«Այս տարի անցյալ տարվա համեմատ սպասելիքները պետք է ավելի մեծ լինեն, որովհետեւ հետհեղափոխական շրջան էր, անցյալ տարվա ընթացքում էր ձեւավորվել կառավարությունը, բացի այդ սպասվում էին նաեւ քաղաքական ընտրություններ: Կար բավականաչափ ժամանակ ռազմավարություն մշակելու եւ ինչ-որ քայլեր անելու, սակայն այս պահի դրությամբ, ցավոք չունենք ռազմավարական փաստաթղթեր: Ընդամենը որոշակի ելույթների ժամանակ հնչում են ինչ-ինչ տեսակետներ: Օրինակ` այսօր տեսա, որ կրթության նախարարը 1996թ. Ժակ Դելորի կրթության 4 հենասյուները ներկայացրել էր որպես Հայաստանի կրթության տեսլական… Ցավոք սրտի, համակարգի մարդկանց համար դեռեւս հստակ չէ, թե մենք ի վերջո ինչ կրթական համակարգ ենք ունենալու, որոնք են մեր առաջնահերթությունները»,- «Զարկերակ» ակումբում մտահոգություն հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նա հիշեցրեց անցյալի այն սխալները, որոնք չպետք է կրկնել. «Մենք պետք է ամեն ձեւով խուսափենք դրսերում մշակված որոշակի փաստաթղթեր Հայաստան ներմուծելուց: Սա կրթության ոլորտում չի աշխատում, սա ասում են նաեւ հենց այդ փաստաթուղթ գրողները: Նրանք ասում են, որ երբ ինչ-որ փաստաթուղթ ենք գրում, մի վերցրեք եւ ուղղակի ներդրեք ձեր երկրում, փորձեք տեղայնացնել, հարմարեցնել ձեր կարիքներին: Այս տեսանկյունից մենք կաղում ենք: Ես մտավախություն ունեմ, որ կարող է ունենանք էլի ինչ-որ ծրագրեր, որոնք վերցված են այստեղից-այնտեղից եւ ոչ թե «տնական» ծրագրեր են»:
Սերոբ Խաչատրյանը խոսեց նաեւ փոփոխություններից, որոնք նրա ձեւակերպմամբ, առանցքային չեն, ինչպես օրինակ դասագրքերի` երկու հատորով տպագրվելը: «Ինձ համար շատ կարեւոր է կրթության հստակ օրակարգ ունենալը…Այս ուսումնական տարին էլի դիմավորում ենք առանց Կրթության զարգացման պետական ծրագրի, մինչդեռ այդ ծրագիրը պետք է սկսվեր 2016-ից եւ ավարտվեր 2020-ին…»,-ընդգծեց կրթության փորձագետը: Նրա համոզմամբ, անհրաժեշտ են ոլորտի վերաբերյալ բաց եւ մասնակցային քննարկումներ:
Բուհերի ռեկտորների վերաբերյալ փոփոխություններին եւս անդրադարձ եղավ: Սերոբ Խաչատրյանը համոզված է, որ այդ փոփոխությունները պետք է խելամիտ ձեւով իրականացնել: «Մոտեցումը, որ պետք է ազատվենք հներից, չի աշխատում…Նոր ռեկտորը պետք է ասի, որ ունի հետեւյալ խաղի կանոնները, որոնք մշակում են համատեղ, կոնսենսուսով, դրանք ողջամիտ կանոններ են, ուղղված բարեփոխումների: Որոշակի ժամանակ անց նոր պետք է որոշվի, թե ովքեր են կարողանում այդ կանոններով «խաղալ», ովքեր` ոչ: Բայց միանգամից ասել, որ այս մարդիկ վատն են, պետք է իրենցից պրծնենք, արդար չէ..Չպետք է անիմաստ տեղը մարդկանց կրթության ոլորտից հեռացնել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ