Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. «Ես կարծում եմ, որ իշխանությունները 100 տոկոսով անկեղծ չեն, թե ինչու պետք է Ամուլսարը շահագործվի». «Ժողովուրդ»

Օգոստոս 28,2019 12:02

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի շահագործման հարցում հայրենի կառավարությունը անկեղծ չէ, ինչի համար էլ մինչեւ այժմ անհասկանալի է, թե ինչու են ամեն ինչ անում, որպեսզի այն շահագործվի։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ բոլոր դեպքերում պետք է իշխանությունը միջազգային հանրությանը ներկայացնի իրականությունը, թե ինչու են տեղի բնակիչներն ամեն գնով դեմ արտահայտվում հանքի շահագործմանը, ինչի հետ բոլոր բարձրացված հարցերին կտրվեն պատասխաններ:

-Եթե հանրությունը դժգոհ է ու մեծ աղմուկ է բարձրացել հանքի շահագործման հարցի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են իշխանություններն ամեն կերպ փորձում այն կյանքի կոչել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից արդեն ակնհայտ Է, որ իշխանությունները կողմ են հանքի շահագործմանը. ի՞նչ շահ է հետապնդում այս ամենը։

-Ես կարծում եմ, որ իշխանությունները 100 տոկոսով անկեղծ չեն, թե ինչու պետք է Ամուլսարը շահագործվի։ Համենայնդեպս, շատ ենթադրություններ չեմ կարող անել, ես կարող եմ միայն հղում անել իրենց խոսքերին, որ մտահոգություն ունեն երկու առումով։ Ասվում է, որ հանքը չշահագործելու դեպքում մենք կունենաք տնտեսական կորուստներ, իսկ երկրորդն էլ՝ այն կազդի Հայաստանի միջազգային ներդրումային վարկանիշի վրա։

Ես երկու դեպքում էլ համաձայն չեմ իշխանությունների հետ։ Նախ, առաջինը, իշխանությունը հայտարարել է, որ իրենք պետք է վերանայեն հանքարդյունաբերությունը որպես տնտեսության լոկոմոտիվ աշխատեցնելու ավանդույթը եւ պետք է գան ՀՀ-ի էկո ժամանակները «ու ե՞րբ պետք է գա, եթե ոչ այսօր։ Հանքարդյունաբերությունը գրավիչ ոլորտ է, ու մենք ամեն օր կարող ենք ասել՝ լավ այսօր չէ, վաղը, ու անընդհատ տանք ընդերքի օգտագործման իրավունքներ։

Այս առումով կառավարության խուճապն ինձ համար անհասկանալի է։ Եվ համադրում եմ այս խուճապը մի քանի ամիս առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրած տնտեսական հեղափոխության խոսքերի ու կոչերի հետ ու ուզում եմ հասկանալ, թե արդյոք պետք էր տնտեսական հեղափոխությունը սկսել Ամուլսարից: Եթե մենք ունենք հստակ պլան, ապա  չպետք է վախենանք այս հանքի չշահագործման հետեւանքներից։

-Իշխանությանը մտահոգում է միջազգային հարթակներում ՀՀ-ի ցուցանիշի անկումը, ինչպես նաեւ այն հարցը, որ այլեւս Հայաստանում ներդրումներ չեն անելու նման իրավիճակից հետո։ Սա մտահոգիչ չէ՞։

–Կառավարությունը պետք է կայացնի երկու որոշում, երկու որոշումն էլ ես համարում եմ քաղաքական։ Առաջինը՝ եթե շահագործվի Ամուլսարը, ապա պարզ կդառնա, որ կառավարության համար հանքարդյունաբերությունը կդառնա տնտեսության զարգացման առաջատար ճյուղ, իսկ երկրորդ եթե կառավարությունը որոշում է, որ այն չի շահագործվելու, դա չի նշանակում, որ կառավարությունը խաբում է ներդրողին։ Եթե մենք աշխարհին բացատրենք, թե ինչու չեն թույլատրել շահագործել Ամուլսարը, որովհետեւ այն մեզ համար ունի բնապահպանական նշանակություն, մենք պաշտպանում ենք ՀՀ-ի էկո միջավայրը, ու սա ավելի է ներդրողներին խթանելու գան ՀՀ ու այլ ոլորտներում կատարել ներդրում։ Կառավարությունը թող այդ ամենը բացատրի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031