Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԱԳՆ-ում անվանել է «իրականությունից կտրված», որը չի համապատասխանում բանակցությունների ոգուն:
«Գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացություն, կա Ադրբեջանի այդ շրջանի հայկական և ադրբեջանական համայնք»,- ասել է նա:
Աբդուլլաևան նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլեր առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և բազմաթիվ անգամ բարձրաձայնվել են նրանց կողմից, այդ թվում 2019թ. մարտի 9-ին նրանց հայտարարության մեջ:
Նա նաև ասել է, որ Հայաստանի արտգործնախարարի փորձերը «ինչ-որ կերպ արդարացնել այդ երկրի ագրեսիվ մտադրությունները՝ հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման վրա», ոչ մի կերպ չի համապատասխանում միջազգային իրավունքին, և «անգամ սթափ բանականությանը»:
Կարդացեք նաև
«Հայաստանի արտգործնախարարի՝ ներքին լսարանի կարիքներին ուղղված վերջին հայտարարությունը հղի է հակամարտության սրման շատ վտանգավոր միտումներով»,- ասել է Աբդուլլաևան:
Հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 27-ին ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավարների հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել Արցախի անվտանգությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ