ավելացնում և տեղափոխում: Գործարարի համոզմամբ, ապրանքների անվտանգության երաշխավորն ու պատասխանատուն սառնարանային ընկերությունն է, քանի որ յուրաքանչյուր ամիս 9 միլիոն պահպանության գումար են վճարում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին. «Այսօր կարող ենք 5 միլիոնի ապրանք պահեստավորել, քանի որ պատասխանատվությունը «Ձյունիկ սառնարանի» վրա է,  իրենք պետք է ապահովագրեին, որ այսօր այս փաստի առաջ չկանգնեինք։ Իրենք պետք է պատասխան տան եւ մեր ապրանքը ոնց ընդունել են, այդպես էլ հանձնեն։ Պայմանագրում ամեն ինչ կա, բայց խնդիրն այն է, որ «Ձյունիկ սառնարանի» շենքը գրավ է դրված բանկում 3,5 միլիոն դոլարով, եւ արդեն ընկերությունը սնանկության է գնում»:

Ավետիս Սուքիասյան

Ասուլիսին ներկա մեկ այլ գործարար, «Դոնման» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Սուքիասյանի խոսքով, սառնարանում իրենք ունեցել են 100-ից ավելի տոննա մսամթերք, որն ամբողջությամբ այրվել է. «Անորոշ վիճակ է, փորձում ենք  մատակարար ընկերություններին բացատրել իրավիճակը, որ որոշ ժամանակով ուղարկեն մսամթերք, որ կարողանանք ոտքի կանգնել: Բանակցությունների մեջ ենք, ժամանակը ցույց կտա, թե ինչ օգուտ կտա, բայց  գործարարներն այդ ժամանակն էլ  չունեն»:

Գործարարների խոսքով, սակայն եղել են մարդիկ, որոնք 25, 50 տոննա են ունեցել, իրենց օգնել են, ապրանքները հանել են:

Արթուր Անդրեասյանը հայտնեց, որ իրենց ընկերությունը ներկրված մսամթերքի շուկայի 25-30%-ն է զբաղեցնում, եւ կարծիք հայտնեց, որ հրդեհի պատճառով շուկայում սառեցված մսամթերքի դեֆիցիտ է առաջանալու, ինչից օգտվելով էլ, մյուս տնտեսվարողները գները բարձրացնելու են:

Նա վարչապետին նաեւ հորդորում է հանձնարարել՝ հրդեհի պատճառները բացահայտել. «Բացահայտի  այն չարաբաստիկին, որ հրկիզեց սառնարանը, մենք բոլորս ուզում ենք իմանալ ճիշտը, թե ինչի  համար հրկիզեցին, գուցե մենք խանգարում ենք շուկայում այլ ներկրողների»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031